Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) երկու խոշոր մասնաճյուղերում նոր ղեկավարներ նշանակվեցին, ընդ որում երկուսում էլ իշխող ուժի ներկայացուցիչները՝ Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղում՝ Սարիկ Մինասյանը, իսկ Լոռու «Դեբեդ» մասնաճյուղում՝ Տիգրան Հովսեփյանը:
Իր կուսակիցներին ներկայացնելու համար Վանաձոր ու Գյումրի էր հասել պետության կողմից ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը:
Նրա այս նշանակումներին հետևեցին ընդդիմադիրների քաղաքական գնահատականները, թե մոտ 7000 աշխատակից ունեցող մասնավոր ընկերությունը 2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքականացվում է:
Օրինակ, «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ՀԷՑ-ը վերածվում է «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական շտաբի: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս կարծում է, որ ՀԷՑ-ը կօգտագործվի որպես ընտրական ռեսուրս:
Կարդացեք նաև
Հինգերորդ ալիքին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ իր պաշտոնավարման տարիներին են բաշխիչ ցանցերը սեփականաշնորհվել ու հիմնավորեց, թե ինչու. «Ես գիտեմ, թե ինչ վիճակում է եղել բաշխիչ ցանցերը, երբ եղել են պետական: Խայտառակ պատկեր էր, «լույսի մարդը» ամենից կարևոր մարդն էր Հայաստանում, որովհետև տեղում ինչ ուզում, անում էր, սչոտչիկները հետ պտտացնել, փող աշխատել, տասնյակ միլիոն դոլարների պարտքեր կուտակել բաշխիչ ցանցերի վրա»:
ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի արձագանքը չուշացավ: Նա «Գույք պարտքի դիմաց կամ պետության դիմակայունությունը կոտրելու դասական հակապետական օպերացիա» վերնագրով գրառման մեջ Քոչարյանի իշխանության տարիներին Ռուսաստանին հանձնված գույքերի ցանկն ու փաստաթղթեր է հրապարակել: Իսկ վերջում գրել. «Առաջարկում եմ այս ամբողջ նյութն ու մատնանշված փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո եւս մեկ անգամ դիտել ՀՀ քաղաքացի Ռ.Քոչարյանի՝ նախօրեին տված հարցազրույցն ու պատասխանել մի կարեւոր հարցի՝ «ու՞մ շահերից է ապրում/գործում/ջանում շուրջ 10 տարի բարձրագույն պաշտոնն զբաղեցրած սույն անձը եւ ի՞նչ է ուզում վերջապես նա մեր ժողովրդից…»։
Ավելի վաղ ՀԷՑ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն էր ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանի նշանակումը քաղաքական որակել ու սա կապել առաջիկա ընտրությունների հետ:
«Քաղաքացիական պայմանագրից» Հասմիկ Հակոբյանը հակադարձում է՝ հեղափոխությունից հետո ընտրությունները կեղծելու էջը փակ է: Իշխանական պատգամավորը սլաքն ուղղում է իրենց ընդդիմախոսների կողմը. «Ընտրության կեղծման մեխանիզմներին տիրապետում են նման եզրահանգում արած մարդիկ: Ուրեմն նրանք նախկինում օգտագործել են ՀԷՑ-ը»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում