Կապան կատարած կրթամշակութային այցիս շրջանակում նախատեսել էի հանդիպում տեղի թատրոնի դերասաններից մեկի հետ։ Ինչ արած, տխրեցի, նրա՝ մայրաքաղաքում լինելու պատճառով մեր հանդիպումը չկայացավ։
Քաղաքում զբոսաշրջության ընթացքում ինձ ուղեկցում էր տեղացի մի շատ խելացի ու անուշիկ աղջիկ՝ Անին։ Երեկոյան զբոսնելիս Անիին խնդրեցի թատրոն գնանք, գոնե դրսից շենքը տեսնելու հնարավորություն կունենայի։
Կապանը երեկոյան իր զով եռուզեռն էր ապրում։ Պուրակներն ու այգիները մարդաշատ էին։ Երեխաները խաղում էին, դես ու դեն վազվզում, հեծանիվ ու ինքնագլոր քշում։ Նստարաններին խմբված տարեցներն օրվա անցուդարձն էին քննարկում, կարծիքներ հայտնում․ այդ օրը քաղաքը պաշտոնական հյուր էր ունեցել։ Հետո սկսեցին իրար հերթ չտալով վառվել բնակելի բարձրահարկերի լույսերը, հակառակ դրան՝ կողպվում էին հասարակական շենքերի դուռներն ու պատուհանները։
Հասանք թատրոն։ Աստիճանները բարձրանալիս․․․ զարմանք, մուտքի դուռը բաց էր, լույսերը՝ վառված։ Ուղեցորդուհուս առաջարկով ներս մտանք։ Մեզ դիմավորող հսկիչին բարևելուց հետո անմիջապես տվեցի մոտակա օրերի ներկայացումների ցանկի մասին՝ գուցե և անիմաստ հարցս։ Իրականում շատ լավ գիտեի, որ թատրոնը օրեր հետո արձակուրդում է լինելու, իսկ 89-րդ թատերաշրջանի ներկայացումներն արդեն ավարտված էին։
Կարդացեք նաև
Շենքից դուրս եկանք։ Լուսանկարչական խցիկն ակտիվացնելով՝ փորձում էի շենքը լուսանկարել, ու հանկարծ բակից ձայներ լսվեցին։ Մեզ դիմավորողը թատրոնի ստեղծագործական խմբի ղեկավար Վազգեն Պողոսյանն էր։
Այցն անսպասելի էր, հանդիպումը՝ ջերմ։ Շրջեցինք թատրոնում։ Դահլիճը լուսավորվեց երեկոյան նվաղ լույսով։ Դատարկ նստարանները, երևի թե, իրենց ժամանակավոր հանգիստն էին ապրում, բեմն աշխատանքային դեկորներով էր ծանրաբեռնված։ Պարզվում է՝ թատրոնը տարվա այս ընթացքում անելիքներ դեռ շատ ունի․ տարին հոբելյանական է։ Ալ․ Շիրվանզադեի անունը կրող Կապանի պետական դրամատիկական թատրոնն արդեն 90 տարեկան է։ Ի պատիվ մեծ գրողի և դրամատուրգի՝ հոբելյանական պրեմիերայի ընթացքում բեմադրվելու է հեղինակի գլուխգործոց «Քաոս»-վեպը։
Այս անգամ կապանյան ամառային զովաշունչ հովի ու սուրճի ընկերակցությամբ մեր զրույցը շարունակվեց թատրոնի բակում։ Անձնակազմը ժամեր ձգված փորձից հետո վայելում էր հանգիստը, քննարկում ներկայացման հետ կապված որոշ մանրամասներ։ Նրանց հետ հանդիպումը ջերմ ու անմիջական ստացվեց։
«Խորհրդային տարիներին թատրոնի ներկայիս շենքում գործել է քաղաքի Կինոյի տունը, սակայն թատրոնի նախկին շենքի հրդեհվելուց հետո թատրոնը տեղափոխվել է այստեղ։ Նախորդ դարասկզբին հմնված մեր թատրոնը սկզբում կոչվել է Զանգեզուրի միջշրջանային թատրոն անունով։ Առաջին բեմադրությունը եղել է Շիրվանզադեի «Չար ոգին»։ Թատրոնի խաղացանկը հետագայում հարստացել է «Օթելլո», «Նամուս», «Պատվի համար», «Պեպո», «Խաթաբալա» և բազմաթիվ այլ ներկայացումներով։ Մեր բեմադրիչներն անդրադարձել են ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային դրամատուրգների գործերին։ Այս բեմը փառահեղ անցյալ է ունեցել։ Այստեղ խաղացել են թատերարվեստի հսկաներ Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Մհեր Մկրտչյանը․․․,- մեզ հետ զրույցի ընթացքում թատրոնի անցած ուղու մասին ոգևորությամբ պատմեց Վազգեն Պողոսյանը։ –Այսօր թատրոնի խաղացանկը բազմաբնույթ է։ Բեմադրում ենք ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից դրամատուրգների գործեր։ Երեխաների համար հրաշալի ներկայացումներ ևս ունենք»։
Դերասանուհի Էլեն Սարգսյանը ոգևորված իր դերի մասին էր պատմում․ նոր ներկայացման մեջ Շուշանիկ էր խաղալու։ Ես էլ ծիծաղելով Միքայելի մասին հետաքրքրվեցի։
Բեմանկարիչ Արրեն Հայրապետյանը հիացմունքով էր թվում այն թատրոնների անունները, որոնք շենքային բարեկարգ վիճակում են։ «Ուրախ ենք, որ մեր թատրոնում ևս արդիականացվեց լուսային և ձայնային համակարգը, սակայն շենքային պայմանները դեռևս լիարժեք չեն, ինչը ստեղծագործական որոշակի բարդություններ է առաջ բերում։ Սակայն լիահույս ենք, որ այս ընթացքում մեր թատրոնի շենքը ևս նոր ու արդիական պայմաններով կդիմավորի աշխատակազմին ու թատերասեր հանրությանը»,-նշեց բեմանկարիչը։
Կապանցիների հետ զրույցից արդեն տեղեկացել էի, որ թատրոնում տոմսերը սպառվում են շատ արագ։ Հայաստանյան այս չքնաղ ու ժամանակակից շունչով ապրող քաղաքում, փաստորեն, մշակութային կյանքը շարունակում է ապրել իր չդադրող եռուզեռը։
Հուսանք՝ Կապանի պետական դրամատիկական թատրոնը մինչ իր մեկդարյա կենսագրության հասնելը՝ կունենա շենքային նոր ու ժամանակակից պահանջներին համապատասխանող պայմաններ, իսկ բեմը միշտ կենսունակ կմնա ինչպես բեմադրվող նորանոր ներկայացումներով, այնպես էլ հարավային այս հեռավոր քաղաքի սրտում գործող թատրոնում կիրականացվեն հյուրախաղեր, թատերական միջոցառումներ ու փառատոններ, ինչպիսիք էին Կամերային ներկայացումների փառատոնը, «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, որոնք տարվա ընթացքում քաղաքին իսկապես հաղորդել էին մշակութային չտեսնված խանդավառություն։
Հաջողություններ մաղթենք Կապանի պետական դրամատիկական թատրոնի 90-րդ թատերաշրջանին։ Թատերասեր հանրությանը, ինչպես տեղեկացանք, դեռևս սպասվում են հետաքրքիր ու հրաշալի նորություններ։
Նաիրա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
արձակագիր, մանկավարժ


















































