Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս թերթը և դրանից հետո հիմնված կայքը չհանձնվելու ու ճշմարտությունը չուրանալու կարևոր օրինակ են»․ Հասարակական-քաղաքական գործիչները շնորհավորում են «Առավոտի» տարեդարձը․ մաս 2

Օգոստոս 02,2025 17:45

«Առավոտն» իր 31-ամյակի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում իր ընթերցողներից, այդ թվում նաև հասարակական-քաղաքական գործիչներից, որոնք իրենց խոսքում նաև դատապարտում են «Առավոտ» օրաթերթի խմբագրությանը՝ Մամուլի շենքի տարածքից հեռացնելու մասին որոշումը։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի շնորհավորական ուղերձը «Առավոտ» օրաթերթի տարեդարձի առթիվ

Սրտանց շնորհավորում եմ «Առավոտ» օրաթերթի հիմնադրման տարեդարձի կապակցությամբ։ Տարիների ընթացքում «Առավոտը» կարևոր դերակատարում է ունեցել հայկական լրատվական դաշտում՝ ձևավորելով պատասխանատու, բազմակողմանի և սկզբունքային լրագրության բարձր չափանիշներ։ Հատուկ ընդգծման արժանի է թերթի հետևողական գործունեությունը Արցախի մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների արձանագրման, լուսաբանման և միջազգային հանրության ուշադրությանը ներկայացնելու գործում։ Մշակութային ինքնության պահպանության այս վճռորոշ փուլում «Առավոտ» օրաթերթի բարձրաձայնած վերլուծական հրապարակումները նպաստել են ոչ միայն հանրային իրազեկման, այլև մշակութային ցեղասպանության դեմ կանխարգելիչ քայլերի կարևորության ընդգծմանը։

Մաղթում եմ թերթի խմբագրակազմին և ամբողջ անձնակազմին նորանոր մասնագիտական ձեռքբերումներ, անսպառ եռանդ ու նպատակասլացություն՝ հանուն ազատ խոսքի, ճշմարտության և ազգային արժեքների պաշտպանության։

«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը ֆեյսբուքում գրում է․

Այսօր նշվում է «Առավոտ» թերթի 31-ամյակը։ Ինձ համար «Առավոտ»-ը յուրահատուկ ձեռագրով, բարձր նշաձողեր սահմանած մեդիայի օրինակ է մեր դաշտում։ Բարդ է պահպանել լրագրողական էթիկա, լինել անաչառ ու միևնույն ժամանակ երբեք չխորշել ցույց տալու հստակ քաղաքացիական դիրքորոշում։ Թե՛ Արամ Աբրահամյանը, թե՛ Աննա Իսրայելյանը և «Առավոտի» մյուս գործընկերները դա կարողացել են անել։ Ինձ համար իրապես հիացնող էր տեսնել, թե ինչպես են գործընկերները իրենց հետ պատահած գրասենյակային անախորժության ֆոնին, կոչ անում հանրային քննարկման առարկա չդարձնել դա, այլ քննարկել ավելի մեծ կարևորության հարցեր։ Դա ևս քաղաքացիական գիտակցության, դիրքորոշման հարց է, ինչը հարգանքի է արժանի։

Ուրախ եմ, որ թեկուզ ոչ երկար, բայց ինձ համար շատ կարևոր համագործակցություն եմ ունեցել «Առավոտի» հետ՝ վարելով հեղինակային «ԱդրբեջանVSԻրականություն» հաղորդումը, դա ինձ համար յուրահատուկ փորձառություն էր։

Ուզում եմ, թեև առկա բոլոր դժվարություններին, «Առավոտը» շարունակի լինել մեր մեդիա տիրույթում տարիներ ու տասնամյակներ շարունակ՝ իրականացնելով կարևոր գործ։ Ինձ համար այս թերթը և դրանից հետո հիմնված կայքը չհանձնվելու ու ճշմարտությունը չուրանալու կարևոր օրինակ են։ Շնորհավոր, մեզ ու «Առավոտ»-ին։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքում գրում է․

Aravot, ծնունդդ շնորհավոր։ Չեմ կարող ասել, որ ինչքան ինձ հիշում եմ, դուք կայիք։ Բայց կարող եմ ասել, որ քանի կամ, կուզենամ լինեք։

Հայաստանի ժուռնալիստների միության շնորհավորական ուղերձը

Նորանկախ Հայաստանի առաջին լրատվամիջոցներից մեկը՝ «Առավոտ» օրաթերթը, նշում է հիմնադրման 31-ամյակը։ Դա պատկառելի ժամանակահատված է ցանկացած լրատվամիջոցի համար և վկայում է ժամանակի ու վայրիվերումների փորձություններին դիմակայելու կարողության, «Առավոտի» ստեղծագործական թիմի բացառիկ պրոֆեսիոնալիզմի և լրագրությանն անվերապահորեն նվիրվածության մասին։

Հիմնադրման 31-ամյակն «Առավոտը» նշում է հերթական, բայց անցած տասնամյակների համատեքստում՝ գուցե ամենազազրելի փորձության պայմաններում․ իշխանությունները՝ իրավական ինչ-որ անհեթեթ ձևակերպմամբ, լրատվամիջոցին վտարում են Մամուլի շենքի տարածքից, որում «Առավոտը» գործել է 31 տարի շարունակ։ Ցանկացած խելամիտ իշխանություն կվարվեր ճիշտ հակառակ կերպ՝ հենց երեք տասնամյակ գործելու առիթով պետական տարածքը կհատկացներ լրատվամիջոցին՝ ի նշան Հայաստանի հանրային, քաղաքական ու քաղաքացիական կյանքում նրա ունեցած բացառիկ դերակատարության ու ներդրումի։ «Առավոտի» հետ այսօր կատարվողը, սակայն, հերթական անգամ վկայում է մեր հանրային, քաղաքական ախտահարվածության մասին, ինչը, վստահաբար, չի ընկճելու մեր գործընկերներին և ավելի ամրացնելու է ազատ խոսքի ու պատասխանատու լրագրության միջոցով պետությանն ու հասարակությանը ծառայելու նրանց հավատամքը։

«Առավոտ» օրաթերթը սոսկ լրատվամիջոց չէ և ոչ էլ օրաթերթի հաջողության պատմություն։ «Առավոտը» հայկական մամուլի հիմնադիր անբաժան միավորներից մեկն է, որը, միևնույն ժամանակ, լրագրության չհայտարարված դպրոց է եղել ու է բազմաթիվ լրագրողների համար։ «Առավոտը» ստեղծել է արժեքներ, սկզբունքներ, ձևավորել է դրանց հավատարիմ պրոֆեսիոնալների՝ իր հենց այդ առաքելությամբ ու ավանդույթներով դառնալով հակաարժեքային, անսկզբունք ու պոպուլիստ իշխանությունների թիրախը։ Արեժքներն ու ավանդույթները, սակայն, մնայուն են, դրանց դեմ պայքարն ու պայքարողները՝ անցողիկ։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը շնորհավորում է «Առավոտ» օրաթերթի ողջ անձնակազմին՝ նրա գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի գլխավորությամբ, մաղթելով ժամանակի մանր փորձություններին դիմագրավելու կարողություն և հայաստանյան մամուլում ունեցած դերն ու առաքելությունը շարունակելու հաստատակամություն։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրում է․

Շնորհավորում եմ «Առավոտ» օրաթերթին 31-ամյակի կապակցությամբ։
Արդեն երեք տասնամյակ «Առավոտը» անկախ խոսքի, բազմակարծության ու որակյալ լրագրության խորհրդանիշն է Հայաստանում։

Ձեր սկզբունքայնությունն ու մասնագիտական բարձր չափանիշները ձևավորել են վստահության եզակի միջավայր։
Այսօր, երբ ազատ մամուլի դերը կենսական է, դատապարտում եմ «Առավոտի» խմբագրությունը Մամուլի տնից հանելու իշխանության որոշումը՝ այն համարելով վտանգավոր մարտահրավեր ժողովրդավարությանն ու ազատ խոսքին:

Շարունակեք մնալ բարձրակարգ լրատվության ու մասնագիտական ազնվության առաջամարտիկ։ Հաջողություններ ու նոր հաղթանակներ ձեր պայքարում հանուն խոսքի ազատության։

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքում գրում է․ 

«Առավոտ» օրաթերթը 31 տարեկան է ,շնորհավորում եմ օրաթերթի խմբագրությանը և ողջ անձնակազմին:
«Առավոտ» օրաթերթը տարիներ առաջ միշտ լուսաբանել է և հնարավորություն տվել ինձ ներկայանալու իմ գաղափարներով և ծրագրերով, լուսաբանել է պատգամավորական, քաղաքական և հասարակական գործունեությունս: Նույնն էլ այսօր, երբ առավել կարևոր է անկախ և օբյեկտիվ լրատվություն ունենալը:

Աշխարհի զարգացած երկրներում մարդկանց մտքով անգամ չի կարող անցնել, որ իշխանությունները իրենց կարող են հանել իրենց իսկ խմբագրությունից, բայց Հայասռանում դա հնարավոր է:

Եղեք ուժեղ,նպատակասլաց և շարունակեք ձեր կարևոր առաքելությունը: Պայքարեք հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն խոսքի և լրատվության ազատության:

«Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքում գրում է․

«Առավոտ» օրաթերթը 31 տարեկան է։ 31-ամյա «Առավոտին» գործող վարչախումբը վտարում է Մամուլի շենքից։
Ազատ խոսքն ու ժողովրդավարությունը բռնապետական այս վարչախմբի թշնամիներն են։ Փաշինյանը վաղուց չի ներկայացնում հայ ժողովրդին, այդ պատճառով էլ լռեցնում է ժողովրդի շահերից բխող ազատ խոսքը։

Բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Ավետիսյանը ֆեյսբուքում գրում է․

 

Այսօր լրանում է «Առավոտ» օրաթերթի հիմնադրման հերթական տարեդարձը։ Տարիներ շարունակ այս անունը դարձել է լրագրողական պրոֆեսիոնալիզմի, բարեխղճության և սկզբունքայնության խորհրդանիշ։ Այս տարիների ընթացքում «Առավոտ»-ը չի շեղվել իր ընտրած ուղուց՝ հավատարիմ մնալով փաստարկված, պատասխանատու և հավասարակշռված լրագրությանը։

Այս օրը, սակայն, նշվում է մի տխուր իրողության պայմաններում. թերթը զրկվում է իր խմբագրական տարածքից։ Այս լուռ և խորհրդանշական տեղաշարժը սոսկ ֆիզիկական փոփոխություն չէ․ այն բարձրաձայնում է մեր հասարակության ցավոտ միտումների մասին՝ անկախ լրագրության դեմ տեղի են ունենում հետևողական ճնշումներ…

«Առավոտ»-ը, սակայն, երբեք չի կառուցվել պատերով։ Այն կառուցվել է արժեքներով, պրոֆեսիոնալ թիմով, երկարամյա ընթերցողներով ու հանրային վստահությամբ։ Եվ այդ ամենը դժվար է տեղահանել։

Այս տոնական օրը, մասնագիտական հարգանքի խորը զգացումով, շնորհավորում եմ «Առավոտ»-ի ողջ խմբագրակազմին և անձամբ գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին՝ երկար ճանապարհ անցնելու, ճշմարտությանն ու մասնագիտական էթիկային հավատարիմ մնալու համար։

«Առավոտ»-ը եղել և մնում է վառ օրինակ՝ ինչպես կարելի է մնալ ազատ մամուլ՝ լռելու փոխարեն խոսելով, խուսափելու փոխարեն՝ դիրքորոշում ունենալով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031