Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը փորձում է վերահսկել դատավարության ընթացքն ու արդյունքը․ ինչո՞ւ է  «Կարմիր խաչը» հեռացվում Ադրբեջանից` ըստ Արա Ղազարյանի

Օգոստոս 04,2025 18:04

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի սկզբին կդադարեցնի գործունեությունը Ադրբեջանում ։ Այդպիսով ադրբեջանական բանտերում գտնվող հայերի իրավունքների պաշտպանությունն ու նրանց հետ կոմունիկացիայի իրականացումը դառնալու է է՛լ ավելի խնդրահարույց․ Aravot.am-ի հետ զրույցում ասաց միջազգային քրեական իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։  

«Կարմիր խաչը» չեզոք մարմին է․ իրենք այցելում են կալանավորներին, հանձնուքներ, նամակներ են փոխանցում։ Այսինքն, ոչ իրավական, այլ հումանիտար գործունեություն է ծավալում։ Ամեն դեպքում, հիմա, եթե այդ կառույցը դուրս է գալիս, հույսը ամբողջովին մնում են Ադրբեջանի իշխանությունները։ Իսկ Ադրբեջանի իշխանությունները կարող են դա ուղղակի չանել։ Կալանավորների համար վտանգավոր է դառնում։ Այսինքն, իրենք արտաքին աշխարհի հետ կապից ընդհանրապես կտրվում են։ Չեզոք միջազգային մարմնի ներկայությունն ենք մենք կորցնում»,- մանրամասնեց Արա Ղազարյանը։

Ադրբեջանի համար էլ, ըստ մեր զրուցակցի, սա լուրջ հարված է, մասնավորաբար՝ երկրի հեղինակությանը․ «Բոլոր պետությունները, որոնք վավերացնում են Ժնեւի կոնվենցիան, պետք է ապահովեն «Կարմիր խաչի» ներկայությունն ու այդ կառույցի համար հասանելիությունը։ Ըստ էության՝ Ադրբեջանը Ժնեւի կոնվենցիայի խախտում է թույլ տալիս։ Բայց հիմա ի՞նչը չի խախտվում, որ․․․ Գազայում՝ տեսեք, ի՜նչ է կատարվում, սարսափելի վիճակ է»։

Դիտարկմանը՝ մինչ աշխարհում հարցերը կկարգավորվեն, մենք խնդիր ունենք Բաքվում մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու, եւ հարցին՝ կա՞ն այլընտրանքային տարբերակներ, կամ տեղյա՞կ է մեր զրուցակիցը, ՀՀ-ն, որի կառավարիչներն անընդհատ թմբկահարում են Բաքվի հետ հարցերն ուղիղ լուծելու մասին, դիվանագիտական ասպարեզում քայլեր ձեռնարկո՞ւմ են այս ուղղությամբ, Արա Ղազարյանը պատասխանեց՝ թե դիվանագիտական հարթությունում պետությունն ինչ է անում, ինքը տեղյակ չէ, բայց այլընտրանքային ճանապարհներ էլ չի տեսնում․ «Օրինակ, երբ «Կարմիր խաչի» միջոցով ես կապ էի պահպանում բանտարկյալի հետ, պետական մարմիններն ընդհանրապես մասնակցություն չունեին, եւ դա շատ լավ էր։ Գոնե ծնողները նամակ կարող էին ուղարկել, գոնե կարող էի «Կարմիր խաչին» խնդրել, որ էնտեղ հորդորի, որ բժիշկներն այցելեն, եւ երբեմն դա լուծվում էր։ Չկա միջազգային չեզոք ներկայություն՝ բավական վտանգավոր վիճակ է ստեղծվում, թեեւ իրենք էլ հասկանում են, որ եթե ուզում են ավարտված դատական գործ, որտեղ հիմնական մեղադրյալը կլինի Հայաստանի Հանրապետությունը, ուրեմն պետք է թույլ տան, որ այդ դատավարությունն ավարտվի։ Իսկ որպեսզի թույլ տան, որ դատավարությունն ավարտվի, ուրեմն, բանտարկյալներին պետք է լավ նայեն։ Այստեղ հիմա խնդիրը ոչ թե մեր գերիների ֆիզիկական անվտանգության հարցն է, այլ այն, որ Բաքուն ազդում է դատավարության ընթացքի վրա։ Հիմա՝ ինչո՞ւ «Կարմիր խաչի» ներկայությունը վերացրեց։ Ես վստահ եմ՝ նրա համար, որ բանտարկյալներին վերահսկողության տակ պահի դատաքննության ընթացքում, դատավարության նկատմամբ վերահսկողություն սահմանեն։ Ռուբեն Վարդանյանը հայտարարություններ էր անում, հավանաբար, «Կարմիր խաչի» մասնակցություն կար դրանում, որովհետեւ թույլ չեն տալիս, որ փաստաբանն իրեն այցելի։ Բաքուն փորձում է վերահսկել արդյունքը՝ դատավորներին, դատախազներին՝ գրած տված է, որ արդյունքը պետք է սա լինի, հիմա, գործընթացը պետք է ապահովեն, թույլ չտան, որ որեւէ մեկը միջամտի»։

Նկատեցինք, որ անգամ դրանով հանդերձ, ամբողջ աշխարհում ֆիքսվում է, որ այդ դատավարությունը ֆարս է։ Մեր զրուցակիցը համամիտ է՝ այդ դատավարության արդյունքը ոչ մի երկիր չի ընդունելու եւ մինչեւ «Կարմիր խաչի» հարցը, այն բազմաթիվ այլ խախտումներով է ընթացել․ «Ուստի, եթե անգամ այդ դատավարությամբ սահմանվի, որ Հայաստանն ագրեսիվ պատերազմ է ցանկացել վարել, Ադրբեջանի սուվերենությունն է ցանկացել տապալել՝ հիմնավորելու համար, որ Հայաստանն «բռնազավթել է», ինքն առավել մեծ խնդիր պետք է հաղթահարեն, պետք է ցույց տան, որ այդ դատավարությունն արդարացի է։ Իսկ դա Ադրբեջանը չի կարող անել, այդ պոտենցյալը չունի»։

Ինչեւէ, եթե, Աստված մի արասցե, բայց այս ընթացքում Բաքվում գտնվող հայ գերիների կյանքին վտանգ սպառնա, Հայաստանն ի՞նչ ներգործության մեխանիզմներ ունի՝ հարցին, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Գազայում, ամեն օր երեխաներ են սպանվում, Իսրայելի զինվորներն ամեն օր երեխաներ են գլխատում, կարող է՝ մեկ օրում 200 հազար մարդու գնդակահարեն․․․ կարողանո՞ւմ են ինչ-որ բան անել։ Պատկերացնո՞ւմ եք ուր ենք հասել»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031