«Ես չգիտեմ որևէ նախադեպ, որով Եվրոպական դատարանը կամ մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող որևէ կառույց նշի, որ հոգևորականները մասնավոր անձինք չեն և աշխարհիկ պետություններում նրանք համարվում են հանրային պաշտոնյաներ, կամ արձանագրի, որ հոգևորականների մասնավոր կյանքը նվազ պաշտպանություն ունի՝ այլ քաղաքացիների համեմատությամբ»,- Aravot.am-ի հարցին՝ կա՞ միջազգային որևէ նորմ, որի վրա հիմնվելով՝ կարելի է միջամտել Կաթողիկոսի անձնական կյանքին, այսպես պատասխանեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ «Կաթողիկոսն անձնական կյանք չունի»։ Նա ծրագիր է մշակել, թե ինչպես է փորձելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց Գարեգին Բ-ին դուրս բերել վեհարանից:
Սիրանուշ Սահակյանը փաստեց՝ անձնական կյանքի, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը պատկանում է յուրաքանչյուր անձի․ «Սա քաղաքացուն, որոշակի կարգավիճակ ունեցող անձին պատկանող իրավունք չէ, և պետությունն իր տարածքում հայտնված յուրաքանչյուր անձի՝ անկախ քաղաքացիությունից, գործունակությունից, ամուսնացած-չամուսնացած լինելու հանգամանքից, այլ տարբերություններից պարտավոր է պաշտպանել ու երաշխավորել նրա իրավունքների իրացումը»։
Սիրանուշ Սահակյանը նշեց՝ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը հարաբերական իրավունք է, ինչպես խոսքի ազատության իրավունքը․ «Սա նշանակում է, որ իրավաչափ շահերից ելնելով՝ պետությունը կարող է սահմանափակումներ իրականացնել, բայց դրանք հետևյալ ռեժիմին են ենթարկվում՝ նախ պետք է նախատեսված լինեն օրենքով, այսինքն՝ օրենքն ունենա հստակ նորմ, որ պետությունն այս պայմաններում հնարավորություն ունի միջամտել։ Օրինակ, երբ նախատեսվում է վիզայի ռեժիմներ, օրենքը նախատեսում է եկամտի չափ, որոնց չպահպանելու դեպքում պետությունը կարող է սահմանափակել նրա մուտքը անգամ ընտանիքի վերամիավորման նպատակով։
Կարդացեք նաև
Երկրորդը, սահմանափակումը պետք է հետապնդի իրավաչափ նպատակներ, որոնք սպառիչ են, օրինակ՝ այլոց իրավունքների պաշտպանություն, հանցագործության կանխում և այլն։ Կան սպառիչ թվարկված դեպքեր, երբ կարելի է այդ իրավաչափ նպատակներից ելնելով՝ միջամտել անձնական կյանքի անձեռնմխելիությանը։
Երրորդ պայմանն այն է, որ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությանը, այսինքն՝ կա սուր հասարակական կարիք միջամտելու։ Եթե օրինական է, նպատակը կա, բայց համաչափություն պահպանված չէ, օրինակ՝ փոքր խնդիր լուծելու համար մեծ միջամտություն է տեղի ունենում, նորից խախտվում է անձնական կյանքի իրացման իրավունքը»։
Սիրանուշ Սահակյանն ասաց՝ եթե ուսումնասիրում ենք մարդու իրավունքների չափանիշները, հստակ մոտեցում կա, որ հանրային պաշտոնյաների մասնավոր կյանքն է սահմանափակվում և նրանց մասնավոր կյանքի այն դրվագները, որոնք կարող են ազդեցություն թողնել հանրային գործունեության վրա, կարող են ենթարկվել սահմանափակումների․ «Եթե պաշտոնյան թմրամոլ է, սա ևս անձնական կյանքին առնչվող դրվագ է, քանի որ թմրամոլությունը սահմանափակում է ողջամիտ որոշումներ կայացնելու հնարավորությունը՝ այդ թվում հանրային որոշումները, որոնք կարող են վտանգել հասարակության շահեր, այս պարագայում նման խնդրի բարձրացման նպատակով թույլատրվում է միջամտել մասնավոր կյանքին։ Եթե հանրային պաշտոնյան ունի այլ բնույթի կախվածություններ, որոնք ազդում են մեզ՝ բոլորիս առնչվող հանրային որոշումերի կայացման վրա և վտանգում են մեր շահերը, շոշափում մեր իրավունքները, ուրեմն այս պարագայում կարելի է սահմանափակել նրա անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ Ամենաքիչը պաշտպանված են հանրային պաշտոնյաները մասնավոր կյանքի տեսանկյունից։ Մնացյալ խմբերը լայն պաշտպանության ներքո են գտնվում»։
Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ կաթողիկոսի անձնական կյանքի իրավունքը կրոնական կազմակերպության խնդիր է, և կարող է լինեն կանոններ, երբ դրանք խախտելու դեպքում լինեն նաև հաշվետվողականության մեխանիզմներ, բայց դա պետության վերահսկողության տիրույթից դուրս գտնվող խնդիր է, քանի որ բոլոր աշխարհիկ պետությունների սահմանադրությունների հիմքում դրված է պետության և կրոնական կազմակերպութան անջատ գործելու սկզբունքը․ «Ինչպես կրոնական կազմակերպությունները չեն կարող իրացնել հանրային իշխանությունը, ուզուրպացնել այդ իշխանությունը, նույն կերպ կրոնական իշխանությունը չի կարող ուզուրպացվել հանրային պաշտոնյայի կողմից։ Ինչպես եկեղեցին չի կարող որոշել հանրային պաշտոնյայի էթիկական նորմերի պահպանում և դրա համար կա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, նույն կերպ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարող գնահատել՝ արդյոք կրոնական կազմակերպության ղեկավարները, կրոնական լիդերները կամ կազմակերպության անդամները պահպանո՞ւմ են կրոնական կազմակերպության կանոնները կամ իրենց կրոնական էթիկական նորմերը, թե՝ ոչ։ Նման նորմեր կարող են լինել, բայց դրանց քննարկումը, լուծումը, սահմանափակումները՝ այդ թվում մասնավոր կյանքի, բացառապես գտնվում են այդ կրոնական կազմակերպությունների տիրույթում։ Եթե պետությունը պրոակտիվ դեր է ստանձնում, սա հանգեցնում է կրոնական կազմակերպության և պետություն անջատվածության հիմնաքարային սկզբունքի խախտմանը։
Առանձին բացառություններ կարող են լինել, եթե կա կրոնապետություն, և կոնկրետ կրոնի հետևորդը բացառապես կարող է դառնալ պաշտոնյա, այդ կրոնական հիերարխիկ համակարգում դիրք զբաղեցնելը հնարավորություն է տալիս զբաղեցնել հանրային պաշտոն. այս դեպքում կրոնական պաշտոնը միատեղվում է աշխարհիկ պաշտոնի, հանրային պաշտոնի հետ, որի պարագայում հանրային էթիկայի կամ այլ սկզբունքների խախտումները հավասարապես քննարկվում են կրոնական անձի տեսանկյունից։ Այստեղ երկակի դեր է ստանձնում հանրային պաշտոնյան։ Աշխարհիկ պետությունում նման լուծումներ չեն կարող լինել, գոյություն չունեն և մերժելի են մարդու իրավունքների և ժողովրդավարության հայեցակարգի տեսանկյունից»։
Մեր այն դիտարկմանը՝ Հռոմի պապի ինստիտուտո՞ւմ էլ չի հիշում նման նախադեպ, որ աշխարհիկ պետության ղեկավարը միջամտի, օրինակ՝ Հռոմի պապի անձնական կյանքի իրավունքին, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Անկեղծ ասած՝ նման դեպքեր ես չեմ կարողանում մտաբերել․ առնվազն դրանք չեն քննարկվել կամ հանրային ուշադրության կենտրոնում չեն հայտնվել և հասանելի չեն։ Նույն Հռոմի պապի դեպքերն ամբողջովին չեն կարող կիրառելի նախադեպ լինել՝ հաշվի առնելով, որ կրկին մենք այստեղ ոչ թե գործ ունենք այնպիսի պետության հետ, որը հռչակել է աշխարհիկության սկզբունքը և ընդամենը արձանագրել է, որ Հայ առաքելական եկեղեցին ունի նշանակություն ազգային ինքնության պահպանման տեսանկյունից, բայց չի ճանաչել քրիստոնեությունը՝ որպես միակ կրոն և չի ճանաչել Հայ առաքելական եկեղեցին՝ որպես պաշտոնական։ Եթե ՀՀ-ն իր սահմանադրական կարգավորումներով չեղարկեր աշխարհիկությունը և արձանագրեր կրոնապետությունը, ապա Կաթողիկոսի անձնական կյանքի հարցերը կարևորություն կստանային նույն ձևով, ինչ պետական պաշտոնյայի անձնական կյանքը։ Բայց ՀՀ սահմանադրությունն այդ ճանապարհով չի ընթացել, ինչը ճիշտ է․ մենք պահպանել ենք աշխարհիկ բնույթը, որքան էլ ընդունում ենք Հայ առաքելական եկեղեցու հատուկ դերը հայ ժողովրդի կյանքում։
Մի կողմից պետությունը միջամտում է կրոնական կազմակերպության ներքին հարցերին, խախտում կրոնական կազմակերպության ինքնավարությունը, մյուս կողմից իրավական առումով հռչակում է տարանջատվածությունը, բայց փորձ է անում վերածվել կրոնապետության։ Եթե պետությունը փորձում է հանրային պաշտոնյաների նկատմամբ կիրառելի կանոններով քննարկել Կաթողիկոսի անձնական կյանքը, ապա՝ մենք գործ ունենք փաստացի կրոնապետության հետ, որտեղ հանրային պաշտոնյաները և։ կրոնական կազմակերպության հոգևոր առաջնորդները պետք է նույնանան։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ