Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի մասնակիցներից՝ ստեղծարար ձեռներեցներ. «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրի 3-րդ փուլը մոտեցավ ավարտին

Օգոստոս 04,2025 14:29

«Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիր»-ը յուրահատուկ հնարավորություն է այն երիտասարդների համար, ովքեր անցել են 44-օրյա պատերազմի փորձությունը, բայց որոշել են շարունակել ապրել, արարել, ստեղծել իրենց, իրենց ընտանիքների և երկրի համար:

Ծրագիրն ունի մի քանի փուլ․ շահառուները նախ մասնակցում են մասնագիտական կողմնորոշման ճամբարին, որտեղ ստանում են անհատական խորհրդատվություն՝ իրենց նախասիրությունների, կարողությունների և տեղային հնարավորությունների համադրման հիման վրա։ Այս գործընթացի շնորհիվ յուրաքանչյուր մասնակից ի վերջո ընտրում է իր անհատական զարգացման ուղին։ Ոմանք որոշում են ստեղծել կամ ընդլայնել իրենց բիզնեսը, իսկ մյուսները՝ ընտրել հստակ մասնագիտություն, որը կուզենան սովորել և որով կկարողանան աշխատել։ Բիզնես գործունեությամբ զբաղվել ցանկացողների համար հիմնադրամը նախ կազմակերպում է բիզնես կառավարման և պլանավորման դասընթացներ, որի վերջում միայն մասնակիցները ներկայացնում են իրենց գործարար ծրագրերը հատուկ ձևավորված հանձնաժողովին և ստանում ֆինանսավորում: Իսկ նրանց համար, ովքեր ցանկանում են նոր մասնագիտություն ձեռք բերել, հիմնադրամը հոգում է վերապատրաստման դասընթացների ծախսերը:

2024-2025 թվականներին ծրագիրն իրականացվում էր ՀՀ երեք մարզերում` Արարատ, Կոտայք, Վայոց ձոր, և ներառում էր 83 շահառու, ում հետ ամիսներ շարունակ աշխատել են «Իմ քայլը» հիմնադրամի մարզային աշխատակիցները, ծրագրի ղեկավարը, բիզնես փորձագետներ, ոլորտային մասնագետներ և այլն: Այժմ` ծրագրի ավարտին, երբ նրանց ձեռքբերումները կամաց-կամաց տեսանելի են դառնում, կիսվում ենք մասնակիցների անցած ուղիով և հաջողություններով:

Ծրագրի այս փուլի շահառուներից է Վարդան Հակոբջանյանը, որը զբաղվում է ձիաբուծությամբ։ Նա առանձնահատուկ խնամքով ու սիրով է խնամում ձիերին, քանի որ դեռ մանկուց իր տարերքն են եղել: Հիմնադրամը ծրագրի շրջանակում Վարդանին տրամադրել է 6 ձի, որը հնարավորություն է տվել ընդլայնել ձիաբուծության բիզնեսը: Նրա խոսքերով ձիաբուծությունը օգնում է մասամբ հոգալ ընտանիքի ծախսերն ու նպաստել տնտեսապես կայունացմանը:

Մյուս շահառուի՝ Կարեն Ռաշոյանի պատմությունը ոչ պակաս հուզիչ է: Նրա անսպառ աշխատասիրությունը ապացույց է, որ սեփական գործի  հանդեպ սերը և համառությունն ամենահզոր գործիքներն են։ Մասիսում նրա հիմնած ձկնաբուծարանը ամեն այցից հետո էլ ավելի է բարեկարգվում, տարածքը կանաչապատվում է, ավելանում են հանգստի նոր գոտիներ և այլն:  «Հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցելու եմ փոքրիկ եռանկյունաձև տնակ, որը այցելուներին հնարավորություն կտա գիշերակացով գալ մեզ մոտ և վայելել ընտանեկան հանգիստը բնության գրկում: Կմախքն արդեն կամաց-կամաց սկսել եմ հավաքել» – մեզ հետ զրույցում նշեց Կարենը:

«Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի հետ զրուցեցինք ծրագրի ձեռքբերումների ու արդյունավետության մասին: Նա նշեց, որ ծրագիրը այժմ գտնվում է մասնակիցների գործարար ծրագրերի ֆինանսավորման  փուլում։ Բայց այսքանով ամեն ինչ չի ավարտվում.

«6 ամիս և 12 ամիս անց պարտադիր կլինեն մշտադիտարկման այցեր, որպեսզի վստահ լինենք՝ աջակցությունը եղել է թիրախային, իսկ ֆինանսավորումը ծառայել է իր իրական նպատակին»:

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիր»-ն արդեն իրականացվել է Շիրակ, Արմավիր, Լոռի, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք մարզերում: Ներկայում հիմնադրամը սկսել է աշխատել ծրագրի 4-րդ փուլի մեկնարկի ուղղությամբ՝ մնացած չորս մարզերում։ Վերջնական մարզերը կհայտարարվեն՝ կախված յուրաքանչյուր մարզում բնակվող պոտենցիալ շահառուների քանակից։

«Իմ քայլը» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031