Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեկորատիվ» ստորագրում. քաղաքական մեկնաբանը՝ ԱՄՆ-ում ուրբաթ հայ-ադրբեջանական փաստաթղթի հնարավոր կնքման մասին

Օգոստոս 04,2025 15:59

«Եթե իրականությանը համապատասխանում է տեղեկությունը, որ Վաշինգտոնում կարող է լինել այդպիսի իրադարձություն, ապա այն կունենա բավականին հնչեղ տեղեկատվա-քարոզչական էֆեկտ, բայց գործուն խաղաղության երաշխավորման հարցում իհարկե դրա նշանակությունը կլինի շատ ցածր»։

Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց  քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ մեկնաբանելով մամուլում տարածվող տեղեկությունը, թե ուրբաթ Սպիտակ տանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նախագահ Իլհամ Ալիեւը կարող են խաղաղության մասին փաստաթուղթ ստորագրել։

Լուրն առաջինը հայտնել է Վաշինգտոնում գործունեություն ծավալող լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն՝ հղում կատարելով իր անանուն աղբյուրներին։

Ըստ Հակոբ Բադալյանի՝ հնարավոր է, որ Վաշինգտոնում կողմերը խաղաղության փաստաթղթի «նախաստորագրում» կատարեն, որի մասին խոսվել էր ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում նախորդ ամիս Փաշինյան-Ալիեւ բանակցությունից հետո։

«Այլ կերպ ասած՝ «դեկորատիվ» ստորագրում, որը չի ենթադրում ամբողջական պայմանագրի կնքում, միեւնույն ժամանակ կարող է տեղեկատվա-քարոզչական իմաաստով բավարարել թե՜ կողմերին, թե՜ Թրամփին», — նշում է քաղաքական մեկնաբանը։

Խաղաղությունն ապահովվում է ուժերի հավասարակշռությամբ

Հակոբյանին հարցրինք՝ որքանո՞վ է հավանական, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռքբերվելիք հնարավոր համաձայնությունն ընթանա 2020 թվականի արցախյան պատերազմը դադարեցնելու Թրամփի ձախողված միջնորդության ճանապարհով, երբ կրակը դադարեցնելու կողմերի համաձայնության մասին գրառում կատարեց անձամբ նախագահ Թրամփը, Բաքուն չհարգեց պայմանավորվածությունը եւ դրան չհետեւեց ամերիկյան որեւէ հակազդեցություն։

«Բազմիցս խոսվել է այն մասին, որ խաղաղությունն ապահովվում է ոչ թե խաղաղության պայմանագրով, այլ ուժերի հավասարակշռությամբ», — հիշեցնում է Հակոբ Բադալյանը եւ շարունակում. «Հարավային Կովկասում խաղաղության կամ պատերազմի հարցը գտնվում է մի շարք աշխարհաքաղաքական դերակատարների եւ գործոնների շահերի ու մրցակցության բարդ հանգույցում: Այդպիսի հանգույցներում խաղաղությունը չի կարող երաշխավորվել թղթով»։

«Թրամփին չի հաջողվում որեւէ տեղ ցույց տալ խաղաղության հաստատման իրական պատմություն»

Քաղաքական մեկնաբանի հետ զրույցում հետաքրքրվեցինք նաեւ, թե ի՞նչ բացատրություն կարելի է տալ այն հանգամանքին, որ ի տարբերություն նախագահ Բայդենի՝ նախագահ Թրամփը սեփական շուրթերով առնվազն երկու անգամ անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին։ Սա այն պարագայում, երբ առկա էին հոռետեսական կանխատեսումներ, թե Թրամփը անուշադրության կմատնի Հարավային Կովկասը։

Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ Դոնալդ Թրամփը Հայաստան-Ադրբեջան բանակցություններին ներգրավվելով՝ ներքաղաքական խնդիր է լուծում։

Նրա խոսքով՝ հավանական չէ, որ «Թրամփն ավելի շատ է դրսեւորում Հարավային Կովկասով հետաքրքրություն, քան Բայդենն էր: Ինչ վերաբերում է Թրամփի վերջին անդրադարձերին, ապա ինչպես արդեն նշեցի, նա ունի որեւէ արտաքին քաղաքական հաջողության պատմության կարիք, քանի որ ԱՄՆ ներքին կյանքը աստիճանաբար մտնում է Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախընտրական շրջան: 2026-ին կայանալիք միջանկյալ ընտրությունը Թրամփի համար լուրջ մարտահրավեր է, մինչդեռ նա չունի իր նախագահական ընտրարշավի ընթացքում ազդարարած եւ որեւէ լուրջ նպատակի իրագործում: Արտաքին դաշտում նա խոստացել է խաղաղություն Ուկրաինայում, բայց այն չկա եւ չի էլ նշմարվում: Նա խոստանում էր լուծում Իրանի հարցում, Գազայում, բայց մենք տեսնում ենք, որ Թրամփին չի հաջողվում որեւէ տեղ ցույց տալ խաղաղության հաստատման իրական պատմություն: Ըստ ամենայնի՝ այդ նկատառումով էլ փորձ է արվում այդպիսի պատմություն ստանալ հայ-ադրբեջանական ուղղությամբ»։

Ի՞նչ կշահեն հայկական եւ ադրբեջանական իշխանությունները

Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները նույնպես կշահեն՝ փաստաթուղթ «նախաստորագրելով»։

«Երեւանի համար դա իր հերթին օգտակար կլինի 2026 թվականի խորհրդարանի ընտրության հաշվարկով՝ էլեկտորատին որպես «խաղաղության օրակարգի» արդյունք ներկայացնելու համար:

Բաքուն իր հերթին կփորձի Թրամփին ընդառաջ գնալու համար ստանալ որոշակի դիվիդենդներ՝ մեծ հաշվով չմտնելով եւ որեւէ սկզբունքային պարտավորության տակ, առնվազն հայ-ադրբեջանական հարցում», — բացատրեց զրուցակիցս։

Համատեքստ

Հիշեցնենք. Հուլիսի 18-ին Սպիտակ տանը Թրամփը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն հրաշք է գործել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համատեքստում։

Դրանից օրեր առաջ նախագահը վստահություն էր հայտնել, թե Երեւանն ու Բաքուն մոտ են խաղաղությանը, ի հեճուկս այն հանգամանքին, որ Ալիեւը խաղաղության նախապայմաններ է դնում Երեւանի առջեւ՝ առաջին հերթին Սահմանադրության նախաբանը փոփոխելու առնչությամբ։

Նախագահության երկրորդ ժամկետը ստանձնելուց ի վեր Թրամփը բավականին ակտիվ գովազդում է խաղաղության հաստատման իր հաջողված միջնորդությունները։ Վերջինը վերաբերում էր Թաիլանդի եւ Կամբոջայի միջեւ կրակի դադարեցման համաձայնությանը։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031