«Արմեն Աշոտյանի նկատմամբ հետապնդումը շարունակվում է։ Ուզում եմ իմ զարմանքը հայտնել վարչական հսկողության ամենախիստ միջոցի կիրառման կապակցությամբ, որի անունը դրել ենք կիսատնային կալանք դեռ անցյալ տարի, երբ Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ կիրառվեց»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ դատական նիստն այսօր հետաձգվեց, քանի որ վկան չէր ներկայացել հարցաքննության՝ առողջական խնդիրների պառճառով։
Ռուբեն Մելիքյանն ասաց, որ վարչական վերահսկողության միջոցը որոշակի դեպքերում ունի իր պիտանելիությունը, երբ երեկոյան ժամերին թույլ չեն տալիս տնից դուրս գալ օրինակ՝ մարդկանց, որոնք, երբ տնից դուրս են գալիս, գնում, կռիվ են անում․ «Դրա համար է նշանակված։ Արմեն Աշոտյանի, Ստեփանակերտի քաղաքապետի, այլ անձանց նկատմամբ կիրառելու տրամաբանությունը չեմ հասկանում։ Ի՞նչ է կանխում սա։ Ցավում եմ, որ մենք տնային կալանքի ռեժիմից հետո ունեցանք կիսատնային կալանք։ Իհարկե, ունենք առաջընթաց։ Արմեն Աշոտյանը վերադարձել է իր հանրային գործունեությանը։ ՀՀ-ից դուրս գալ չի կարող, բայց ՀՀ ներսում նրա ակտիվ գործունեությունը մենք տեսնում ենք»։
Ռուբեն Մելիքյանը վստահեցրեց՝ եղել ու շարունակում է մնալ այն կարծիքին, որ այն խափանման միջոցը, որը կիրառված էր Արմեն Աշոտյանի նկատմամբ, պետք է ընդհանրապես չլիներ․ «Հետևաբար խոսքը վերաբերվում է անարդար ու անօրինական խափանման միջոցի վերացմանը»։
Կարդացեք նաև
Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ այս գործը դեռ երկար է տևելու, ու ասաց․ «Գործն ունի իր տրամաբանությունը, խափանման միջոցն՝ իր տրամաբանությունը։ Որևէ բան չի փոխվում գործի տրամաբանության մեջ․ մենք շարունակում ենք լսել վկաներին։ Հարցաքննությունները մոտենում են ավարտին՝ 1,5-2 ամսից կավարտենք․ 3 վկա է մնացել հարցաքննության, որից հետո շատ ավելի երկար փուլ ենք սկսում՝ գրավոր ապացույցների հետազոտում, որը չգիտեմ՝ ամիսներ, թե ավելի երկար կտևի։ Դրանից հետո պաշտպանության կողմի ապացույցների հետազոտումն է։ Այս դատական նիստն իր այսօրվա վիճակով տևելու է երկար»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































