Լրահոսում աչքովս ընկան «եթե մեզ հաջողվի բացել Սյունիքի դարպասները․․․» բառերը, ու այլևս չշարունակեցի կարդալ՝ մտածելով, որ ադրբեջանական հերթական չինովնիկի հարցազրույցի վերնագիր է, պարզապես հայկական լրատվամիջոցը Զանգեզուրի փոխարեն Սյունիք է գրել (թեև Զանգեզուրը նույնպես զուտ հայկական անվանում է՝ Ձագեձորի հնչյունափոխված տարբերակն է)։ Ինչևէ։ Պարզվեց՝ «մտքի» հեղինակը ոչ թե ադրբեջանցի չինովնիկ է, այլ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Ամենատարբեր հարցերում նիկոլական իշխանությունների և Ադրբեջանի դիրքորոշումների նույնականությունը շատերն ընկալում են որպես պատերազմում մեր պարտության և փաստացի կապիտուլյացիայի անխուսափելի ու պարտադրված հետևանք, բայց իրականում «նույնականացման գործընթացը» սկսվել է դեռևս մինչև պատերազմը։ Հիմա ո՞վ է հիշում, թե 2018-ի հոկտեմբերի 25-ին, երբ հեղափոխությամբ խանդավառված ժողովրդի աչքին ոչինչ չէր երևում, ինչ էր ասում ԱՄՆ նախագահ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ ամփոփելով երևանյան այցը։ Իսկ նրա հիմնական ասելիքները սրանք էին․ Հայաստանի ժողովուրդը չպետք է կաշկանդված լինի պատմական կաղապարներով (հետագայում՝ արդեն 2021-ին, նույն Բոլթոնը դա անվանեց «Հայաստանի համառ հավատարմություն Ռուսաստանին»), Հարավային Կովկասի «երեք փոքր պետությունները» պիտի լինեն անվտանգային ընդհանուր համակարգում, ԱՄՆ-ն էլ Հայաստանին կօգնի, բայց ԱՄՆ կառավարության վրա հույս դնել չարժե, Ամերիկայում մեծ թվով հայեր կան, ու ճիշտը մասնավոր ներդրումներն են։
Դա հենց այն է, ինչ այսօր անում են Հայաստանի իշխանությունները․ Արցախը հանձնելուց հետո երկիրը ՀԱՊԿ-ից դուրս գալու նախաշեմին է, Հայաստանն ու Ադրբեջանը ձեռք-ձեռքի տված Հարավային Կովկասը դարձնում են անվտանգային միասնական (թուրքական) համակարգի մաս, «Զանգեզուրի միջանցքի» սպասարկումն էլ առաջարկում են «արտապատվիրակել» ինչ-որ մասնավոր ամերիկյան ընկերության։ Պարզ ասած՝ հանձնարարությունը, որը Նիկոլ Փաշինյանը ստացել էր դեռևս 2018-ի հոկտեմբերի 25-ին՝ Երևանում, իրականացման վերջնական փուլում է։
Մի խոսքով՝ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ոչ թե ինքնաբուխ դավաճանությունների անկանոն շղթա է, այլ նախապես լավ մտածված օպերացիա, որը վարպետորեն քողարկվում է գովազդային «սլոգաններով», օրինակ՝ «իրական Հայաստան», «հայրենիքը պետությունն է», «Ղարաբաղյան շարժումը Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության, չգոյության մասին էր», «մենք պիտի փոխենք մեր ընկալումները և գտնենք մեր հարևանների հետ հարաբերվելու ձևը», «Հայաստանը երբեք այսքան ինքնիշխան ու անվտանգ չի եղել», և այլն։
Կարդացեք նաև
Մարկ Նշանյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: