ՀՀ հակակոռուպցիան դատարանում, Մերի Մոսինյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի ունեցվածքի գործով դատական նիստը։
Հանրային մեղադրողը ներկայացրեց փորձաքննությունների արդյունքները։
Կարդացեք նաև
Գյումրու Աբովյան 262/1 շենքի՝ Դրամփյանների շենքի օտարման հետ կապված դրվագով Վարդան Ղուկասյանը հայտարարություն արեց՝ ասելով, որ Գյումրիում կա 1780 հուշարձան՝ բաց երկնքի տակ եւ 1999-ից, երբ ստանձնել է քաղաքապետի պաշտոնը՝ նպատակ է ունեցել պահպանել բոլոր հուշարձանները․ «Այսօր ինչ որ պահպանված է՝ իմ օրոք է պահպանվել։ Պետության կողմից՝ եւ նախկինում, եւ ներկայում, ոչ մի լումա չի դրվել հուշարձանների պահպանության համար»։
Ինչ վերաբերվում է օտարելու իրավունք ունենալ-չունենալուն էլ, նա հայտարարեց, որ կա կառավարության կողմից հաստատված ցանկ, թե ո՞ր հուշարձաններն օտարելու իրավունք չունեն եւ այդ ցանկում վիճելի հուշարձանը չկա։ Իր եւ իրեն նախորդած քաղաքապետերի կատարած օտարումների մասով էլ ասաց՝ կառավարության տարբեր օղակներից եկել՝ ստուգել են, խախտումներ չեն հայտնաբերել։
«Ինչ մնում է շենքի տեսքին, երբ ասվում է՝ չորորդ աստիճանի վթարայնության, դա միանշանակ քանդման ենթակա է։ Շենքը պահպանվել է՝ մեծ քրտնաջան աշխատանքների շնորհիվ եւ այսօր, որ տեսնում ես՝ դարձել է քաղաքի զարդը՝ Ղուկասյանների մեծ ջանքերով։ Մինչեւ այսօր դեռ չենք վերջացրել, բայց հսկայական աշխատանք ենք տանում այդ շենքի վերաբերյալ»,- ասաց նա։
Պաշտպան Արամայիս Հայրապետյանն էլ հավելեց՝ Գյումրիում կան տասնյակ նման պատմամշակութային շենքեր, որոնց կյանքը փրկվել է, քանի որ մասնավորեցվել են, իսկ որոնք դեռ չեն մասնավորեցվել՝ ամիսների կյանք ունեն։ Տվյալ դեպքում էլ, ըստ նրա, եթե շենքը չօտարվեր, այն վաղուց փլված կլիներ։
Ի դեպ, այս դրվագով Վարդան Ղուկասյանը մեղադրվում է, որ լինելով աճուրդային հանձնաժողովի նախագահ, թաքցրել է այն հանգամանքը, որ այդ շենքը պատմամշակութային հուշարձան է։ Մինչդեռ, նախ՝ շենքն օտարելու մասին ավագանու որոշման մեջ գրված է, որ այն պատմամշակութային հուշարձան է, օտարվում է վերականգնման պայմանով, իսկ շինության վերականգնման պայմանները մանրամասնվում են առուծախի պայմանագրով։ Առուծախի պայմանագրում էլ ամրագրված է մշակույթի նախարարության փորձաքննության անբեկանելիությունը։ Առկա փաստաթղթերն, ըստ պաշտպանի, փաստում են, որ շենքն օտարվել է՝ պատմամշակութային հուշարձանը փրկելու նպատակով, իսկ այդ նպատակը հանրայնորեն վտանգավոր չէ, ինչպես մեղադրանքում է նշվում, հակառակը՝ հանրությանն օգուտ տվող է։
Հանրային մեղադրողի հակափաստարկով՝ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածի համաձայն, հուշարձանները օտարման ենթակա չեն։
Մեղադրանքում նշված հողատարածքների օտարման մասով փորձաքննության արդյունքների հետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը նույնպես համաձայն չէ։ Իր գնահատմամբ, փորձաքննությունները ոչ միայն հակասում են օրենքին, այլեւ տվյալ դեպքում փորձագետը իրավաբանական վերլուծություն է կատարել՝ նշելով, թե ո՞ր դեպքում է քաղաքապետարանի տրամադրած փաստաթուղթը կեղծիք համարվում, ո՞վ է այդ իբրեւ կեղծիքի համար պատասխանատու․ «Իմ կարծիքով, որեւէ փորձագետ իրեն չպետք է իրավունք վերապահի՝ որոշելու, թե քրեաիրավական կամ իրավական առումով որեւէ գործողության համար ո՞վ է պատասխանատու, եթե կեղծ փաստաթուղթ է ներկայացվել կամ եթե կասկածներ կան, որ կեղծ փաստաթուղթ է ներկայացվել»։
Նա նաեւ նկատեց՝ պետռեգիստրի հետ կապված էլ իրենք որեւէ հարց չեն բարձրացնում, քանի որ այդ կառույցը բոլորովին այլ գործառույթ է իրականացնում․ «Պետռեգիստրը սեփականության իրավունքի գրանցում չի իրականացնում, խոսքը վերաբերվում է կադաստրի կոմիտեին, որի կողմից իրավունքի գրանցման համար հնարավորություն է ունեցել կատարելու համեմատություններ՝ կադաստրային քարտեզում առկա տվյալների հիման վրա։ Եվ հիմքը հանդիսանում է ոչ թե Գյումրու գլխավոր հատակագծի որեւէ էսքիզ, այլ կադաստրային կոմիտեում առկա կադաստրային քարտեզը։ Այս առումով՝ մի դեպքում փորձագետներն ասում են, որ կադաստրային կոմիտեն կարող էր բերված փաստաթղթերի հիման վրա գրանցում իրականացնել, որը իբրեւ տրվել է քաղաքապետարանից, այդ թվում նաեւ Հողային օրենսգրքի 60 հոդվածի մասին նշումը, մեկ այլ դեպքում՝ նույն փորձագետներն ասում են, որ «Անբերդ» ՍՊԸ-ի տրամադրած փաստաթղթերում չափերը չեն համապատասխանում կադաստրային կոմիտեի՝ կադաստրային քարտեզների առկա չափերին։ Այսինքն, փորձագետներն ընդունում են, որ վերջնարդյունքում գրանցումը կատարում է կադաստրային կոմիտեն՝ հիմք ընդունելով կադաստրային քարտեզում բերված քարտեզների համեմատությունը եւ որեւէ փաստաթուղթ, որը որեւէ կերպ կհակասի կադաստրի կոմիտեում առկա կադաստրային քարտեզին, չի կարող հիմք հանդիսանալ։ Իսկ թե որ հոդվածը ինչ չափերով եւ ինչ կատեգորիա է՝ հստակ նշված է կադաստրային կոմիտեում․ երբ կառավարությունը հաստատել է, լրացուցիչ կերպով նախատեսել է մինչեւ 2026 թվականի սեպտեմբեր էլ վերջնաժամկետ է տվել, որպեսզի կադաստրային կոմիտեն այդ հատակագծի հիման վրա կադաստրային քարտեզ մշակի։ Իրավահարաբերությունների գրանցման կամ մերժման հիմքը կադաստրային քարտեզն է»։
Տվյալ հողատարածքների օտարման համար վճարված կադաստրային գինը փորձագետները նպատակահարմար չեն համարել։ Պաշտպանը հարցնում է՝ իսկ ո՞րն է նպատակահարմար գինը, որ համեմատենք եւ հասկանանք՝ արդյոք օտարման եւ վարձակալության գներն աննպատակահարմար են։ Արամայիս Հայրապետյանը հիշեցնում է՝ 2008 թվականին ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն է կատարվել եւ հստակ նշվել է, որ մինչեւ տվյալ օրենքի ուժի մեջ մտնելը, վարձակալական պայմանագրերով վարձակալության անցած բոլոր հողամասերը սեփականության իրավունքով անցնում են վարձակալին, եթե վարձակալը վճարում է կադաստրային արժեքը։ Եվ նկատում, որ մինչ օրս կան մարդիկ, ովքեր վճարում են 2007-2008 թվականների դրությամբ կադաստրային արժեքները եւ վարձակալած տարածքները սեփականության իրավունքով տիրապետում։ Ու այս պայմաններում կադաստրային արժեքով սեփականաշնորհումը փորձագետները եթե համարում են ոչ նպատակահարմար՝ անգամ համեմատական այլ արժեք չնշելով, փաստաբանի համար անհասկանալի է։
Ինչ վերաբերվում է վարձակալությունը, նա նկատում է՝ մեկ դեպք կա, որ 52 հազար 400 դրամով տարեկան դրույքաչափից պակաս է վարձակալության գումարը։ Մյուս բոլոր դեպքերում, վարձակալության չափը չի զիջել հողի հարկի տարեկան դրույքաչափին, բայց անգամ այդ դեպքերում փորձագետները նշում են, որ վարձակալության արժեքը ոչ նպատակահարմար են դիտում։
Փորձագետների եզրակացությունները պաշտպանի մոտ տպավորություն են թողնում, որ անկախ փաստերից, անհրաժեշտ է գրել, որ ինչ-որ բան սխալ է։
Մեղադրող դատախազը հակադարձեց՝ փորձագետներն արժեք չեն նշել, քանի որ օտարված հողատարածքը անգին է, օտարման ենթակա չէ, ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով նախատեսված հողամասերն արժեք չունեն, որովհետեւ օտարման ենթակա չեն որեւէ դրամով՝ անկախ զրոների չափից։
«Անգին» որակումը Արամայիս Հայրապետյանն ասաց՝ հանրային մեղադրողի ընկալումն է՝ փորձագետների՝ «արժեք չունեն» արտահայտությանը։ Իր ընկալմամբ՝ եթե «արժեք չունեն», զրո կոպեկ արժեն։
Կադաստրի կոմիտեի մասին դիտարկումներին էլ հակադարձեց՝ կոմիտեի աշխատակիցը լիազորություն չունի համայնքապետարանից տրամադրված փաստաթղթի կեղծ կամ իրական լինելը ստուգելու։ Բացի այդ, գործի նյութերում առկա են կադաստրի կոմիտեի աշխատակիցների հարցաքննության արդյունքները, ըստ որոնց, այդ պահի դրությամբ իրենց ձեռքի տակ չեն եղել կադաստրային քարտեզները եւ օտարումները կատարվել են փոխքաղաքապետի կողմից տրված տեղեկանքի հիման վրա։
Հիշեցնենք, Ըստ մեղադրանքի, 1999-2012 թվականներին Վարդան Ղուկասյանը, տեղյակ լինելով օրենսդրական արգելքի մասին, համայնքի ղեկավարի տեղակալի, քաղաքաշինության բաժնի պետերի օժանդակությամբ ապօրինի օտարել է 24 անուն անշարժ գույք: Անշարժ գույքերի՝ օտարման օրվա դրությամբ կադաստրային արժեքը կազմել է 35 մլն 690 հազար 403 դրամ: Արդյունքում՝ Վարդան Ղուկասյանը պետության և համայնքի շահերին պատճառել է էական վնաս, անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ 16 մլն 60 հազար 815 դրամ կադաստրային արժեքով 4 անուն անշարժ գույքերը: Գույքերի մի մասը Վարդան Ղուկասյանն օտարել է «Անբերդ» ՍՊԸ-ին, որի հավասարաչափ բաժնետերեր են հանդիսացել ինքն ու եղբայրը, իսկ մյուս մասն ուղղակի վաճառքով 2006 թվականին օտարել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, իր ընտանիքին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի տնօրեն Ա.Մ.-ին, հետո տվյալ հողամասը փոխանցել է Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ