Լրահոս
Օրվա լրահոսը

«Տանիքը խլեցիք, բայց ԱՌԱՎՈՏ-ի հողը չեք խլի». Հասարակական-քաղաքական գործիչները շնորհավորում են «Առավոտի» տարեդարձը․ մաս 1

Օգոստոս 02,2025 15:03

«Առավոտն» իր 31-ամյակի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում իր ընթերցողներից, այդ թվում նաև հասարակական-քաղաքական գործիչներից, որոնք իրենց խոսքում նաև դատապարտում են «Առավոտ» օրաթերթի խմբագրությանը՝ Մամուլի շենքի տարածքից հեռացնելու մասին որոշումը։

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքում գրում է․

«Առավոտ» թերթի նկատմամբ իշխանության դրսևորած վարքը, հավաքական առումով, մամուլի նկատմամբ քինախնդրության և ազատ խոսքի նկատմամբ անարգման դրսևորում է:

3 տասնամյակ, բոլոր իշխանություններն էլ ԶԼՄ-ների հետ տարբեր որակի և բարդության հարաբերություններ են ունեցել, սակայն գործող կառավարչի վերաբերմունքը,
այն էլ` որպես նախկին լրագրող, պարզապես նողկալի է:

Տարբեր առիթներով և անառիթ մամուլի ազատությունից և դրա կարևոր դերից բարձրագոչ հայտարարություն անողները Մամուլի շենքը «մաքրում» են մամուլից, որի հիմքում ազատ խոսքի նկատմամբ ունեցած ատելությունն ու ներքին վախերն է:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքում գրում է․

Մեր ծանր իրականության մեջ դժվար է չափանիշներ պահելը՝ մանավանդ մամուլի, զանգվածային լրատվամիջոցների պարագայում։ Դժվար է, որովհետև հատված են բոլոր կարմիր գծերն ու, առհասարակ, դժվար է հավասարակշռություն պահելը, համոզիչ ու հավատարժան լիները աղմուկի, քծնանքի, ստի, երեսպաշտության ու երեսուն արծաթի մեր ժամանակներում։

Տեղեկատվական, մասնագիտական ու բարոյական այս քաոսի մեջ ԱՌԱՎՈՏԸ տարեդարձ է նշում՝ իր հիմնադրման 31 տարին։ Ու հենց այս օրերին ԱՌԱՎՈՏ-ին հարկադրում են թողնել տանիքը։

Ծանոթ ու եղկելի ձեռագիր է․․․ Տանիքը խլեցիք, բայց ԱՌԱՎՈՏ-ի հողը չեք խլի։ Ու այդ հողը չափանիշին, ընթերցողին, մասնագիտությանը ծառայելու հողն է ու սկզբունքը։ ԱՌԱՎՈՏԸ տեսակ է ու ձեռագիր, կայուն տեսակ․․․

Ծնունդդ շնորհավոր ԱՌԱՎՈՏ։ Միշտ լինես փնտրված ու չափանիշ պահող։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքում գրում է․

ՍՊԻՆ ԳԵՂԵՑԿԱՑՆՈՒՄ Է ՏՂԱՄԱՐԴՈՒՆ…

«Առավոտի» շուրջ ստեղծված իրավիճակի առիթով

Վերջին օրերին ցավով անդրադառնում էի, որ, զրկված լինելով իմ անձնական տիրույթում հրապակային դիրքորոշում հայտնելուց, չէի կարողանում խոսել այն խայտառակ վիճակի մասին, որը տեղի էր ունենում «Առավոտ» օրաթերթի եւ ընդհանրապես Մամուլի շենքի շուրջ։

Սա նախկին բանսարկու խմբագրի իշխանության տարատեսակ թիրախավորումների շարքում նաեւ մամուլի դեմ արդեն տեւական ժամանակ մղված պայքարի նոր բռնկում է։ Իսկ այդ արշավը նոր չէ։

Առաջին իսկ օրերից մամուլին փորձեցին զրկել իր գործառույթից։

Պաշտոնական, պետական գերատեսչությունները հանրային կապերի գործիքները դարձան Նիկոլի սելֆիի ձողիկը:

Փաստական սխալներով ֆեսյբուքյան ստատուսները, լայվերն ու պարբերաբար ջնջվող տեքստերը դարձան պաշտոնական լրատվություն:

Հետո արդեն առավել համակարգված թիրախավորումներ սկսվեցին իշխանությանը ոչ հաճո լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ, երբ գործի դրվեց նաեւ պետական բյուջեի հաշվին ստի, ապատեղեկատվության մի հսկայական ֆեյքերի ֆաբրիկան։

Ապա ԱԺ, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից լրատվամիջոցների դեմ աննախադեպ քանակի դատական հայցերը, հավատարմագրումներից զրկելը, իրավապահների կողմից պարբերաբար բռնի ուժի կիրառումն ու լրագրողների աշխատանքի խաթարումը։

Հիմա արդեն իշխանական ախորժակը մեծացել է։ Հարձակման թիրախը Հայաստանի մամուլի հնաբնակներից մեկն է՝ միշտ հավասարակշիռ, հսկայական լրագրողական պրոֆեսիոնալ թիմ ունեցող «Առավոտ»-ը:

Այսօրվա լռողները պետք է քաջ գիտակցեն։ Վաղը Նիկոլը նրանց ետեւից էլ է գալու։ Թող չկասկածեն։ Մեկ աննշան թթու խոսքը դրա առիթ կդառնա։
Իսկ երբեմնի բանսարկու խմբագիրը սիմվոլիզմ շատ է սիրում.

«Առավոտ» օրաթերթի խմբագակազմին մշտական բնակության վայրից՝ Մամուլի շենքից վտարում են ծննդյան օրը։

Սիրելի առավոտցիներ։ Շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, մնաք պրոֆեսիոնալ եւ ամուր։ Սա էլ կանցնի։ Ինձնից լավ գիտեք՝ չկայացածները ժամանակավոր են։ Գործն է մնայուն։

Ու վերջում, 1994 թվականին դաշնակցական մամուլի միջոցների փակումի եւ թալանի օրերին փակվեց նաեւ ՀՀ Գրողների միության պաշտոնական ամսագիր «Նորքը»։ Խմբագիրը մեր դաշնակցական վաստակաշատ ընկեր հանգուցյալ Ռուբեն Հովսեփյանն էր։ Երբ տեւական դադարից հետո լույս տեսավ ամսագրի նոր համարը, Ռուբեն Հովսեփյանը իր խմբագրականը վերնագրել էր՝ «ՍՊԻՆ ԳԵՂԵՑԿԱՑՆՈՒՄ Է ՏՂԱՄԱՐԴՈՒՆ…»։

Հ.Գ. երկուշաբթի պետքույքի կոմիտե ուղարկելու եմ բազմաթիվ կետեր պարունակող պատգամավորական հարցում…

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքում գրում է․

Այսօր «Առավոտ»-ի ծնունդն է։

Շնորհավորում եմ սիրելի ընկերներ։

Պինդ եք արդեն 31 տարի, աժանապատիվ եք արդեն 31 տարի, արհեստավարժ եք արդեն 31 տարի, սիրելի եւ հարգված եք արդեն 31 տարի։
Ինձ համար մեծագույն պատիվ ու հաճույք է ասել, որ այդ տարիներից 17-ը ես եղել եմ թիմի անդամ, աշխատել եմ ձեր կողքին եւ հպարտ եմ, որ մասամբ ինքս էլ այսօր «առավոտցի» եմ։

Այսօր խմբագրությունը տեղահանում են իր տարածքից, սա ճղճիմ եւ փոքրոգի մարդուկների արարք է։
Առավոտցիներ ջան, դուք ձեր տանն եք ամբողջ երկրում, առավոտցիներ ջան, դուք ձեր հայրենի հողի վրա եք ու միշտ՝ պինդ ու ամուր։
Ձեզ տեղահանողներն են քոչվող, վախկոտ եւ քինախնդիր։

Ձեզ եւս, ցավոք, բաժին է հասնում գրեթե նմանատիպ բախտ, ինչպես մեր երկրի սահմանամերձ բնակավայրերին եւ ամբողջ Արցախին։ Սրանք տեղահանում են բնիկներին, որովհետեւ իրենք եկվոր են եւ անհայրենիք։

Այո, դա մեր բոլորի ամոթն է։ Ներեցեք մեզ, որ դեռ այս քոչվորները երկրի ներսում են։
Բայց եւ հավատացեք՝ ամեն վատ բան անցողիկ է եւ շուտով երկիրը կվերադառնա տրամաբանության դաշտ։

Ձեր կողքին եմ, իմ հնարավորությունների չափով եւ ավելին։ Պատրաստ եմ օգնել, որովհետեւ «Առավոտ»-ը լավագույններից է, որ պատահեց իմ կյանքում, նաեւ՝ մեր անկախ պետականության կյանքում 1994-ից ի վեր։

«Առավոտ»-ը իմ եւ իմ շատ ընկերների հարազատն է, մեր «հորանց» տունը, իսկ հայրական տունը պարտավոր ենք պաշտպանել եւ պահպանել։
Սա էլ կանցնի, մենք մեր տանն ենք, «Առավոտ»-ը իր տանն է, իր հողի վրա, այս անցողիկ քամիները շուտով դուրս կմղվեն ու կլինի իրական, պայծառ ԱՌԱՎՈՏ երկրի, լրատվամիջոցների եւ հայ ժողովրդի համար։

Հ․գ․ կարծում եմ միջազգային որոշ կազմակերպություններ, մամուլի, ԶԼՄ-ների , ազատ խոսքի իրենց պաշտպան հայտարարած հկներն ու գործիչները պարտավոր են կատարվածը դատապարտել եւ խոսքով եւ՝ գործով, կանգնել ի պաշտպանություն «Առավոտ»-ի, այսինքն՝ ազատ խոսքի եւ լրատվամիջոցի։

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքում գրում է․

Բոլորին արդեն հայտնի է, որ Պետգույքի կառավարման կոմիտեն օրերս նամակով տեղեկացրել է «Առավոտ» օրաթերթի խմբագրությանը՝ պարտադրելով լքել Մամուլի շենքի տարածքը՝ սահմանելով նաև սեղմ ժամկետ։
Խստորեն դատապարտում ենք մամուլի դեմ կիրառվող ճնշումները, որոնք այսօր Հայաստանում ստանում են աննախադեպ բնույթ։

«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա»-ի համահիմնադիր, խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը ֆեյսբուքում գրում է․

Բարի Առավոտ։
Երբ ասում ենք ուզում ենք ազատ մամուլ, ապա դա նշանակում է, որ այդ միավորը առնվազն պետք է ունենա մատչելի գրասենյակ` ապրելու տեղ։
Նման դեպքերի համար` հասարակական գործունեություններ, մամուլի գրասենյակներ և այլն, պետությունները մատչելի գներով կամ անվճար, տրամադրում են պետական գույքի բալանսին եղածից գրասենյակներ։

Հիմա ինչ է տեղի ունենում, մեր երկրում այն եզակի մնացած (հազիվ մի ձեռքի մատների վրա հաշված) Aravot-ին մեր պետական գույքը ասում է չենք երկարաձգում պետական գներով վարձակալությունը, կգաս կմասնակցես մրցույթին, աճուրդին, եթե հաղթող խնդրեմ …

Ես մեր Ասոցիացիայի փորձից ասեմ, որ 2019-ին մենք փորձել ենք երկու անգամ մասնակցել պետական գույքի կողմից հայտարարվող պետական գույքի փոքր գրասենյակների համար աճուրդների (որովհետև ի տարբերություն Կոմունիստական կուսակցության, Ասոցիացիային ուղիղ գնումով չտվեցին տարածք) երկու անգամ էլ աճուրդում պարտվել ենք կոմերցիոն ընկերությունների։

Նույնը ենթադրում եմ կլինի այս դեպքում, երբ հնարավորինս ազատ մամուլին ասում են գնա մրցի աճուրդին։
Համարյա թե անհնար է այնպիսի բիզնես մոդել ձևավորել մամուլի գրասենյակի վրա, որն ինքն իրեն պահի, եթե լուծված չի նվազագույն գրասենյակի հարցը։

Շատ հարգելի և քիչ մնացած պրոֆեսիոնալ տիկին Աննա Իսրայելյան, ինչ ասեմ, ձեզ պինդ պահեք…
Ազատ մամուլ` մամուլի շենքից դուրս։

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Թովմասյանի նամակը

Սիրելի՛ «Առավոտ» օրաթերթի խմբագրություն,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ ձեր կայուն ուղու՝ 31 տարիների բովանդակալից աշխատանքի, ազատ խոսքի նվիրման եւ սկզբունքայնության համար։

1994 թվականից ի վեր դուք աշխատում եք Մամուլի շենքում՝ այն դարձնելով ազատ մտքի իրական օջախ։ Այս տարիների ընթացքում ձեր խմբագրությունը ոչ միայն
լուսաբանել է երկրի անցուդարձը, այլև մասնակցել է այդ պատմության կերտմանը։

Ձեզ ստեղծագործ և խաղաղ ընթացք եմ մաղթում՝ հանուն խոսքի ազատության և հասարակության իրազեկման։ Պի’նդ եղեք:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ֆեյսբուքում գրում է․

Պարոն, ես համաձայն չեմ Ձեր կարծիքի հետ, բայց պատրաստ եմ կյանքս զոհել այն արտահայտելու հնարավորության համար. մտքի վերարտադրումը, որը վերագրվում է ֆրանսիական լուսավորիչ Վոլտերին:

Պետական գույքի կառավարման կոմիտեն իրավական ֆորմալ մոտեցումները կիրառելիս պետք է առավել զգայուն մոտեցում ցուցաբերի պետական գույքի՝ վարձակալության հիմքերով օգտագործող լրատվամիջոցի դեպքում, և իրական հնարավորութուն տար լրատվամիջոցին իր անխափան գործունեությունը շարունակելու հարցում: Հաշվի առնելով լրատվամիջոցի ակնհայտ քննադատական մոտեցումը իշխանության գործունեության հանդեպ, առավել ևս պահանջվում էր պետական մարմնին դրսևորել անկասկած, վստահելի ու հիմնավոր վարքագիծ լրատվամիջոցի կողմից պետական գույքի օգտագործման դադարեցման հարցում, փարատելու կասկածները, եր այն պայմանավորված չէ իշխանության գործունեության հանդեպ լրատվամիջոցի քննադատական մոտեցմամբ:

Տվյալ դեպքում լրատվամիջոցների ազատ գործունեության երաշխավորման պետության պարտավորությունը չի համսպատասխանում պետական գույոի օգտագործման նման կերպ դադարեցման մոտեցմանը: Մի հարց, իսկ ինչու չի երկարացվել վարձակալության պայմանագիրը, ինչ է փոխվել ասենք 2019-24թթ գույքի վարձակալությամբ օգտագործելու պայմանների մեջ, որի հիման վրա դադարեցվել է վարձակալության մասին պայմանագիրը և չի երկարացվել այն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031