«Կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքներն աճել են 0,3 տոկոսով, երկարաժամկետ վարկերինը՝ 1,2 տոկոսով»,- մամուլի ասուլիսի ժամանակ արձանագրեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
Լրագրողների դիտարկմանը՝ փաստացի վարկերի տոկոսադրույքները ավանդների տոկոսադրույքների համեմատ աճել են, ո՞րն է պատճառը, Դանիել Ազատյանը պատասխանեց․ «Քանի որ եկամտային հարկի վերադարձի օրենքն այլևս Երևանում չի գործում, անշարժ գույքի շուկան էլ սառած վիճակում է, ուստի բանկերը զսպում են նոր վարկեր տալը։ Մարզերում կա պահանջարկ, միևնույն ժամանակ, երբ կար եկամտահարկի վերադարձի օրենքը, ռիսկի կոմպոնենտը զսպված էր պահում, հիմա դա չկա, ըստ էության ռիսկերը բարձրացել են, դրա համար էլ վարկերի տոկոսադրույքները թանկացել են։ Բացառապես վարկերի տոկոսադրույքների՝ ինչ-որ չափով աճը կամ նվազումը ավելի շատ պայմանավորված է պահանջարկի ու առաջարկի կոմպոնենտով, քան ԿԲ-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքով։ Մյուս կողմից էլ, եթե վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ-ն իջացներ, գուցե վարկերի տոկոսադրույքներն ավելի շատ աճեին։ Պահանջարկ կա, բանկերը պետք է բավարարեն այն պահանջարկը, որը համեմատաբար քիչ ռիսկային է»։
Դանիել Ազատյանը նաև ներկայացրեց 2025-ի վեց ամսվա տվյալներով՝ ֆինանսական համակարգի ցուցանիշները․ «11,6 տրիլիոն բանկային ակտիվներ, վարկային պորտֆելը՝ 7 տրիլիոն դրամ․ 11, 6 տրիլիոն ակտիվները կազմում են ՀՆԱ-ի 108 տոկոսը։ Ինչքան մեծ լինի վարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը, դա խոսում է բանկային համակարգի մեծության և զարգացվածության մասին։ Ընդհանուր առմամբ՝ մոտ տասը տոկոս գրեթե բոլոր ցուցանիշների աճ ունենք։ Վարկային պորտֆելն ու կապիտալն աճել է 10,3 տոկոսով, իսկ բանկերի ընդհանուր կապիտալն աճել է 5,5 տոկոսով»։
Ըստ Դանիել Ազատյանի ներկայացրած տվյալների՝ վարկային պորտֆելի առաջին տեղում ՝ 22,8 տոկոսը կամ 11,5 տրիլիոնը սպառողական վարկերն են, հիփոթեքային վարկերը 22,5 տոկոս են կազմում, այնուհետև մնացած վարկատեսակները։ Ամբողջ վարկերի 50 տոկոսը ֆիզիկական անձանց տրամադրվածներն են, 45 տոկոսը իրավաբանական անձանց տրամադրվածները և միայն 5 տոկոսն այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են։ Ամենամեծ աճը՝ 21,1 տոկոս, գրանցվել է սպասարկման ոլորտին տրամադրված վարկերի ոլորտում։ Դանիել Ազատյանն ասաց․ «Գումարային առումով 788 միլիարդ դրամ է տրամադրված սպառողական վարկերի ծավալը, իսկ աճը՝ 20 տոկոս։ Երկրորդ տեղում շինարարական վարկերն են, որոնք ևս աճ են գրանցել»։
Կարդացեք նաև
Վերլուծելով հիփոթեքային վարկերի միտումները՝ Հայաստանի բանկերի միության նախագահն ասաց․ «Անցյալ տարի առաջին կիսամյակում հիփոթեքային վարկերի աճ է եղել 9,7 տոկոսով։ Սակայն գիտենք, որ անցյալ տարին առանձնահատուկ էր նրանով, որ գործել է եկամտային հարկի վերադարձի օրենքը՝ առնվազն Երևանում։ Անցյալ տարվա հաջորդ եռամսյակներին 30-35 տոկոս աճ է եղել հիփոթեքային վարկերի՝ տարեկան կտրվածքով։ Ունենք 4,4 տոկոս աճ՝ այս տարվա ինը ամսվա կտրվածքով։ Կարող ենք ասել, որ նոր վարկերի տրամադրումը երկուսից ավել անգամ բանկերի կողմից նվազել է։ Սա պայմանավորված է եկամտային հարկի վերադարձի օրենքի՝ այլևս չգործելու հետ։ Մյուս կողմից կարող ենք ասել, որ ոչ թե նվազել, այլ տեղն է ընկել»։
Նշենք, որ ֆիզիկական անձանց տրամադրվող 1-5 տարի տևողությամբ վարկերի տոկոսադրույքը դրամային վարկերի դեպքում 16․7-17․0 տոկոս է կազմում, իսկ հինգ տարուց ավելի վարկերի միջին տոկոսադրույքը՝ 13,7-14,9։
Դանիել Ազատյանը նշեց՝ 2022-ից սկսած բանկային համակարգի շահութաբերության ցուցանիշները բարձրացան՝ 10 տոկոսից ավելի՝ կազմելով 20 տոկոս․ «Միշտ ասել ենք, որ դա պայմանավորված է եղել աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում լրացուցիչ ծառայությունների մատուցմամբ և այդ փոփոխություններով պայմանավորված՝ հարակից էֆեկտների սպասարկմամբ․ լրացուցիչ բիզնեսներ, ռելոկանտներ, աշխատատեղեր։ Այս իրավիճակը դեռ պահպանվել է, բայց հնարավոր է մի փոքր նվազում լինի, բայց 2021-ից սկսած՝ ամեն տարի վարկային ներդրումների աճ է տեղի ունեցել, և փաստացի վարկային ներդրումների աճն իր հերթին ապահովել է տոկոսների լրացուցիչ շահութաբերություն»։
Լրագրողների հարցին՝ այդ դեպքում, եթե բանկերի շահութաբերությունն աճել է, ինչո՞ւ են բանկերի տոկոսադրույքներն աճում, Դանիել Ազատյանը պատասխանեց․ «Ես չեմ կարծում՝ տնտեսագիտության մեջ գոյություն ունի ուղիղ կապ բանկի շահույթի և տոկոսադրույքի միջև։ Տոկոսադրույքի վրա ամենամեծ ազդեցությունն ունենում են ռիսկերը։ Ինչքան ռիսկերը բարձր են, այնքան տոկոսադրույքը բարձր է լինում, ինչքան ռիսկերը ցածր են, այնքան տոկոսադրույքն իջնում է։ Հաջորդը պայմանավորված է ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությամբ և փոփոխության ազդեցությունը տոկոսադրույքի վրա, ինչպես նաև տնտեսության տարբեր ճյուղերում առկա կառուցվածքային փոփոխություններում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Հայաստանի բանկերի միության ֆեյսբուքյան էջի