Ըստ Reuters գործակալության տվյալների՝ Ադրբեջանը և մի քանի Կենտրոնական Ասիայի երկրներ դիտարկվում են որպես Աբրահամի համաձայնագրերի հավանական նոր մասնակիցներ։ Ադրբեջանի մասնակցության հիմնական պայմաններից մեկը Հայաստանի հետ խաղաղության հասնելն է: Թրամփի թիմի աղբյուրները ընդգծել են, որ նախագահը Բաքվի և Երևանի միջև հնարավոր համաձայնագիրը համարում է «կարևոր քայլ» հետխորհրդային տարածքում դիվանագիտական ճարտարապետության ընդլայնման ուղղությամբ: Այս թեմայի շուրջ Aravot.am-ի հարցերին է պատասխանել քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
– Ինչպես կարող է Հայաստանի համար բարելավել կամ բարդանալ իրավիճակը, եթե Ադրբեջանը միանա այս նախաձեռնությանը խաղաղության դիմաց:
-Եթե խոսքը խաղաղության պայմանագրի մասին է, ապա այդ պայմանագիրը ՀՀ-ին ոչինչ չտվող բան է: Դրա շուրջ բանակցությունների զարգացումներին, որ նայում եմ, տեսնում եմ, որ դա առիթ է, որով Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանից անընդհատ ինչ-որ բաներ է պոկում: Դրա արդյունքը, եթե դա ստորագրվի էլ, ՀՀ-ին ոչինչ չի տալու: Նիկոլ Փաշինյանի համար կարեւոր կարող է լինել որպես նախընտրական փաստաթուղթ, որ ասի՝ այ տեսեք, ձեզ խաղաղություն բերեցի: Իսկ Թրամփը հիմա իր կողմից սարքած խաղաղություններ է հավաքում: Հնդկաստան, Պակիստան, ասում է՝ ես խաղաղություն արեցի, Իրանին ռմբակոծեց, ասում է՝ ես խաղաղություն արեցի, Կամբոջա, Թաիլանդ վերջին պատերազմում էլի ասում է՝ ես արեցի խաղաղություն: Հայաստանն էլ կլինի իր ռեզյումեում եւս մի տող, որով նա դիմել է Նոբելյան խաղաղության կոմիտեին, որ մրցանակ ստանա:
– Ի՞նչ քաղաքական կամ դիվանագիտական ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի՝ Աբրահամի համաձայնագրերին միանալը տարածաշրջանի վրա
Կարդացեք նաև
-Այնուամենայնիվ, եթե Ադրբեջանը միանա ԱՄՆ ազդեցությունը կուժեղանա, եթե ՀՀ –ն դուրս մնա այդ համաձայնագրերի շրջանակից, ՀՀ-ն կգտնվի այդ դիվանագիտական ալյանսի որոշակի ճնշման տակ: Փաստորեն, ստեղծվում է մի ալյանս, որին դեմ են ՌԴ-ն, Չինաստանը, դուրս են մնում այդ ալյանսից, չեն միանում: Մենք տեսնում ենք՝ Ռուսաստանի դեպքում, եթե ինչ-որ մի ալյանսի մեջ չկա, ուրեմն դա իր դեմ է, կսկսի դրա դեմ աշխատել: Այսինքն՝ դա որոշակի լարվածություն կմտցնի տարածաշրջանում:
– Կարո՞ղ է արդյոք ԱՄՆ-ն օգտագործել այս գործընթացը իր ազդեցությունն ամրապնդելու համար Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում
-Հաստատ կօգտագործի, որովհետեւ իր նախաձեռնությունն է, իսկ եթե իր նախաձեռնությունն է, ապա դա անում է ինչ-որ առավելություններ շահելու համար:
-Ի՞նչ է նշանակում դիվանագիտության ճարտարապետության ընդլայնում Աբրահամի համաձայնագրերի շրջանակում եւ ինչպես է այն կապված հետխորհրդային տարածքի հետ՝ հաշվի առնելով, որ Թրամփը բացի Ադրբեջանից նաեւ Ուզբեկստանին եւ Ղազախստանին է մտադիր մասնակից դարձնել համաձայնագրերին:
– Ղազախստանը կարեւորագույն դեր կարող է ունենալ, որովհետեւ գնալով ընկնում է Չինաստանի ազդեցության տակ, ու Թրամփը փորձում է այս երկիրը պոկել Չինաստանից: Իսկ դա տարածաշրջանային շատ կարեւոր կենտրոն է, փորձում է , ըստ էության իսլամական երկրներ մտցնել այդ ալյանսի մեջ, ինչով կփորձի իսլամական երկրների նկատմամբ որոշակի վերահսկողություն ունենալ:
Ինչ վերաբերում է ՀՀ-ին, մեր զրուցակիցը չբացառեց, որ Աբրահամի համաձայնագրին միանալը ՀՀ համար դառնա ճնշող գործիք. «Օրինակ՝ ճնշեն ՀՀ-ին, ասեն՝ այ Ադրբեջանը ուզում է այդ միջանցքը լինի, պետք է տաք, խաղաղության պայմանագիր լինի՝ ՀՀ-ից որոշակի զիջումների հաշվին: Ինքնիշխանության զիջում, օրինակ ասեն փոխեք Սահմանադրությունը կամ տարածքային զիջումներ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ