«Քանի որ միջանցքը լուրջ արգելք է խաղաղության համաձայնագրի ճանապարհին, Միացյալ Նահանգները առաջարկներ է շրջանառում․ առաջարկներ, որոնք, ըստ Նահանգների՝ կարող են ընդունելի լինել երկու կողմի համար»։
Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արտաքին քաղաքականության հետազոտության ամերիկյան ինստիտուտի Եվրասիական ծրագրի ավագ փորձագետ, դոկտոր Ռոբերտ Հեմիլթոնը, որը նաեւ ԱՄՆ զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ է։
Մեկնաբանելով Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի հայտարարությունը, ըստ որի՝ Վաշինգտոնն առաջարկել է հարյուր տարով վարձակալել Ադրբեջանը Նախիջեւանին կապող Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հատվածը՝ փորձագետը նշեց՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում Թրամփի վարչակարգի հիմնական նպատակը խաղաղության համաձայնագրի կնքումն է։
«Այս առաջարկն ի ցույց է դնում Թրամփի վարչակարգի այն ենթադրությունը, թե գրեթե բոլոր հակամարտությունները կարելի է լուծել կողմերից մեկին կամ երկու կողմին էլ ինչ-որ բան վճարելով։ Պատմականորեն, այս ռազմավարությունը արդյունավետ չի եղել Հայաստանի եւ Ադրբեջանի նման հակամարտությունների լուծման հարցում, քանի որ առկա են կոշտ ինքնություններ, իսկ պատմական դժգոհությունների նարատիվները խորն են եւ ուժգին»։
Կարդացեք նաև
ԱՄՆ-ն պետք է ընկալի, որ ՌԴ-ն եւ ԻԻՀ-ն անզոր չեն
Մեր հարցին, թե ի՞նչ միջոցներ ունեն Ռուսաստանը եւ Իրանը՝ ամերիկացիների առաջարկին հակազդելու համար, Ռոբերտ Հեմիլթոնն ընդգծեց, որ Մոսկվայի եւ Թեհրանի հակազդեցության գործիքակազմը նվազել է։
«Չնայած նրան, որ ԱՄՆ-ն չի կարող ամբողջապես անտեսել նրանց նախընտրությունները, Նահանգները, հավանաբար, ավելի քիչ ուշադրություն է հատկացնում նրանց, քան նախկինում», – կարծում է գնդապետ Հեմիլթոնը, հավելում՝ «Ի վերջո, իր տարածքից որեւէ հատված վարձակալությամբ ԱՄՆ-ին կամ ամերիկյան ընկերության տրամադրելը Հայաստանի ինքնիշխան որոշումն է, բայց եթե ԱՄՆ-ն ճնշի Հայաստանին, որ գնա այս քայլին, ԱՄՆ-ն պետք է ընկալի, որ, անգամ, եթե Ռուսաստանի եւ Իրանի տարածաշրջանային դիրքերը թուլացել են, նրանք անզոր չեն», — նկարագրում է Հեմիլթոնը։
Զրուցակցիս եզրահանգմամբ՝ նշյալ իրողությունը անհրաժեշտ է դարձնում ԱՄՆ-ի եւ Հայաստանի համատեղ աշխատանքը՝ «Մոսկվայի եւ Թեհրանի անցանկալի արձագանքները կանխատեսելու եւ մեղմելու համար»։
Ի՞նչ պետք է հաշվի առնի Երեւանը
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Հայաստանի հարավային տարածաշրջանը համաշխարհային հնչեղություն ստանալու շարունակական ֆոնին Հայաստանը հնարավորություն ունի՞ խուսանավելու, կարո՞ղ է խուսափել աշխարհաքաղաքական բախման կետի վերածվելուց։
«Սա բարդ է, բայց ոչ՝ անհնար», – շեշտում է փորձագետը։
Նրա համոզմամբ՝ Վաշինգտոնի առաջարկի վերաբերյալ որոշում կայացնելիս՝ «Հայկական կառավարությունը պետք է հաշվի առնի տեղական քաղաքական ենթատեքստերը, Ադրբեջանի հետ հակամարտության ենթատեքստերը եւ այլ հատկանշական դերակատարների, օրինակ՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԻԻՀ-ի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում առկա ենթատեքստերը»։
Արտաքին քաղաքականության հետազոտության ամերիկյան ինստիտուտի Եվրասիական ծրագրի ավագ փորձագետ, գնդապետ, դոկտոր Ռոբերտ Հեմիլթոնը եզրափակում է. «Մրցակից ազդեցությունների եւ նախընտրությունների արանքում քաղցր հանգրվան գտնելը մարտահրավեր է, քանզի որեւէ կողմ չի ստանա իր ձգտումներն ամբողջապես»:
Համատեքստ
Հիշեցնենք․ Ամերիկյան կողմն առաջարկել է 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհը։
Թեեւ հուլիսի 16-ի մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրում էր, որ ՀՀ տարածքի «արտապատվիրակումը» չի ենթադրում ՀՀ ինքնիշխանության սահմանափակում, քանի որ արտապատվիրակված են նաեւ, օրինակ՝ Երեւանի օդանավակայանը, ջրային համակարգը, ԱԺ իշխանական պատգամավոր Արման Եղոյանը հուլիսի 24-ի հարցազրույցում հայտնեց, թե Երեւանը չի ընդունել ամերիկյան առաջարկը, որովհետեւ առկա է ինքնիշխանության զիջման վտանգ։
Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հուլիսի 31-ին հստակեցրեց՝ «Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ»՝ անհասկանալի դարձնելով, թե վարչապետն ինչու էր փորձում հիմնավորել «արտապատվիրակման» գաղափարը։
Այնուամենայնիվ, թեման շարունակում է քննարկվել քաղաքական եւ փորձագիտական հանրությունում։
Հիշեցնենք նաեւ, որ երեկ հայտնի դարձավ ուրբաթ Վաշինգտոնում Փաշինյան-Թրամփ-Ալիեւ հնարավոր հանդիպման եւ Հայաստան-Ադրբեջան որեւէ փաստաթղթի ստորագրման մասին դեռեւս ոչ-պաշտոնական լուրը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Բայց արդէն հինգ տարիներ առաջ Հայաստանը հանդիսացաւ « աշխարհաքաղաքական բախման կետ» :
Եւ յաղթեց՝ ՆԱՏՕ-ն: Ընթացքում, լրիւ խայտառակելով Ռուսաստանը, զայն ղեկավարող այդ թուղթէ վագրին ինչ լինելը լաւապէս բացայայտելով:
Մ. Հայդուկ Շամլեան