Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ցուցմունք են տվել քաղաքացիական անձինք՝ Ինգիլաբ Մամեդովը և Էլչին Բաղիրովը, որոնք «տուժել» են, իբր, Մինգեչաուրի վրա հայկական զինված ուժերի կողմից հրթիռային հարձակման հետևանքով։
Մամեդովը պատմել է, թե 2020 թվականի հոկտեմբերի 4-ին իր երկհարկանի տունն ավերվել է հրթիռային հարվածից, իսկ ինքն ու իր երեք անչափահաս երեխաները մնացել են փլատակների տակ և վիրավորվել։ Նա ասել է, թե իրենց տան մոտակայքում ռազմական օբյեկտներ չեն եղել։ «Ավելի ուշ մենք իմացանք, որ հարվածը հասցվել է հայկական զինված ուժերի կողմից արձակված «Սմերչ» հրթիռով»,- նշել է Մամեդովը։
Բաղիրովն էլ իր ցուցմունքում նշել է Մինգեչաուրում գտնվող իր տան մոտ, իբր, հայկական զինված ուժերի կողմից արձակված «Սմերչ» հրթիռի հարվածի պատճառած նյութական և բարոյական վնասի մասին: Նա հայտնել է, թե նույն օրը իր տան մոտ հրթիռ է պայթել, որի հետևանքով վիրավորվել է ինքը, իր մայրը՝ Նաբատ Բաղիրովան, և հորեղբայրը:
Նա ասել է, թե ստացած վնասվածքների հետևանքով իր հորեղբայրը կորցրել է աշխատելու ունակությունը: Օգոստոսի 1-ին տեղի ունեցած նախորդ նիստում դարձյալ, այսպես կոչված, «տուժողներ» էին ցուցմունքներ տվել։