«ԱՄՆ-ն այժմ բացահայտորեն ձգտում է Ռուսաստանին շրջապատել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի միջոցով». այսպես է վերնագրել իր անդրադարձը «ԻնֆոԲՌԻՔՍ»-ի չինաստանյան հրատարակությունը: «Հարավային Կովկասը միշտ էլ չափազանց կարեւոր ռազմավարական դեր է խաղացել թե՛ հնագույն ժամանակներում, թե՛ միջնադարում, թե՛ այսօր,- նշվում է հրապարակման մեջ:- Բոլոր մեծ տերությունները (ինչպես անցյալի, այնպես էլ ներկայի) ձգտել են վերահսկողություն հաստատել այս անկայուն տարածաշրջանի նկատմամբ, քանի որ այն եզակի հնարավորություններ է ընձեռում իշխանություն տարածելու համար: Այն ծառայում է որպես կապող օղակ Արեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Մերձավոր Արևելքի միջեւ՝ իրեն կառավարողներին հնարավորություն տալով որոշել՝ արդյոք էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերը կիրականացվե՞ն, թե ոչ»: Ըստ այդմ, Խորհրդային Միության փլուզումից հետո տարբեր տարածաշրջանային եւ համաշխարհային տերություններ փորձել են ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանում: Մասնավորապես, նրանք փորձել են հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ, որն ունի նավթի զգալի պաշարներ: Միացյալ Նահանգների, նրա դաշնակիցների, վասալների եւ արբանյակ պետությունների համար Հարավային Կովկասը գործիք է եղել Ռուսաստանի հետագա անկայունացման համար:
Շոշափելով նաեւ հայ-ադրբեջանական թեման, հոդվածի հեղինակը գրում է, թե այդ հակամարտությունը սառեցված էր մնում մինչեւ 2018 թվականը, երբ «ՆԱՏՕ-ի կողմից հովանավորվող» հեղաշրջման արդյունքով իշխանության եկավ «տխրահռչակ» Նիկոլ Փաշինյանը: «Նա Միխեիլ Սաակաշվիլու հայկական նմանակն է, բայց շատ ավելի վատը: Նրա աննախադեպ դավաճանությունը ոչ միայն Արցախի…, այլեւ հենց Հայաստանի նկատմամբ՝ սպառնում է կործանել այդ դժբախտ պետությունը»,- ասում է հոդվածագիրը: Եվ ավելացնում է, թե Փաշինյանի վարած քաղաքականության հետեւանքով Հայաստանն այսօր բոլոր կողմերից շրջապատված է թշնամիներով: Իհարկե, այստեղ որոշ չափազանցություն այնուամենայնիվ կա: Նկատի ունենալով Զանգեզուրի նկատմամբ Բաքվի ու Անկարայի հայտնի շահախնդրությունները, լրատվամիջոցը հետեւյալ պնդումն է անում. «Չնայած դա զգալիորեն գերազանցում է Անկարայի հնարավորությունները, քաղաքական Արեւմուտքը Միացյալ Նահանգների գլխավորությամբ անվերապահորեն պաշտպանում է նրա ագրեսիվ ծավալապաշտությունը (էքսպանսիա): Պատճառն այն է, որ նրանք հասկանում են՝ դա անխուսափելիորեն կհանգեցնի Թուրքիայի ռազմավարական բախմանը Ռուսաստանի, ինչպես նաեւ ապագայում Իրանի ու Չինաստանի հետ»:
Գուցե այս վերջինի ըմբռնումը չի բացառվում նաեւ Թուրքիայո՞ւմ, ինչի մի առանձին վկայությունը թերեւս կարելի է համարել այդ երկրի «Այդիլիկ գազեթեսի» լրատվամիջոցի հուլիսքսանյոթյան մի հրապարկման անակնկալ թվացող վերնագիրը՝ «Զանգեզուր. ոչ թե միջանցք, այլ ծուղակ… ԱՄՆ-ը Թուրքիային մղում է դեպի ականապատ դաշտ»: Ըստ այդ պնդման, «Զանգեզուրի միջանցքի» հանձնումը ԱՄՆ-ին կխաթարի Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները:
Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում