Ընթերցողի սեղանին է Նելլի Մաթեւոսյանի «Ծովի հեքիաթը» հուշապատումների գողտրիկ գիրքը
Նելլի Մաթեւոսյանի հուշապատումները ջերմ են, պայծառ տխրություն կա այն ամենի մեջ, ինչը նա փոխանցում է մեզ: Իրական պատմություններում թե սեր կա, թե ապրված երջանիկ կյանք, թե դրամատիկ զարգացումներ, թե ճակատագրի նախշակար անցումներ, որոնք առաջին իսկ տողից սկսած լարվածության մեջ են պահում ընթերցողին: Նրան հաջողել է իր ջերմ ափի մեջ պահել զրուցակցին, բացել նրան, նրա հետ կատարվածը փոխանցել ընթերցողին:
Ոչ իսպանական արտաքինով, խարտյաշ ու կապուտաչ Խուանան ձկնորսի դուստր է, Կատերինան անգլերենի մասնագետ, թարգմանիչ է աշխատել Սոֆիայում, որպես երկրորդ օտար լեզու համալսարանում ընտրել է իսպաներենը, երբեմն էլ այդ լեզվով է թարգմանություններ արել, ահա Միլենան, ով արդեն յոթանասունն էր բոլորել, բազմոցին նստած զմայլվում էր այդ տեսարանով, բայց մտքերը հեռու էին, շատ հեռու, իսկ պատճառը ձեռքի չորս տակ ծալված, համարյա դեղնած թուղթն էր, ավելի ճիշտ՝ այն, ինչ գրված էր այդ թղթին. «Ինչպե՞ս, ոնց կարող է նման բան լինել, ինչո՞ւ հայրը երբեք չի խոսել այդ մասին, մի՞թե սա իրականություն է»…
Հեղինակը, որ աշխատանքի բերումով շատուշատ վայրերում է եղել, աշխատել (Հեռուստառադիոպետկոմում՝ լրատվական ծրագրի մեկնաբան, պատասխանատու խմբագիր, ՀՀ ԱԳՆ տարբեր ստորաբաժանումների ղեկավար՝ լրատվական ծառայություն, մշակույթի, սփյուռքի, եվրասիական եւ այլն, նաեւ մի շարք երկրներում ՀՀ դեսպանություններում դիվանագիտական ծառայություն՝ գործերի հավատարմատար, խորհրդական, հյուպատոս), կարողացել է ներկայացնել նաեւ այն միջավայրը, այն տարածքը, որում իր հերոսն ապրել է, ապրում է, բացելով իր ներսի «բնանկարը»:
Նա հերոսների հետ հավասար ժամանակավոր «բնակվում է» նրանց աշխարհում, ահավասիկ, այդ աշխարհի նկարագրություններից. «Բենիդորմ քաղաքը հետաքրքիր կառուցվածք ունի, ծովեզրով փռված է 18-20 կմ երկարությամբ, բայց բաժանված է երեք մասի՝ կենտրոնական ափը հին քաղաքինն է, ուր հիմնականում ապրում են իսպանացիներ, ձախ ափը, որից մտնում ես նաեւ քաղաքի բուն կենտրոն, ավելի շատ բնակեցված է իռլանդացիներով, անգլիացիներով ու արեւմտյան Եվրոպայի այլ քաղաքացիներով, գուցե եւ ափամերձ բնակարանները նրանց ամառանոցներն են, բայց այդ շրջանում ավելի շատ անգլերենն է գործածվում: Աջ ափն ավելի նորակառույց է, երեւի մի 30 տարեկան, եւ այդ բնակարանները զբաղեցնում են հիմնականում հետխորհրդային ու նախկին սոցիալիստական երկրների քաղաքացիները՝ ռուս, ուկրաինացի, բուլղար, ռումինացի, լեհ, չեխ, եւ մի քանի բնակարաններ էլ հայերն են գնել»:
Նրա հերոսները գեղեցիկ են, յուրահատուկ, ահա գրքի երկրորդ մասում ներկայացված հայուհիներից մեկը. «Մի օր տանտիրուհին դուրս եկավ տեսնելու, թե ով ենք եւ ինչ ենք անում… Նայում էի այդ կնոջն ապշած, այս ինչ գեղեցկություն ուներ, հիշեցի Բակունցի «Ալպիական մանուշակի» հերոսուհուն, բայց իմ հերոսուհին տարիքով էր եւ բնության տված գեղեցկությանն ավելացել էր կյանքից վերցրած իմաստնությունը, տեր Աստված, այս ինչպիսի հայուհիներ ես ստեղծել»:
Պարզ, առանց զարդուզարդարանքի, անմիջական շարադրանք, ու այս ամենի տակ գրքում ներկայացվում են անհավանական, մարդկային պատմություններ:
Հուշապատումները գրվում են սովորաբար մարդու կյանքից հետո, բայց Ն. Մաթեւոսյանը խախտել է ավանդույթը, գրել մարդկանց մասին, ովքեր ապրում են, կան:
Գիրքն ընթերցում ես մեկ շնչով եւ էջից էջ անցնելով՝ հուզվում ես, շոշափելիորեն զգալով հերոսի սրտի զարկը: Իրականում այս գիրքը ուժեղ մարդկանց մասին է, ուժեղ են նրանով, որ կարողանում են անկեղծորեն բացել իրենց սիրտը, դատարկել ներսը ցավի քամիներից:
Բարի երթ գրքին, բարի ընթերցում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.07.2025