Aravot.am-ի տեղեկություններով՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նանա Դալլաքյանը օրերս իրավապահներին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:
Դատավորը հայտնել է, որ իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվոր «Տավուշ միջազգային հայրենակցական միություն» հ/կ-ի նախագահ Սերյոժա Բարսեղյանից ստացել է իրեն հասցեագրված վիրավորանք, այդ թվում ՝սպառնալիք պարունակող գրություն, որով Բարսեղյանն իր նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք է հնչեցրել։
Ընդ որում նշված գրությունը հասցեագրվել է նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանին:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր. օրենսգրքի 489-րդ հոդվ. 2-րդ մասի հատկանիշներով։
Կարդացեք նաև
Մեզ չհաջողվեց կապ հաստատել Իջեւանի համայնքի ղեկավարի հետ, բայց խոսեցինք «Տավուշ միջազգային հայրենակցական միություն» հ/կ-ի նախագահ Սերյոժա Բարսեղյանի հետ:
-Որեւէ սպառնալիք չի եղել իմ կողմից, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Առաջին անգամ եմ լսում: Ոչ մի տիպի սպառնալիք չի եղել: Իր մոտ մի քանի գործ ենք ունեցել, ավարտվել է, նույնիսկ չգիտեմ՝ որ գործի հետ է կապված , ինչի մասին է խոսքը: Ես ինձ երբեք սպառնալիք թույլ չէի տա,- ասաց Բարսեղյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ