«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր վիրավորվեց մեղադրող դատախազի պնդումներից, թե Իսագուլյանը օրինական վարքագիծ է դրսեւորել, չի փախել, չի ազդել վկաների վրա, որովհետեւ վերջինիս նկատմամբ ճիշտ խափանման միջոցների համակցություն է կիրառված: Ըստ դատախազի՝ հարկադրանքի միջոցներն են ստիպում Իսագուլյանին դրսեւորել օրինական վարքագիծ:
-Ինձ համար վիրավորական են այս արտահայտությունները, որ անում են մարդիկ, որոնք իրենց տարիքով միայն իմ՝ հատուկ ծառայություններում աշխատած տարիների կենսագրությունը չունեն: Հավատացեք, եթե ես ինչ-որ բան որոշեմ, ոչ մի խափանման միջոց, նույնիսկ բանտը, ինձ չեն կարող զսպել: Հասկանում եմ՝ երիտասարդ եք, աճելու տեղ ունեք, բայց ինձ վիրավորում են: Ասել, թե Իսագուլյանն իրեն օրինական է պահում այդ միջոցների շնորհիվ, վիրավորական է,- մեղադրող դատախազին այսպես արձագանքեց Իսագուլյանը:
Ի դեպ, մեղադրողը առարկում էր ՀՀ-ից բացակայելու արգելքը վերացնելու մասին պաշտպանական կողմի միջնորդությանը՝ ասելով, որ պետք է ընդունենք, որ մեղադրյալը ստիպված պետք է լինի որոշակի իրավունքների սահմանափակման գնալ: Ըստ նրա՝ ընտանիքի հետ հանդիպման նպատակով խափանման միջոցի վերացումն այնքան էլ ողջամիտ չէ այն պարագայում, երբ հանգիստ հնարավոր էր կազմակերպել հակառակը, ոչ թե մեղադրյալը մեկնի ՌԴ, այլ ընտանիքի անդամները գան ՀՀ:
Իսագուլյանը իր վիրավորանքը արտահայտեց նաեւ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Իսագուլյանը մեղադրվում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սուտ մատնության մեջ, հանիրավի նրանց առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրելու համար:
Ըստ առաջադրված մեղադրանքի` Գառնիկ Իսագուլյանը 2020 թվականի նոյեմբերի 23-ին` «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն իր նշանակած անձնագրային բաժանմունքների պետերի միջոցով 1400 հայկական անձնագրեր է բաժանել հայերենին տիրապետող ադրբեջանցիների, որից հետո վերջիններս մտել են Քաջարան և գնացել Արցախ:
Այնուհետև Գ. Իսագուլյանը, 2020 թվականի դեկտեմբերի 13-ին «168.am» լրատվական կայքում, իսկ դեկտեմբերի 14-ին՝ «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսների ժամանակ դարձյալ գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տեղեկատվությունը կեղծ է, հայտնել է, թե իբր Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը կազմակերպել է նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի նկատմամբ սպանության նախապատրաստություն՝ այդպիսով Սամվել Բաբայանին ուղղակի դիտավորությամբ հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործության մեջ: Այս քրեական վարույթի շրջանակներում ներառված են նաեւ Փաշինյանի ու նրա թիմակիցների հասցեին Իսագուլյանի հնչեցրած հայտարարությունները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ