Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի ու նրա ընկերոջ Գեւորգ Հարությունյանի նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել ու գործն ուղարկվել է դատարան։ Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ Գոռ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խուլիգանական դրդումներով վնասել է Մարո Մարտիրոսյանի գույքը, իսկ Գեւորգ Հարությունյանի հետ խմբի կազմում կատարել է խուլիգանություն՝ Մարո Մարտիրոսյանի առողջությանը պատճառելով թեթեւ վնաս։ Գեւորգ Մարտիրոսյանը բացի այն, որ մեղադրվում է տուժող Մարո Մարտիրոսյանի առողջությանը թեթեւ վնաս պատճառելու մեջ, միաժամանակ մեղադրվում է Լուսիկ Միքայելյանի բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու մեջ։
Մասնավորապես, Գեւորգ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածների հատկանիշներով․ 171 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ (առողջությանը թեթեւ վնաս պատճառելը՝ մի խումբ անձանց կողմից), 207 հոդվածի 1-ին մաս (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), 297 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից ):
Գոռ Մինասյանին նույնպես երեք հոդվածով է մեղադրանք առաջադրվել՝ 171 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ, 297 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ եւ 264 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով):
Գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Գասպարյանին, որը դեռ դատական նիստի օր չի նշանակել։ Երկու մեղադրյալները կալանավորված են։
Կարդացեք նաև
Նշենք, որ Տաթեւ համայնքի բնակիչները, համայնքի ավագանին բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ այլ պատկան մարմիններին՝ խնդրելով դիտարկել Գոռ Մինասյանի խափանման միջոցը փոխելու հարցը։
Aravot.am-ը առաջիկայում կանդրադառնա այս գործին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ