Այսօրվանից Գյումրիում մեկնարկեց «Գինոսյանական օրեր․ Հայոց լեռների ոգին» անվանումը կրող երկօրյա փառատոնը՝ նվիրված Գագիկ Գինոսյանի մշակութային ժառանգությանը։
Փառատոնը սկսվեց Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակից․ մասնակիցները ավանդական պարային շքերթով Գյումրու պատմական փողոցներով շարժվեցին դեպի Թատերական հրապարակ, որտեղ պարելուց հետո վերադարձան նույն ուղղությամբ։
Հայկական ավանդական պարերը յուրահատուկ բարձր տրամադրություն էին հաղորդել այս քաղաքի բնակիչներին ու զբոսաշրջիկներին։ Մարդիկ, տեսնելով պարային շքերթը, միանում էին, պարում, նկարում, շենքերից պատուհաններից ևս ողջունում էին։
Կարդացեք նաև
Հայկական ավանդական տարազներն ու պարերը ոչ մեկին անտարբեր չէին թողնում․ կարելի է ասել՝ Գյումրին պարում էր․ ցնծում․ զգալի էր ազգային խրոխտ ոգին ու շունչը մշակութային այս քաղաքում։
«Միասին ապրեցնենք Հայոց լեռների ոգին»․ սա էր նշանաբանը։
Փառատոնը շարունակվեց Գյումրու Ալեքսանդրովսկի ճեմափողոցում՝ Գալա համերգով։ Վաղը տեղի կունենա նաև պանելային քննարկում։
Գագիկ Գինոսյանի դուստրը՝ «Ազգային երգ ու պարի ակադեմիա կրթամշակութային հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Անի Գինոսյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ Գյումրին փառատոնի անցկացման համար պատահական չի ընտրվել․ Գյումրու կոլորիտը հիշեցնում է Գագիկ Գինոսյանի հայրական քաղաքը՝ Ախլցխան։ Բացի այդ, ըստ նրա, Գյումրին Հայաստանի մշակութային մայրաքաղաքն է, որը ցավոք, իր ավանդական մշակույթից հեռու է, այդ պատճառով էլ որոշել են ավանդական մշակույթը բերել Գյումրի։
Ըստ մեր զրուցակցի, շքերթին ու փառատոնին մասնակցում են 10 պարային խմբեր՝ 120-ից ավելի անձանցով։ Պարային խմբերի մեծ մասը Երևանից են, մեկը Չարենցավանից, մյուսը՝ Գյումրիից։
Անի Գինոսյանը մեզ փոխանցեց իր հոր պատգամը․ «Ավանդական մշակույթը դարձնել միջոց դեպի ինքնության ճանապարհ գնալու, ինքնությանը վերադառնալու»։
Փառատոնը Գագիկ Գինոսյանի ծննդյան տոնի առթիվ է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ