«Հետք». Խուդայանների հաշմանդամություն ունեցող ընտանիքին երեկ՝ օգոստոսի 4-ին, ոստիկանները վտարեցին իրենց միակ տնից։ 69-ամյա Սերգեյ Խուդայանը կնոջ, երկու դուստրերի և թոռան հետ բնակվում էր Մասիսի տարածաշրջանի Խաչփար գյուղում։ Սերգեյ Խուդայանը, կինը և աղջիկը 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամներ են․ բոլորն էլ տեսողական խնդիրներ ունեն։ Սերգեյ Խուդայանի մյուս դուստրն էլ օնկոլոգիական հիվանդություն ունի, 7-ամյա որդու հետ բնակվում էր հոր տանը։
Սերգեյ Խուդայանը տարիներ առաջ վերցրած վարկերը չի կարողացել մարել, սեփական դիմումով ճանաչվել է սնանկ, ապա նրանց տունը հանվել է աճուրդի և վաճառվել։ Տունը գնահատվել է 39 մլն դրամ, և այնքան է սակարկվել, որ վաճառվել է մոտ 9 մլն դրամով։ Սերգեյ Խուդայանը նշում է, որ ինքը խաբեությունների զոհ է դարձել։
Հաշմանդամություն ունեցող ընտանիքը փողոցում հայտնվելու վտանգի տակ է
Օգոստոսի 4-ին Խուդայաններին վտարելու համար նրանց տուն եկել էին ոստիկանության մոտ 10 աշխատակիցներ, այնտեղ էր նաև տան երիտասարդ գնորդը՝ 32-ամյա Վազգեն Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Ժամեր շարունակ ոստիկանները չէին հեռանում տնից՝ նշելով, որ եթե կամովին դուրս չգան, բռնի ուժ կիրառելով են հեռացնելու ընտանիքին։ Իսկ Սերգեյ Խուդայանը պնդում էր՝ իրեն ու ընտանիքին վտարելը օրինական չէ։ Սերգեյ Խուդայանի խոսքով՝ հուլիսի 9-ին, երբ ոստիկանության տեսուչը եկել էր իրենց տուն, չէր տվել իրեն հասկանալի լեզվով՝ բրայլան այբուբենով գրված որոշումը՝ 25 օր անց վտարման վերաբերյալ։ Իսկ ոստիկանները պնդում էին՝ բանավոր տեղեկացնելը ևս համարվում է պատշաճ ծանուցել։
Ֆրունզ Ավետիսյան,
Լուսինե Հակոբյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: