Լրահոս
Օրվա լրահոսը

Դարերից եկած և դարեր գնացող Սուրբ Տաճարը՝ Վեհափառ Հայրապետի ջանքերով այսօր կանգնած է ամուր ու անխորտակելի հիմքերի վրա. Տեր Մարտիրոս Ավագ Քահանա Ավետիսյան

Օգոստոս 04,2025 16:35

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՎԻ ԳՈՐԾԸ

Աշխարհի շատ ժողովուրդներ ունեն իրենց սրբությունները, նվիրական վայրերը, որոնք սերտորեն կապված են տվյալ ազգի պատմության, անցյալի ու ներկայի, հոգևոր-կրոնական զգացումների և ազգային ինքնության հետ։ Հայ ժողովրդի համար այդպիսի սրբություն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ իր Մայր Տաճարով՝ որպես ազգի միասնության խորհրդանիշ և հավատքի առանցք, որը ձգողական իր զորությամբ ու անտեսանելի թելերով կապված է ողջ հայության սրտի հետ։ Լուսավորչի տեսիլքով հաստատված Մայր Տաճարի պահպանության համար 1700 տարիների ընթացքում մեր սրբազան հայրապետներն ու բարեպաշտ իշխանները ջանք չեն խնայել՝ սկսած Վահան Մամիկոնյանից ու Կոմիտաս Կաթողիկոսից մինչև Գևորգ Զ և Վազգեն Ա հայրապետներ։ Պատահական չէ, որ 1945թ. Ազգային-Եկեղեցական ժողովի ընթացքին ազգընտիր Կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը հայտարարում է. «Պատմական այս կոթողի կյանքի հարատևության և նրա վայելուչ վիճակում պահելու գործը հայ ժողովրդի պատվի գործն է»։ 20-րդ դարի երկրորդ կեսին, հակառակ պատմական դժվարին շրջանին, հնարավոր եղավ կատարել Մայր Տաճարի վերանորոգման տարբեր աշխատանքներ։ Աստծո կամոք «Հայ ժողովրդի պատվի գործը» վերապահված էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Նորին Սրբության նախանձախնդիր ջանքերով իրականացավ մեր սրբազան հայրապետների ու բարեպաշտ ժողովրդի մեծագույն երազանքը, և կատարվեց Մայր Տաճարի հսկայածավալ հիմնանորոգումը, որի շնորհիվ առաջիկա դարերում Մայր Տաճարը իր զավակներին իր գիրկը կառնի «վայելուչ վիճակում»։ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ՝ 2012 թվականից սկսվեցին Մայր տաճարի նորոգման հետազոտական աշխատանքները, իսկ բուն շինաշխատանքները մեկնարկեցին 2018 թվականից և տևեցին 6 տարի։

Մասնագետների կարծիքով՝ այսպիսի ամբողջական հիմնանորոգում Մայր Տաճարն իր ողջ պատմության ընթացքին չի տեսել, ինչի շնորհիվ կանխվեց տաճարի հնարավոր փլուզումը։ Պատմական այս իրադարձության իրագործման ճանապարհին մեծագույն դերակատարությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսինն է։ Ովքեր երբևէ առիթ են ունեցել Նորին Սրբության հետ քայլելու Մայր Աթոռի խաղաղության մեջ, գիտեն, թե ինչ գորովանքով է Վեհափառը վերաբերում մեր սրբության յուրաքանչյուր զարդանախշի, խոյակի ու քարի։ Քահանայից վերապատրաստման շրջանին, մեկ ամիս ապրելով Մայր Աթոռում, երեկոյան այցելում էինք Մայր Տաճար՝ հետևելու շինաշխատանքների վերջին փուլին։ Վեհափառը գրեթե միշտ այնտեղ էր։ Իր պահանջկոտ բնավորության համաձայն՝ Հայրապետը հետևում էր մեզ անկարևոր թվացող ամեն մի մանրուքի՝ այն տեսլականով, որ նորոգված Տաճարը հանձնվում է դարերի հարատևությանը։ Հաճախ մենք էլ էինք միանում շինաշխատակիցներին, որով մեր փոքրիկ ներդրումն էինք ունենում «Հայ ժողովրդի պատվի գործում»։ Դարերից եկած և դարեր գնացող Սուրբ Տաճարը՝ որպես հայ ժողովրդի բաբախող սիրտ, Վեհափառ Հայրապետի նվիրական ջանքերով և մեր ազգի բարեսեր զավակների աջակցությամբ այսօր կանգնած է վայելուչ տեսքով՝ ամուր ու անխորտակելի հիմքերի վրա։

Հիշենք Դանիել մարգարեին, ով օտարության մեջ իր վերնատան պատուհանները բացում էր դեպի Երուսաղեմ և աղոթում այնտեղ՝ ի նշան սուրբ քաղաքի հետ իր անխզելի կապի (Դան. 7․10-11)։ Նույնպես էլ աշխարհում սփռված յուրաքանչյուր հայի հոգու և մտքի պատուհաններն են բաց դեպի Սուրբ Էջմիածինը՝ որպես հավատքի և ազգային միասնության փարոս։

Տեր Մարտիրոս Ավագ Քահանա Ավետիսյան
Մասյացոտնի թեմի Դարբնիկ համայնքի հոգևոր հովիվ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031