Հովհաննես Այվազովսկու հուշարձանի քանդումը Ստեփանակերտում Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով խրախուսվող և հրահրվող վանդալիզմի օրինակ է, Lenta.ru-ին տված մեկնաբանության մեջ ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
«Բացի այն, որ սա բարբարոսական գործողություն է, անկեղծ ասած՝ նաև հիմարություն և անխոհեմություն է: Այվազովսկին աշխարհահռչակ, հանճարեղ գեղանկարիչ է, որը գնահատվել է ոչ միայն Ռուսական կայսրությունում, այլև ամբողջ աշխարհում», – ասել է նա և հիշեցրել, որ նախկին ԼՂՀ տարածքում «հայկական մշակութային ազդեցության դեմ պայքարողները» արդեն հասցրել են պղծել բազմաթիվ հուշարձաններ:
«Ընդդեմ հայկական մշակութային ազդեցության մարտնչողները, որոնք այսօր իշխում են նախկին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, ըստ էության, չեն սահմանափակվել միայն Այվազովսկու հուշարձանի քանդմամբ։ Արդեն հասցրել են պղծել խորհրդային հայտնի զինվորական առաջնորդների՝ Չարդախլու հայկական գյուղի հուշարձանները, հայտարարել կրոնական հուշարձանների քանդման ուղի, ոչնչացրել մեծ թվով խաչքարեր», – ասել է Զատուլինը։
«Այսօր Ադրբեջանում պաշտոնական մակարդակով մշակվում է տեսություն Ղարաբաղի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների ենթադրաբար ոչ հայկական ծագման մասին: Խոսքը 6-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ դարերի վանքերի մասին է: Սա բարբարոսություն է, և փորձել ինչ-որ կերպ արդարացնել այս բարբարոսությունը Ռուսաստանի կամ, ասենք, Հայաստանի հետ լարված հարաբերություններով… Եվ երկրի ղեկավարությունը կա՛մ աչք է փակում, կա՛մ ուղղակիորեն խրախուսում է այդ բարբարոսական գործողությունները», – նշել է Զատուլինը: