Գյումրու պատմական կենտրոնում գտնվող հյուրանոցառեստորանային համալիրներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանը, որը պնդում է՝ այս տարի Գյումրու զբոսաշրջության ոլորտում հետընթաց է նկատվում 10-12 տոկոսով, ինչն էլ պայմանավորված է նաև Հայաստան ՌԴ-ից, մասնավորապես Մոսկվայից զբոսաշրջային հոսքերի նվազմամբ, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ փոխվել է Գյումրիում ծառայող 102-րդ ռազմաբազայի բնակչության պատկերը։
«Ես՝ որպես հյուրանոցային և ռեստորանային ձեռնարկատիրությամբ զբաղվող անձ, կարող եմ ասել, որ 30-40 տոկոսով կրճատվել է ռուս հաճախորդների քանակը։ Ռուս հաճախորդների քանակը ռեստորաններում կրճատվել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի կոնտինգենտի հետ կապված։
Մի քիչ կարող է տարօրինակ բան ասեմ․ եթե նախկինում ռուս զինծառայողների մեջ ազգությամբ ռուսները շատ էին, նկատելի է, որ այս պահին ազգությամբ ռուսներն ավելի քիչ են՝ բաշկիրներ են, թաթարներ են, հիմնականում մուսուլմանական ծագման մարդիկ են, որոնք ի տարբերություն ռուսների՝ շատ ավելի քիչ են ծախսում, շատ ավելի համեստ կենցաղ ունեն, սպասարկման օբյեկտներից շատ ավելի քիչ են օգտվում, հետևաբար և այդ ազդեցությունը զգացվում է Գյումրիի սպասարկման օբյեկտների՝ և ոչ մի միայն սրճարանների, ռեստորանների, այլև խանութների վրա։
Նախկինում շատ մեծ էր ռուսական ռազմաբազայի կոնտինգենտի նշանակությունը Գյումրիի տնտեսության վրա, այս ամենի վրա ազդել է ոչ միայն կոնտինգենտի ազգային փոփոխությունը, այլ վերջերս ռուսական ռուբլու կուրսի անմխիթար վիճակը, հիմա նոր կենդանության նշույլներ է ցույց տալիս։ Եթե տենդենցը շարունակվի, դա բերելու է որոշակի հետևանքների։
Կարդացեք նաև
Պետք է հաշվի առնենք, որ 102-րդ ռազմաբազայի մեծ քանակությամբ զինծառայողներ իրենց ընտանիքներով են ապրում, որոնց գնողունակության մակարդակը շատ ցածր է, քան ասենք 5-10 տարի առաջ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ