Պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Ահա վերջապէս հրատարակուեց այս կարեւոր գիրքը. «Կարապետ Մէլիք Օհանջանեան, Զիյա Բունիաթովի գրական-պատմական հայեցակարգը» (Էդիթ Պրինտ, 2025, 330 էջ)։ Սա XX դարի ականաւոր հայագէտ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս Կ. Մէլիք-Օհանջանեանի (1893-1970)՝ “Историко-литературная коцепция З. Буниятова” ռուսերէն յօդուածի («Բանբեր Հայաստանի արխիւների», 1968, հմր 2) վերահրատարակութիւնն է հինգ լեզուով՝ հայերէն, ռուսերէն, անգլերէն, ֆրանսերէն եւ գերմաներէն, որում հանգամանալից բացայայտուել են ադրբեջանցի պատմաբան Զ. Մ. Բունիաթովի՝ “Азербайджан в VII-IX вв.” (Баку, 1965) մենագրութեան մէջ առկայ՝ Հայոց եւ Աղուանից պատմութեան ու մշակոյթի խեղաթիւրման փաստերը:
Այս նախագծի հեղինակը եւ նիւթերի կազմողն է՝ Վահան Մէլիք-Օհանջանեանը (Կ. Մէլիք-Օհանջանեանի եղբօր թոռը), խմբագիրը՝ ես եմ, թարգմանիչներն են՝ Աիդա Չարխչեանը, Անահիտ Յարութիւնեանը, Արուսեակ Իսրայելեանը եւ Էլզա Գեւորգեանը։
Իբրեւ յաւելում գրքում զետեղուած են բ.գ.դ., վաղամեռիկ Վարդան Դեւրիկեանի՝ «Հայագիտութեան անխոնջ երախտաւորը» յառաջաբանութիւնն ու իմ՝ «Ալբանիա-Աղուանքի հետազօտութեան արդի խնդիրները եւ «Բունիաթովշչինան»» յօդուած-խմբագրականը, որոնք եւս թարգմանուած են չորս լեզուներով:
Կարդացեք նաև
Հատորում զետեղուած են նաեւ Կ. Մէլիք-Օհանջանեանի ազնուական նախնիներին եւ իր կեանքին վերաբերող լուսանկարներ, ինչպէս նաեւ միջնադարեան հայ ձեռագրերի, մանրանկարների, Արցախի եկեղեցիների, վանքերի ու խաչքարերի պատկերներ, հին Հայաստանի եւ Աղուանքի քարտէզներ, փաստաթղթեր (շնորհակալութեամբ՝ շատ ու շատ սատարողներին):
Զոյգ կազմաստառներին դրել ենք Աղուանից մարզպանութեան քարտէզը հայերէն եւ անգլերէն։ Գիրքը կարելի է կարդալ նաեւ առցանց՝ ԱԿԱԴԵՄԻԱ-ԷԴՈՒ կայքում (անպայման՝ Download-ով).