Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի օգնականը` Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժման մասին. «Հարցը կարելի էր լուծել քաղաքակիրթ ձևով…Փոխարենը իրականացվել է ցուցադրական, ոչ բարեկամական ակցիա ՌԴ-ի նկատմամբ»

Հուլիս 31,2025 21:07

«Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում համաշխարհային հռչակ ունեցող ռուս նկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժումը ափսոսանք և խոր վրդովմունք է առաջացնում», այս մասին ТАСС-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն։

Շվիդկոն հիշեցրել է, որ Այվազովսկու հուշարձանը տեղադրվել էր 2021 թվականին, այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայված էր Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը։ «Ռուս խաղաղապահները տարածաշրջանում գտնվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Ռուսական կողմին որևէ կերպ չեն տեղեկացրել այդ հուշարձանը՝ Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Ս.Ա. Շչերբակովի աշխատանքը, ապամոնտաժելու ծրագրերի մասին», – նկատել է նա։

Շվիդկոն ընդգծել է, որ եթե ինչ-ինչ պատճառներով Այվազովսկու հուշարձանը անընդունելի էր Ադրբեջանի համար, ապա Բաքուն կարող էր Մոսկվային նախապես իր մտադրության մասին տեղյակ պահել։ «Համոզված եմ, հարցը կարելի էր լուծել քաղաքակիրթ ձևով, օրինակ՝ հուշարձանի տեղափոխմամբ Ռուսաստանի տարածք։ Փոխարենը իրականացվել է ցուցադրական, ոչ բարեկամական ակցիա Ռուսաստանի նկատմամբ», – նշել է նա։

«Ադրբեջանի, նրա ժողովրդի, մշակույթի գործիչների հետ ինձ կապում են երկարամյա բարեկամական հարաբերություններ։ Ու ցավալին այն է, որ հենց ինձ է վիճակվել «հուշարձանների դեմ պատերազմի», «ռուսական մշակույթի չեղարկման» փաստերի առիթով ողջախոհության կոչեր անել։ Այդ կործանարար քայլերը հակասում են մեր երկրների ու ժողովուրդների միջև դաշնակցային հարաբերությունների, գործընկերության ու բարիդրացիության ոգուն», – եզրափակել է Շվիդկոն։

 

Ի դեպ, հիշեցնենք, որ հունիսի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն, 2006-2024թթ. ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ միասին պարում էր Լաչինում:

 

Լուսանկարում. Միխայիլ Շվիդկոն` Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    դեհ, երեւի արցախում տեղակայուած ձեր խաղաղապահ զինուորներն ալ ուզեցին «հարցը լուծել քաղաքակիրթ ձեւով»… բայց անյարմար բան ստացվեց, հա՞…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031