Կար ժամանակ, երբ մեր երկիրը, արեւմտյան, այսպես կոչված, դիտորդների բնորոշմամբ՝ գտնվում էր նորանկախ՝ նախկին սովետական մյուս երկրների ցուցակում՝ որպես «երիտասարդ դեմոկրատիա»։ Պետական մարմինները եւ հասարակական կազմակերպությունները շատ զգայուն էին մամուլի ազատության վերիվայրումների նկատմամբ։ Մամուլը համարվում էր, իրավամբ, ժողովրդավարության գլխավոր բարոմետրը։
Անցնող 34 տարիներին բնավ հեշտ չի եղել մեր տպագիր մամուլի եւ մյուս լրատվամիջոցների կայացման ու զարգացման ճանապարհը. սպառնալիքներ, փակման որոշումներ, հալածանքներ, ծեծեր, նույնիսկ՝ սպանություն։ Եվ այդ պայմաններում մեր մամուլի մարդիկ՝ խմբագիրներ ու լրագրողներ, անասելի դժվարությամբ են հաղթահարել խոսքի ազատության իրենց ճանապարհը, ուղի հարթել դեպի Չորրորդ իրենց սահմանադրական դիրքեր, երբեմն սայթաքել են, երբեմն հազիվ են ոտքի կանգնել ու շարունակել իրենց առաքելությունը։
Եվ այս պայմաններում ինձ համար անակնկալ էր Ազգային ժողովի ամբիոնից լսել Ռուբեն Ռուբինյանի խոսքերը՝ ուղղված մամուլի մարդկանց. «Մենք ձեզ տվել ենք ազատություն, մնացեք այդ սահմաններում, իմացեք ձեր չափը»։
Հազվադեպ եմ առցանց հետեւում խորհրդարանի նիստերին, սակայն ուշադիր հետեւեցի վերոհիշյալ անձի ղեկավարությամբ ընթացող վերջին նիստին։ Լսել էի, որ զարգացած երիտասարդ է, դրսում էլ կրթություն է ստացել եւ գլխավորում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հանձնաժողովը։ Ուզում էի ճանաչել մարդուն եւ… լսեցի մամուլին ազատություն շնորհած լինելու պատեհությունը՝ լռելյայն հասկացնելով, որ շնորհվածը կարող է հետ վերցվել, եթե…
Կարդացեք նաև
Այ նորելուկ, գեթ հայրիկիդ հարցնեիր, թե ինչպես են մամուլի մարդիկ, խմբագիրներ ու լրագրողներ քայլ առ քայլ, սանտիմետր առ սանտիմետր, իրե՛նք են նվաճել խոսքի ազատության սահմանները՝ միջազգային դիրք ու հեղինակություն ապահովելով մեր պետության համար։ Դա շնորհ չէ, այլ նվաճում՝ ինքնազոհողություններով։
Իմ գործընկեր Արամ Աբրահամյանը, քիչ է ասել, որ անկախության շրջանի մեր սյուներից է. նա հիմնադիր առաջամարտիկ է թե՛ որպես տպագիր մամուլի՝ «Առավոտ» օրաթերթի խմբագիր, թե՛ հեռուստատեսության՝ ես կասեի դասական ծրագրերի. երաժշտագիտական թե հարցազրույցաբանավիճային։ Միաժամանակ, նա ահա արդեն քանի տարի Մանկավարժական համալսարանում լրագրողների սերունդներ է աճեցնում։ Եվ այդ բոլորը՝ առանց հետամուտ լինելու որեւէ տիտղոսի, շքանշանի ու պաշտոնական գնահատականների։
«Ազգ»
Հակոբ Ավետիքյան
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: