«ՀՀ դատարաններում ընդհանրապես ավելի շատ էդ պատժողական հոգեբանութունն է տիրում, այսինքն՝ կալանքի տակ վերցնում են պատժելու համար, ոչ թե արդարադատություն են իրականացնում»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Եվրոպայի խորհրդի հրապարակած SPACE I ամենամյա զեկույցում ներկայացված վիճակագրության համաձայն՝ Հայաստանը՝ նախնական կալանքի տակ գտնվողների ցուցանիշով առաջատար երկրներից է՝ ԵԽ տարածքում, այսպես պատասխանեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանը։
Հիշեցնենք՝ ըստ զեկույցի՝ նախնական կալանքի տակ գտնվողների ամենաբարձր ցուցանիշն ունեն հետևյալ երկրների բանտային վարչակազմերը․ Ալբանիա (կալանավորների ընդհանուր թվի 58%), Հայաստան (53%), Չեռնոգորիա (47%), Լյուքսեմբուրգ (47%), Շվեյցարիա (46%), Նիդեռլանդներ (46%), Մալթա (42%), Խորվաթիա (41%), Սլովենիա (40%), Հյուսիսային Իռլանդիա (Մեծ Բրիտանիա) (39%), Ուկրաինա (37%), Դանիա (36%) և Բելգիա (33%): Նախնական կալանքի տակ գտնվողների ամենացածր համամասնությունն ունեն Բուլղարիան (5%), Չեխիան (8%), Լեհաստանը (11%), Լիտվան (12%), Հյուսիսային Մակեդոնիան (12%) և Ռումինիան (13%):
ՀՀ-ի հետ կապված այդ ցուցանիշը Ժաննա Ալեքսանյանն առաջին հերթին դիտարկում է նաև քաղաքական տիրույթում․ «Հատկապես ընտրական ժամանակահատվածները՝ 75-ամյա երկու կնոջ էին ձերբակալել, էլի շատ արտառոց դեպքերի օրինակներ կարող եմ բերել։ Քաղաքական վերաբերմունքը՝ մոտեցումն է խնդիրը, հատկապես այն դեպքում, որ մենք հիմա գտնվում ենք նախընտրական փուլում, Գյումրիի ընտրություններ էին, և այդ կալանավորումները ավելի շատ կապում եմ նաև քաղաքական խնդիրների հետ»։
Ժաննա Ալեքսանյանը ահազանգեց՝ կալանավայրերում տեղ չկա, հատկապես «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ հիմնականում մարդիկ նախնական կալանքով են լինում․ «Եվ կալանավորման հիմքերը, որ տեսնում ենք, արտառոց են։ Մեկ նախադասության համար տարել են Ռուբեն Հակոբյանին, արտառոց է Սամվել Կարապետյանի դեպքը։
Կարդացեք նաև
Կարծում եմ, որ ՀՀ-ի համար այդ միջազգային զեկույցները ոչ մի նշանակություն չունեն, դրանք ոչ մի զսպվածություն չեն հաղորդում։ Պահ է գալիս, որ մտածում ես՝ ինչ-որ բան կփոխվի, բայց ոչ։ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ևս դատարաններն ահավոր ճնշման տակ էին․ հարյուրավոր կալանավորներով լցրել էին բանտերը։ Երբ մի քիչ այդ իրավիճակը թեթևանում էր, գալիս էր մյուսը։
Նիկոլ Փաշինյանը դատարանների մեջքը կոտրում է։ Քաղաքական ներգործությունն այնքան մեծ է, որ դատարանները չեն կարողանում կատարել իրենց գործառույթները, եթե նույնիսկ ձգտում կար փոխելու ինչ-որ բան»։
Ժաննա Ալեքսանյանը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու օրինակը բերեց․ «Մենք մեր կայքում լուսաբանում էինք դեռ նախկին իշխանությունների ժամանակ իր դատավարությունը, երբ դատական համակարգ մուտք գործելով՝ նա համբավ ուներ՝ որպես արդար դատավոր։ Հիշում եմ՝ իբրև արդար դատավոր՝ ուզում էինք աջակցել նրան, որը գնում է արդարադատության։ Հիմա տեսեք՝ ինչ եղավ, երբ նա որոշեց Հրայր սարկավագին կալանքից ազատել։ Դուք տեսեք՝ ՔՊ պատգամավորների արձագանքը։
Արման Եղոյանն ուղղակի ասում է՝ ինչպե՞ս կվերաբերվեր Վազգեն Ռշտունին իրեն սպանելու ծրագիր մշակած մեղադրյալի ազատ արձակմանը։ Իրենք ահաբեկչության նախապատրաստությունը ներկայացնում են՝ որպես այլևս իրողություն, որ դա եղել ու ավարտվել է։ Գիտե՞ք՝ սա ինչպիսի ճնշում էր։ Այդ քաղաքական ճնշման, քարոզչության պայմաններում դատարաններն ի՞նչ պիտի անեն, պիտի կալանավորեն։ Վարչապետի կողմից քաղաքական ուղղորդում, պարտադրում է դա։ Դատարանները միշտ գործադիր իշխանությունից մնում են կախվածության մեջ՝ հատկապես այս իշխանություններից, որն ուղղակի ճնշում է գործադրում, ունի իր դատավորները։ Այսինքն՝ դատական համակարգը ոչ բարեփոխվել է, ոչ էլ որևէ մեկն ուզել է, որ դա բարեփոխվի»։
Մեր փաստմանը՝ ԵԽ-ի զեկույցում ներկայացված վիճակագրության համաձայն՝ 2023-ի տվյալներով՝ ՀՀ-ի բանտերում ինքնասպանությունների թվի ցուցանիշը բարձր է եվրոպական միջինից, իսկ օրինակ՝ Ադրբեջանում այդ ցուցանիշը «շատ ցածր» դասակարգման ներքո է և հարցին՝ ո՞րն է սրա պատճառը՝ բանտային պայմանները, թե անձնակազմի վերաբերմունքը, կարողությունները, Ժաննա Ալեքսանյանը պատասխանեց․ «Մարդը, որն ուզում է՝ իրեն տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց, նրան չեն տեղափոխում, բուժծառայությունը շատ վատ վիճակում է գտնվում։ Բանտային պայմանները չեն պատճառը, որ մարդիկ գնան ինքնասպանության։ Ինձ հետ կապի մեջ եղած դատապարտյալը նույնիսկ ինքնասպանության փորձ էր արել, որ իրեն տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց, և խցակիցները նրան մի կերպ փրկել էին։ Մինչև հիմա այդ դատապարտյալի հետ կապի մեջ եմ։
Ես մի շարք հիվանդություններ ունեցող դատապարտյալ գիտեմ, որ 43 օր հացադուլ էր անում, հետո իրեն տեղափոխեցին դատապարտյալների հիվանդանոց։ Շատ սխալ որոշում էր պրոբացիոն ծառայությունը առողջապահության նախարարությանը հանձնելը։ Ես ավելի վատ վիճակում չեմ տեսել առողջական հարցերը։ Այդ պատճառով էլ են իրենք գնում ինքնասպանության։ Այդ դեպքերը երբեք չեն բացահայտվում, և մեզ հասանելի չեն դառնում, առանց այդ էլ փակ համակարգերում ողջ առողջ կալանավորների հարցերը չես կարողանում բարձրացնել։ Ես մի բան էլ ասեմ՝ ընդհանուր վիճակը կապում եմ դատապարտյալների առողջական խնդիրների հետ, գուցե նաև կան ինչ-որ ճնշումներ իրար նկատմամբ։
Շատ տվյալներ չունեմ, երբեմն ունենում եմ, հաղորդում եմ քրեակատարողական հիմնարկին, որ այդ մարդու հետ կարող է վատ բան լինել․ նրա նկատմամբ կան ճնշումներ։ Ինքնասպանությունների հիմնական պատճառները առողջական խնդիրներով եմ պայմանավորում, հուսահատված դատապարտյալները, հարազատները հուսահատված զանգում են։
Տեսնում եմ, որ անելանելի վիճակ է։ Բուժանձնակազմի հետ խոսել հնարավոր չէ։ Շատ կոպիտ են անգամ մեզ հետ խոսում, ուր մնաց կալանավորների հետ։ Մեծ հույս ունեմ, որ հիմա փոփոխություններ կլինեն, քրեակատարողական ծառայության նոր պետն ավելի ուշադիր է։
Համենայն դեպս, երբ ես բարձրացրել էի ցմահ դատապարտյալների բռնության ենթարկվելու հարցը, նա անուշադրության չմատնեց, բոլորի հետ հանդիպեց, ռեժիմի փոփոխություն են փորձում անել։ Ես արդարադատության նախարարից ոչ մի հույս չունեմ, քանի որ նա քաղաքական հարցերով է զբաղված։
Ամեն մարդ իր տեղում իր աշխատանքը պիտի անի, հիմա տեսնում եմ՝ արդեն երկու ամիս է, որ առաջընթաց կա։ Տա Աստված, որ դա նպաստի նաև նրան, որ ինքնասպանության դեպքերը գոնե նվազեն։ Այս տարի արդեն 6 դեպք է եղել և 16 մահվան դեպք է գրանցվել։
Այս իշխանությունները թքած ունեն այդ զեկույցների վրա, իրենց հարցերով են զբաղված, ընդհանրապես ոչ բնակչությունը, ոչ փակ համակարգերում ապրողները իրենց հետաքրքիր չեն։ Այնքան են վարկաբեկել ՀՀ-ն, որ չգիտեմ՝ էլ տեղ կա՞ վարկաբեկելու, թե՝ ոչ։ Բայց սա մարդկանց առօրյա հարցերն են, բացարձակապես մարդը ոչ մի արժեք չունի, էլ չեմ ասում փակ համակարգերում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ