Լրահոս
Օրվա լրահոսը

«Konzerthaus Berlin» համերգասրահում չդադարող ծափահարությունների ներքո «Երևան» երիտասարդական նվագախմբի երաժիշտներն ազդարարեցին միջազգային բեմեր իրենց արժանապատիվ մուտքը

Օգոստոս 05,2025 18:00

2025 թ. օգոստոսի 2-ին Բեռլինի լեգենդար «Konzerthaus Berlin» համերգասրահում կայացավ «Երևան» երիտասարդական նվագախմբի հիշարժան դեբյուտային համերգը՝ միջազգային հեղինակություն վայելող «Young Euro Classic» փառատոնի շրջանակում։ Երիտասարդ երաժիշտների համերգը ավարտվեց հոտնկայս ծափահարություններով՝ դառնալով փառատոնի ամենաազդեցիկ պահերից մեկը։

Հայաստանյան պատվիրակությունը Բեռլին էր մեկնել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ՝ ներկայացնելու հայկական երաժշտական կրթության և մշակութային ներուժի լավագույն կողմերը։

Երեկոյի ընթացքում հանդիսատեսը վայելեց Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը անվանի վիրտուոզ շեփորահար Սերգեյ Նակարիակովի մենակատարմամբ, ինչպես նաև Էդվարդ Գրիգի «Պեր Գյունտ» սյուիտն ու Անտոնին Դվորժակի 9-րդ՝ «Նոր աշխարհից» սիմֆոնիան։

Պատասխանատու այս օրվան «Երևան» երիտասարդական նվագախմբի շնորհաշատ երաժիշտները պատրաստվել էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտների օգնությամբ։

Համերգն ավարտվեց հանդիսատեսի երկարատև և բուռն ծափահարություններով և Խաչատրյանական երկու բիսերի վայելումով։ Չդադարող ծափահարությունների ներքո երիտասարդ երաժիշտներն ազդարարեցին միջազգային բեմերի իրենց արժանապատիվ մուտքը։

«Երևան» երիտասարդական նվագախմբի մասնակցությունն այս փառատոնին կազմակերպվել էր «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031