Լրահոս
Օրվա լրահոսը

Չարենցավանի կինոթատրոնի շենքը նախատեսվում է վերականգնել որպես մանուկների կրթության և մշակութային կենտրոն. Կոտայքի թեմ

Օգոստոս 01,2025 14:25

Կոտայքի թեմի հայտարարությունը Չարենցավանի կինոթատրոնի շենքի մասին

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, Չարենցավան քաղաքի հարգարժան բնակիչներ,
Կոտայքի թեմը խորին երախտագիտություն է հայտնում ձեզ՝ տարիների ընթացքում ցուցաբերած ձեր համբերության, հավատարմության և հոգատար վերաբերմունքի համար, որը մշտապես մեզ զորացրել է մեր հոգևոր և մշակութային առաքելության ճանապարհին։

Տարիներ առաջ Չարենցավան քաղաքի կինոթատրոնի շենքը հանձվեց Կոտայքի թեմին՝ նպատակ ունենալով վերածել այն համայնքի կարիքների համար ծառայող եկեղեցապատկան կենտրոնի։ Ցավոք սրտի, ֆինանսական սահմանափակումների պատճառով երկար ժամանակ հնարավոր չի եղել իրականացնել շինության վերանորոգումը և դրա գործարկումն ըստ նպատակի։ Մենք լիովին հասկանում ենք ձեր սպասումը և այդ հարցում ունեցած ցավն ու մտահոգությունը։

Այսու տեղեկացնում ենք բոլոր մտահոգ քաղաքացիներին, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և Կոտայքի թեմն ունեն մշակած ծրագիր, ըստ որի՝ կինոթատրոնի շենքը նախատեսվում է վերականգնել որպես մանուկների կրթության և մշակութային կենտրոն։ Այս կենտրոնը կծառայի մեր մանուկներին՝ դառնալով քրիստոնեական դաստիարակության, ստեղծագործ մտքի և ազգային արժեքներով լցվելու օջախ։ Այս ծրագիրն արդեն ընթացքի մեջ է։ Վստահ ենք, որ համատեղ ջանքերով և Աստծո օգնությամբ առաջիկայում այն անպայման կիրականացվի և Չարենցավանի սրտում իր դռները կբացի վերանորոգված և կյանքով լի մի կենտրոն, որից կօգտվեն հարյուրավոր ընտանիքներ։

Մեր երախտագիտությունն ենք հայտնում ամենքիդ, որ շարունակում եք մեզ հետ կրել հոգևոր-մշակութային կենտրոն կերտելու մեր տեսլականը։ Ձեր համբերությունը մեր հույսի, ձեր հավատարմությունը՝ մեր տոկունության աղբյուրն է։

Թող Ամենակալ Տիրոջ օրհնությունը լինի մեր ժողովրդի բոլոր զավակների հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից․ ամեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031