Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության ճնշումները հակառակ արդյունք են տալիս՝ ուժեղացնելով եկեղեցու քաղաքական և հասարակական դերը. Արսեն Գասպարյանի հոդվածը Journal of Church & State հանդեսում

Օգոստոս 02,2025 12:27

Օքսֆորդի համալսարանի հրատարակչությանը պատկանող Journal of Church & State («Եկեղեցու և պետության հանդես») գիտական պարբերականի 2025 թ. գարնան համարում լույս է տեսել քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Գասպարյանի Armenia: the country that carries the crossՀայաստանխաչը կրող երկիրը») հոդվածը։

 Այս պարբերականը լույս է տեսնում Ամերիկայի Միացյալ Նահանգներում և համարվում է պետությունկրոնական կազմակերպություններ փոխհարաբերությունների ուսումնասիրության ոլորտում լավագույններից մեկն աշխարհում։

Դոկտոր Գասպարյանի հետազոտությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել Միացյալ Նահանգների քաղաքագետների, կրոնագետների, սոցիոլոգների, կրոնական կազմակերպությունների, մարդու իրավունքներով զբաղվող փաստաբանների և միջազգային կրոնական ազատությունների համար պատասխանատու պետական կառույցների շրջանակներում։

 Ուշագրավ է, որ հոդվածը գրվել է դեռ 2024 թ. և վերջնական տարբերակը ուղարկվել է խմբագրություն 2024 թ. դեկտեմբերի սկզբին։ Ընդունվել է Journal of Church & State պարբերականի կողմից տպագրության այս տարվա գարունը լույս տեսած համարում։

Ստորև ներկայացնում ենք հոդվածի ամփոփումը և հեղինակի գնահատականները։

Հեղինակի հիմնական փաստարկը. Եթե կառավարությունը շարունակի փորձել ճնշել և բացառել Հայ Առաքելական եկեղեցուն հասարակական կյանքից, ապա Եկեղեցին ավելի ընդգրկուն և մեծ դեր կխաղա Հայաստանի ներքին քաղաքականության մեջ։

Հետազոտությունում կիրառված մեթոդը. Հեղինակի փաստարկը ձևավորված է 2018-2024 թթ. ժամանակահատվածում իշխանություններ – եկեղեցու բախումների վրա հիմնված էմպիրիկ դիտարկումներից։ Հոդվածում կիրառված «գործընթացի հետագծման» մեթոդը (process tracing) գործադրում է ինդուկտիվ դատողություն և արտացոլում է պատճառահետևանքային մեխանիզմները գործողության մեջ։ Ավելի կոնկրետ, «եկեղեցու ճնշումները» և «եկեղեցու դերի բարձրացումը» փոփոխականների միջև պատճառահետևանքային շղթան հիմնված է էմպիրիկ վկայությունների ու փաստերի վրա։ Սրանք ստացված են փաստաթղթերի վերլուծությամբ հավաքված տվյալների, ներառյալ բազմաթիվ սկզբնաղբյուրների և իրավական փաստաթղթերի, լրատվամիջոցների աղբյուրների և հանրահավաքների մոնիթորինգի միջոցով։

Հոդվածի կառուցվածքը. Նախաբանից հետո, առաջին գլխում համառոտ քննարկվում է Հայ Առաքելական եկեղեցու դերն ու ներդրումը հայերի քաղաքական և ազգային կյանքում՝ քրիստոնեության ընդունումից մինչև մեր օրերը, հատկապես այն ժամանակահատվածներում, երբ Հայաստանը պետականություն չի ունեցել։ Այս բաժինն ապահովում է անհրաժեշտ նախապատմությունը՝ հետագա տարիներին եկեղեցի-պետություն փոխհարաբերություններն ավելի լավ ըմբռնելու համար։ Երկրորդ գլխում ուսումնասիրվում է հայկական իշխանությունների հեղափոխական մարտավարությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ 2018 թվականից մինչև Արցախից հայության հարկադիր տեղահանությունը։ Երրորդ գլխում քննարկվում է կառավարության դեմ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի կողմից նախաձեռնված «Սրբազան պայքար» շարժումը։ Վերջաբանում ամփոփվում են հիմնական եզրակացությունները։

Միջազգային համեմատություններ. Հայաստանի դեպքերը և իշխանությունների գործողությունները եկեղեցու հանդեպ հեղինակն ամբողջ հոդվածի ընթացքում համեմատում է նմանատիպ իրադարձությունների հետ՝ Նիկարագուայի, Կուբայի, սառը պատերազմի տարիների սոցիալիստական Լեհաստանի, նախկին Չեխոսլովակիայի, Արևելյան Գերմանիայի, ինչպես նաև ենթասահարյան Աֆրիկայի, մասնավորապես Զամբիայի, Զիմբաբվեյի, Հարավաֆրիկյան Հանրապետության և այլ պետություններում եկեղեցի-իշխանություններ բախումների հետ, որտեղ իշխանությունները նսեմացրել են կրոնը է և շնչահեղձ արել քաղաքացիական հասարակությունը: Այս դեպքերում եկեղեցին իր քաղաքական և սոցիալական մտահոգությունները տաճարների ներսից դուրս է բերել փողոցային պայքար։

Իշխանությունների գործողությունների գնահատական.  Իշխանությունների գործողությունների ռազմավարությանը՝ հասարակական կյանքի արմատական աշխարհիկացումը, պատմականորեն նախընտրել են ձախ հեղափոխականները (1789 թ. ֆրանսիական հեղափոխություն, 1953 թ. կուբական հեղափոխություն և այլն)։ Օրինակ՝ այսօր էլ Կուբայում, հավատացյալներին ու կրոնին շատերը վերաբերվում են ինչպես մեկուսացված հիվանդներին։

Հոդվածում քննարկվում են 2024 թ. ցուցարարների բախումները ոստիկանության և անվտանգության ուժերի հետ։ Նռնակների կիրառումը անվտանգության ուժերի կողմից, վիրավորելով հարյուրից ավելի ցուցարարների, ոստիկանություն և անվտանգության մարմինների կողմից բիրտ ուժի կիրառումը և հարյուրավոր ձերբակալություններ։

Վերջաբան. Հեղինակն անդրադարձել է չորս հիմնական պատճառներին, որոնք իր եզրակացությամբ նվազեցրել են «Սրբազան պայքարի» կազմակերպչական ճկունությունը և 2024 թին խոչընդոտել շարժման հաջողությանը։

Առաջին պատճառը. Կաթողիկոս Գարեգին Բ-ի և բարձրաստիճան հոգևորականների բացակայությունը արքեպիսկոպոս Գալստանյանի կողքին հակակառավարական հանրահավաքների ժամանակ: Նրանք սահմանափակվեցին օրհնություններով, պաշտոնական հայտարարություններով և մամուլի հարցազրույցներով: Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռի իրավասության ներքո գտնվող արտասահմանյան հայկական թեմերի առաջնորդները և Կիլիկիո Մեծի Տան Կաթողիկոս Արամ Ա-ն նույնպես զերծ մնացին շարժման մասնակցությունից: Ամենայն հավանականությամբ, նրանք բոլորը մտահոգված էին եկեղեցու հեղինակությամբ, եթե շարժումը չկարողանար ապահովել իշխանությունների հրաժարականը:

Ի տարբերություն, արքեպիսկոպոս Ֆրանտիշեկ Տոմաշեկը՝ վճռականորեն հակադրվելով նախկին չեխոսլովակյան կոմունիստական ռեժիմին և արքեպիսկոպոս Միգել Օբանդո ի Բրավոն՝ 1970-ականների վերջին Նիկարագուայում Սոմոզայի ռեժիմի հակառակորդը, իսկ ավելի ուշ՝ սանդինիստների «անաստված կոմունիզմին» դիմադրելով, ունեին իրենց եկեղեցիների լիարժեք և համապարփակ աջակցությունը։ Հետագայում Հռոմի պապը նրանց երկուսին էլ շնորհեց կարդինալի տիտղոս և նշանակեց Կարդինալների կոլեգիայի անդամ։

Երկրորդ պատճառը. 2024 թ. մայիսին արքեպիսկոպոս Գալստանյանի շրջապատի ընդդիմության ներկայացուցիչները ո՛չ հեղինակություն ունեին, ո՛չ էլ կարողություն՝ ավելի շատ ցուցարարներ միավորելու համար։ Հայաստանում խնդիրն այն է, որ ավելի քան 1.2 միլիոն մարդ (գրանցված ընտրողների ավելի քան 52 տոկոսը) չի քվեարկել 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին, իսկ մոտ 600,000 մարդ (մայրաքաղաքում գրանցված ընտրողների 71 տոկոսը) չի քվեարկել 2023 թվականի Երևանի քաղաքապետարանի ընտրություններին։

Այս ընտրողները չեն աջակցում ներկայիս իշխանություններին, սակայն միաժամանակ, չեն ընդունում նախորդ վարչակազմերը (ներկայիս ընդդիմությունը), մասնավորապես երրորդ նախագահի (2008–2018) կառավարումը, որը կապում են «ընտանեկան բիզնեսի» և կոռուպցիայի հետ։

Երրորդ պատճառը. այս ընտրազանգվածը «Սրբազան պայքարից» ակնկալում էր առաջադեմ քաղաքական ղեկավարություն, որը կապված չէ վերը նշված քաղաքական ուժերից ոչ մեկի հետ և ունի առաջադեմ իշխանություն ստեղծելու, Հայաստանի անվտանգությունն ապահովելու, հասարակությունը տնտեսական ու սոցիալական արդիականացման տանելու կարողություն։

Չորրորդ պատճառը. Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիները չմիացան և չաջակցեցին «Սրբազան պայքարին»:

Օրինակ՝ Զամբիայում, բողոքական և կաթոլիկ եկեղեցիները ունեն աստվածաբանական տարաձայնություններ, բայց նրանք միշտ հակված են այդ տարբերությունները մի կողմ դնել, երբ հարցը վերաբերում է եկեղեցի-իշխանություններ հակամարտությանը: Եկեղեցիները անտեսեցին իրենց վարդապետական տարաձայնությունները և միասնական ճակատ ձևավորեցին նախագահ Կաունդայի դեմ, ով դառնում էր կոմունիստական տիպի բռնապետ:

Հայ Առաքելական եկեղեցու հնարավորությունների մասին. Հայ Առաքելական եկեղեցին ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՝ հանրային դիմադրությունը շարունակելու համար: Իր հզոր շարժիչ ուժով եկեղեցին կարող է ավելի մեծ և ազդեցիկ դեր խաղալ Հայաստանում, քան ավանդական մտածողությունն ակնկալում է:

Այս գնահատականները ցույց են տալիս հեղինակի տեսակետը, որ կառավարության ճնշումները հակառակ արդյունք են տալիս՝ ուժեղացնելով եկեղեցու քաղաքական և հասարակական դերը:

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031