Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Պողոսյանը մեզանում միակ արվեստաբանն է, որի գիտական հետազոտությունների առանցքում ուրարտական արվեստի ուսումնասիրության հարցերն են

Հուլիս 31,2025 17:45

Հայկական հնագույն արվեստի երիտասարդ ու խոստումնալից հետազոտող արվեստաբանին՝ Գայանե Պողոսյանին, որի գիտական հետազոտությունների առանցքում ուրարտական արվեստի ուսումնասիրության հարցերն են, ներկայացնում է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը

 – Տիկին Ասատրյան, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը միակ գիտական օջախն է, որտեղ ուսումնասիրվում են հայ արվեստի բոլոր ճյուղերը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Հայկական հնագույն արվեստի ուսումնասիրության ուղղությամբ վերջին շրջանում ի՞նչ ձեռքբերումներ ունի Արվեստի ինստիտուտը:

– Ուրախությամբ պիտի նշեմ, որ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում հայկական հնագույն արվեստի ուսումնասիրության հարցերով այսօր զբաղվում է երիտասարդ հետազոտող, մեր նախկին ասպիրանտ, ներկայումս՝ Կերպարվեստի բաժնի գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Գայանե Պողոսյանը:

Գայանե Պողոսյան

Գայանեն ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, այնուհետև ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան: ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման 016 մասնագիտական խորհրդի 2021թ. նոյեմբերի 25-ի նիստում Գայանեն հաջողությամբ պաշտպանեց «Ուրարտուի (Վանի թագավորության) կերպարվեստի պատկերագրական առանձնահատկությունները» թեմայով թեկնածուական ատենախոսությունը, և նրան շնորհվեց արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: Իսկ այսօր՝ պաշտպանությունից ընդամենը 3,5 տարի անց, Գայանեն ինքը 016 մասնագիտական խորհրդի անդամ է և իր օբյեկտիվ մասնակցությունն ունի արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան հայցող երիտասարդ արվեստաբանների ճակատագրում:

2023 թվականին, երբ ես արդեն ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենն էի՝ Գայանեին հրավիրեցի աշխատանքի մեր Ինստիտուտ: Գաղտնիք չէ, որ ուրարտագիտությամբ մինչ օրս զբաղվել և զբաղվում են առավելապես պատմաբաններն ու հնագետները, մինչդեռ այդ բնագավառում անհրաժեշտ են նաև արվեստաբանական լուրջ հետազոտություններ: Ու քանի որ ասպիրանտական ուսումնառության տարիներին և թեկնածուական ատենախոսության պաշտպանության գործընթացում ես տեսա Գայանեի աշխատասիրությունը, նպատակասլացությունը, գիտական աշխատանքի համար անհրաժեշտ տաղանդը՝ նպատակահարմար գտա, որպեսզի նա զբաղվի գիտական աշխատանքով: Ու թեև նա այդ ժամանակ աշխատանքի տեղավորվելու անհրաժեշտություն չուներ, քանի որ դասավանդում էր Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում, սակայն սիրով ընդունեց իմ առաջարկը և համալրեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երիտասարդական թևը:

Եվ շուտով Գայանեն զարմացրեց ու հիացրեց ինձ: Ընդամենն ամիսներ անց՝ ՀՀ ԳԱԱ պատվիրակության կազմում Գայանե Պողոսյանը մասնակցեց Մոսկվայում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կազմակերպած Մեծ Եվրասիայի երիտասարդ գիտնականների ակադեմիական ֆորումին՝ «Континент науки 2023», որը տեղի ունեցավ 2023 թվականի նոյեմբերի 1-4ը: Գայանեն հանդես եկավ «Կրոնական սյուժեների գեղարվեստական առանձնահատկությունները ուրարտական բրոնզե սաղավարտների դեկորատիվ հարդարանքում» թեմայով զեկուցումով, որն արժանացավ «Հումանիտար գիտություններ» անվանակարգում 2-րդ մրցանակի: 2023-ին Գայանեն մասնակցեց 8 միջազգային գիտաժողովների ինչպես Երևանում, այնպես էլ Աշխաբադում, Գրոզնիում, Սանկտ Պետերբուրգում, Մինսկում:

Ակնհայտ էր, որ Գայանեի դեբյուտը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում խոստումնալից էր: Այսօր Գայանե Պողոսյանը մեզանում միակ արվեստաբանն է, որի գիտական հետազոտությունների առանցքում ուրարտական արվեստի ուսումնասիրության հարցերն են:

Տեսնելով Գայանեի նվիրումն արվեստաբանությանն ու գիտական ձեռքբերումները՝ ես հաճելիորեն ուրախանում եմ, քանի որ իր հարցում ոչ միայն չեմ սխալվել, այլև ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան պատրաստել է բանիմաց ու հեռանկարային կադր, որն այսօր առաջ է մղում հայ արվեստագիտության կարևոր ոլորտներից մեկը՝ հայկական հնագույն արվեստի ուսումնասիրությունը:

2024 թվականին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ հրատարակվեց Գայանե Պողոսյանի առաջին մենագրությունը՝ «Պատկերագրական առանձնահատկությունները Վանի թագավորության կերպարվեստում» վերնագրով, որի շնորհանդեսը տեղի ունեցավ 2024 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում, Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 17-րդ նստաշրջանի շրջանակներում:

2024 թվականը ևս բեղմնավոր էր Գայանե Պողոսյանի գիտաստեղծագործական կյանքում: Վանի թագավորության կերպարվեստի տարբեր նմուշների պատկերագրական և խորհրդաբանական ուսումնասիրության արդյունքում արվեստաբանը բացահայտել է Վանի թագավորության կերպարվեստի պատկերագրական առանձնահատկությունները։ Գեղարվեստական ստեղծագործությունների քննությունն իրականացրել է ժամանակաշրջանի մշակութային, դիցաբանական և կրոնական խնդիրների համատեքստում։ Նրա հետազոտությունների արդյունքները հրատարակվեցին ՄԳՇ շտեմարաններում ընդգրկված բարձր վարկանիշ ունեցող գիտական պարբերականներում՝ Ռումինիայում հրատարակվող «Journal of Ancient history and archaeology» գիտական պարբերականի 2024 թվականի երկրորդ համարում հրատարակվեց նրա «Ընծայաբերության սյուժեների մեկնությունը ուրարտական բրոնզե թիթեղների հարդարանքում», իսկ երրորդ համարում՝ «Ծիսական սյուժեներն ուրարտական բրոնզե սաղավարտների գեղարվեստական հարդարանքում» հոդվածները: Նա զեկուցումներով հանդես է եկել մի շարք հեղինակավոր գիտաժողովներում՝ Երևանում, Սանկտ Պետերբուրգում, Նիժնի Նովգորոդում, Կազանում, և տպագրվել այդ գիտաժողովների զեկուցումների ժողովածուներում։

Իսկ բոլորովին վերջերս՝ ՄԳՇ շտեմարաններում ընդգրկված բարձր վարկանիշ ունեցող «История, археология и этнография Кавказа» գիտական պարբերականի (Ռուսաստանի Դաշնություն) (Q 1) 2025 թվականի 2-րդ համարում տպագրվեց նրա «Լուսապսակի պատկերագրությունը ուրարտական մեդալիոնների գեղարվեստական հարդարանքում» հոդվածը:

Առաջիկայում՝ հոկտեմբերին Գայանեն զեկուցումներով հանդես է գալու ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գործընկերոջ՝ Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի (Սանկտ Պետերբուրգ) նախաձեռնած երկու գիտաժողովներում՝ հոկտեմբերի 9-10-ը Սանկտ Պետերբուրգում կազմակերպվող «Տիեզերքը և արվեստը» միջազգային գիտական կոնֆերանսում կներկայացնի «Երկնային լուսատուների խորհրդաբանությունը ուրարտական արվեստում» զեկուցումը, իսկ հոկտեմբերի 2-3-ը Սուխումում գումարվող «Լեռնցի ժողովուրդների ավանդական գեղարվեստական մշակույթի պրոբլեմները: Պատմություն, առասպելաբանություն, տիպաբանական զուգահեռներ» միջազգային գիտագործնական կոնֆերանսում՝ «Կնոջ ավանդական կերպարը ուրարտական գոտիների գեղարվեստական ձևավորման մեջ»:

Ինձ մնում է մաղթել մեր երիտասարդ հետազոտողին հետագա հաջողություններ և գիտական նվաճումներ:

Անշուշտ՝ մենք հզոր ենք մեր գիտությամբ, մասնավորապես արվեստագիտությամբ: Չէ՞ որ հայ ժողովուրդն աշխարհին է ներկայանում իր ինքնատիպ ու աննման արվեստով:

Յուրաքանչյուրս մեր Հայրենիքի զինվորն է: Մեր խրամատն արվեստագիտությունն է, իսկ մեր զենքը մեր միտքն ու գրիչը:

 

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031