Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ խոսել են վկաները, խոսում է քաղաքապետին արդարացնելու մասին»․ Ռոման Երիցյանը՝ Ստեփանակերտի քաղաքապետի և մյուսների գործի մասին

Օգոստոս 04,2025 18:25

«Համայնքի ավագանու անդամների նկատմամբ կիրառված «բացակայելու արգելք» խափանման միջոցները վերացվել են»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Ռոման Երիցյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի եւ մյուսների գործով այսօր կայացած հերթական դատական նիստին։

Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արսեն Վլադիմիրի Բաղդասարյանի, Սամվել Մինասյանի, Արեն Խաչատրյանի, Ալբերտ Գոտանյանի, Սասուն Համբարձումյանի, Սերգեյ Բաբայանի եւ Տրդատ Մարտիրոսյանի հետ ՀՀ իրավական ակտերով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ ինքնակամ իրականացրել են իրենց ենթադրյալ իրավունքները` ԼՂՀ-ից ՀՀ տեղափոխված, իրենց սեփականությունը չհանդիսացող մի շարք բեռնաուղեւորատար ավտոմեքենաներ անհիմն օտարել են: Ըստ այդմ՝ կայացրել են Ստեփանակերտի քաղաքային համայնքի ենթակայության «Ջրմուղ-կոյուղի» և «Ջերմային տնտեսություն» ՓԲ ընկերությունների հաշվեկշռում հաշվառված, ՀՀ տեղափոխված «Toyota Hilux» մակնիշի, 37 BC 025 հաշվառման համարանիշի, «Uaz 390945-552» մակնիշի, 37 BC 095 հաշվառման համարանիշի, «Uaz 390945» մակնիշի, 78 JJ 800 հաշվառման համարանիշի, «Mitsubishi L200» մակնիշի, 62 VV 001 հաշվառման համարանիշի բեռնաուղևորատար ավտոմեքենաների օտարման մասին որոշումներ եւ օտարել դրանք: Նշենք, որ Դավիթ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում։

Նշենք, որ այս գործով մեկ այլ փաստաբան՝ Ռուբեն Մելիքյանը, տեղեկացրել էր, որ դատարանը բավարարել է իրենց միջնորդությունը՝ վերացնել մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը։
Ռոման Երիցյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին․ «Բոլոր վկաները հարցաքննվել են, մնացել է մեղադրյալը հարցաքննվի»։ Մեր հարցին՝ հնարավո՞ր է գործը կարճվի, փաստաբանը պատասխանեց․ «Հույս ունեմ, որ դատարանը կայացնելու է արդարացման վերդիկտ»։

Հետաքրքրվեցինք՝ քանի որ վկաների հարցաքննությունն ավարտվել է, ինչպե՞ս կգնահատի հարցաքննությունների փուլը, վկաները կաշկանդվա՞ծ էին, թե՝ ոչ, ի՞նչ հանգամանքներ է պարզել հարցաքննությունը, Ռոման Երիցյանն այսպես պատասխանեց․ «Ստեփանակերտի քաղաքապետի արարքներում հանցակազմը բացակայում է։ Ինչ խոսել են վկաները, խոսում է քաղաքապետին արդարացնելու մասին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031