Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ի նախկին աշխատակիցը հաղթել է դատարանում` կառույցի կողմից իր իրավունքները խախտելու հայցով

Օգոստոս 04,2025 23:03

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, որն իրեն համարում է Հայաստանի լավագույն իրավաբաններից, խախտել է ՀՀ Սահմանադրությամբ սահմանված՝ տեղեկություն ստանալու անձի իրավունքը, ինչն ապացուցել է ՄԻՊ նախկին աշխատակիցն, իսկ արձանագրել՝ դատարանը: Այդ մասին NEWS.am-ը տեղեկացել է՝ ուսումնասիրելով այս տարվա մարտի 14-ին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը:

Դեռևս նախորդ տարվա ապրիլին Հայկ Թորոյանը դիմել է Երևանի քաղաքացիական դատարան՝ ընդդեմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին:

Հայցվորը դատարանին հայտնել է, որ 2024 թվականի փետրվարի 20-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով խնդրել է տրամադրել Պաշտպանի աշխատակազմի մի շարք պաշտոնների համար սահմանված պաշտոնների անձնագրերը, որին ի պատասխան՝ 23.02.2024թ.-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարից ստացել է գրությունն այն մասին, որ իր կողմից նշված մի շարք պաշտոնների անձնագրերի անուններ թերի են նշված, և մատնանշված չէ վերաբերելի ժամանակահատվածները։ Բացի այդ, 2015 թվականից մինչև դիմելու օրը, ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմում ծառայության պաշտոնի անձնագրերը փոփոխվել (այդ թվում՝ անվանափոխվել) են առնվազն մի քանի անգամ։ Խնդրել են նշել պահանջվող պաշտոնի անձնագրի հստակ անվանումը և վերաբերելի ժամանակահատվածը։ Թորոյանը 23.02.2024թ.-ին կրկին դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով տրամադրել 2015թ.-ից մինչ օրս պաշտպանի աշխատակազմում ծառայության բոլոր պաշտոնների անձնագրերը։ Միաժամանակ պահանջել է արհեստական դժվարություններ չստեղծել իր կողմից հայցվող տեղեկատվությունը ստանալու իր իրավունքի իրացման կապակցությամբ։ 14.03.2024թ.-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարը պատասխանել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնի անձնագրերը, բացի տվյալ պահին գործող անձնագրերից, արխիվացված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, որ անձնագրի իսկությունը և ամբողջականությունը պահպանելու նպատակով արխիվացված յուրաքանչյուր անձնագրի վրա փակցված է սոսնձված թերթիկ Աշխատակազմի կնիքով կնքված և Աշխատակազմի գլխավոր քարտուղարի կողմից ստորագրված։ Հաշվի առնելով, որ պատճենահանման նպատակով անձնագրերի էջերի առանձնացումը հնարավոր չէ առանց անձնագրերի ամբողջականությունը հավաստող կնիքը և ստորագրությունը վնասելու` տեղեկացրել են, որ այդ պաշտոնի անձնագրերին կարող է ծանոթանալ տեղում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։

Հայցվորը դատարանին հայտնել է ՄԻՊ-ի կողմից տեղեկատվություն ստանալու իր իրավունքի խախտման փաստի մասին՝ վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 53-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի» 10-րդ հոդվածը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 6-րդ հոդվածները, Եվրոպական խորհրդի Նախարարների կոմիտեի «Պետական մարմինների տրամադրության տակ գտնվող տեղեկատվության հասանելիության մասին» NR (81)19 հանձնարարականի պահանջները:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը պատասխան է ներկայացրել դատարան, որով հայտնել է, որ հայցը ենթակա է մերժման, քանի որ հայցը ոչ իրավաչափ է: Պատասխանողը պատճառաբանել է, որ հայցվորը չի հստակեցրել տեղեկատվության ակնկալվող շրջանակը, այսինքն՝ տեղեկատվական հարցման առարկան, ակնկալվող տեղեկատվության հստակեցման փոխարեն պահանջելով բոլոր պաշտոնների անձնագրերը, չի հետապնդել «տեղեկություն փնտրելու և (կամ) դա ստանալու» իրավաչափ նպատակ։ Բացի այդ, պատասխանողը կարծիք է հայտնել, տեղեկատվություն ստանալու իրավունքի հետ կապված իրավական վեճ, ըստ էության, առկա չէ, քանի որ ՄԻՊ-ը պատրաստ է հայցվորին ընձեռել արխիվացված բոլոր փաստաթղթերին տեղում ծանոթանալու հնարավորություն՝ իրավաչափ նպատակին ուղղված հայցվող տեղեկատվական շրջանակը հստակեցնելու նպատակով, կամ հայցվորին կարող են առաջարկել հստակեցնել իր 2024 թվականի փետրվարի 20-ի հարցմամբ հայցվող պաշտոնների անձնագրերը:

2025 թվականի փետրվարի 13-ին Երևանի քաղաքացիական դատարանը՝ դատավոր Կիմա Արզումանյանի նախագահությամբ վճռել է Հայկ Թորոյանի հայցն ընդդեմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին, բավարարել, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին պարտավորեցնել Հայկ Թորոյանին տրամադրել իր կողմից հայցվող տեղեկատվությունը:

Դատարանը վճռի պատճառաբանական մասում վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031