ԱՄՆ-ն ֆինանսավորում է քրիստոնեական համայնքների ոչնչացումը
«Միացյալ Նահանգների օգնությունը Իսրայելին ուղղակիորեն նպաստում է քրիստոնյա փոքրամասնությունների դեմ հարձակումներին», – The American Conservative-ում իր հոդվածում նշում է Պագվաշի գիտության և համաշխարհային հարցերի կոնֆերանսների անդամ, Քվինսիի պատասխանատու պետականաշինության ինստիտուտի ոչ ռեզիդենտ գիտաշխատող Էլդար Մամեդովը:
Նրա կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անցյալ շաբաթվա քայլը՝ Ադրբեջանին Աբրահամյան համաձայնագրերին միացնելու ուղղությամբ՝ (նախաձեռնություն, որը միտված է Իսրայելի և մահմեդական երկրների միջև հարաբերությունների նորմալացմանը), անկասկած գոհացրեց որոշ արտաքին քաղաքականության վերնախավերի։ Սակայն պահպանողականների և ռեալիստների համար սա առաջընթաց չէ, այլ՝ վտանգ։
«Իսրայելը և Ադրբեջանը, իհարկե, իրավունք ունեն ռազմավարական դաշինքի, սակայն չկա որևէ պատկերացնելի ամերիկյան շահ, որը կարդարացներ դիվանագիտական ռեսուրսների ու հարկատուների փողերի ներդրումը` ձևավորելու համար մի գործընկերություն, որն առանց Ամերիկայի էլ հիանալի աշխատում է՝ հաճախ անողոք կերպով:
Կարդացեք նաև
ԱՄՆ ներգրավվածությունը միայն օգուտ կբերի երկու կառավարությունների դաշինքին, որոնց հարձակումները հնագույն քրիստոնեական համայնքների դեմ արդեն իսկ սուբսիդավորվում են ամերիկյան օգնությամբ։
Իսրայելի ու Ադրբեջանի դաշինքը նոր չէ։ Ադրբեջանը կիսում է Իսրայելի թշնամանքը Իրանի հանդեպ, մատակարարում է հետախուզական աջակցություն և աշխարհագրական ներկայություն Իրանի սահմաններին, իսկ Իսրայելից գնում է իր բարձր տեխնոլոգիական զենքի մոտ 70 տոկոսը՝ ըստ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի։ Իսրայելը, իր հերթին, նավթային իր պահանջարկի առնվազն 40 տոկոսը բավարարում է Ադրբեջանի շնորհիվ։ Այս տնտեսական կապերը շարունակվել են անգամ Գազայի դեմ Իսրայելի պատերազմների և Իրանի դեմ 12-օրյա պատերազմի ընթացքում։
Դժվար է ասել՝ Ադրբեջանին Աբրահամյան համաձայնագրերում ընդգրկելն ինչ լրացուցիչ արժեք կարող է ունենալ, հաշվի առնելով, որ երկկողմ կապերը վաղուց ստվերում են Իսրայելի կապերը սկզբնական ստորագրողների՝ ԱՄԷ-ի կամ Բահրեյնի հետ», – նշում է փորձագետը։
Ըստ նրա՝ մի բացատրություն կարող է լինել. չհաջողելով Ուկրաինայում կամ Միջին Արևելքում խաղաղություն հաստատելու գործում, Թրամփը սա որպես «հեշտ հաղթանակ» է դիտարկում՝ Սպիտակ տան բեմականացված ձեռքսեղմում Իսրայելի վարչապետ Նեթանյահուի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, ներկայացնելով դա որպես «մահմեդա-հրեական խաղաղության համաձայնագիր»։ Բայց չկա որևէ կենսական ամերիկյան շահ, որը կարդարացներ Ադրբեջանի դիվանագիտական կարգավիճակի բարձրացումը։
Հոդվածում նշվում է. «Երկարամյա դաշնակիցների միջև խաղաղություն հաստատելու անհեթեթությունից անդին, Ամերիկայի համար Ադրբեջանի կարևորությունը երկրորդական է: Նրա էներգետիկ արտահանումները շատ ավելի կարևոր են Եվրոպայի համար, սակայն նույնիսկ այնտեղ Բաքվի գազը կարող է լավագույն դեպքում փոխարինել ռուսական գազի ընդամենը 4 տոկոսին. դժվար թե սա է Բրյուսելի պատկերացրած կենսական նշանակության փրկարար գիծը: Վաշինգտոնում Ադրբեջանի հիմնական գովազդը, որն ուժեղացվել է նեոկոնսերվատիվ իսրայելամետ խմբերի կողմից, դա նրա դերն է՝ որպես հակաիրանական պատնեշ:
Սա գուցե օգտակար է Իսրայելի համար, բայց ԱՄՆ ռազմավարության համար չպետք է կարևորություն ունենա, քանի որ Իրանն Ամերիկայի համար սպառնալիք չի ներկայացնում և պատրաստակամություն է ցուցաբերել ԱՄՆ-ի հետ միջուկային վեճերը դիվանագիտական ճանապարհով լուծելու»։
Փորձագետը կարծում է, որ Իրանի հետ հակամարտության նոր թատերաբեմեր փնտրելը ռազմավարական անփութություն է, փոխարենը ԱՄՆ-ն պետք է դուրս գա Մերձավոր Արևելքի ճահճուտներից և կենտրոնանա Չինաստանի՝ իր միակ մրցակցի վրա։
Իսրայել-Ադրբեջան գործընկերության մարդկային կորուստները, սակայն, իսկապես աններելի են՝ նշում է Մամեդովը և հավելում. «Վերջերս քաղաքական մեկնաբան Անա Կասպարյանը, որն ինքն էլ հայ-ամերիկյան ծագում ունի, Թաքեր Կարլսոնին ասել է, որ Իսրայելը զինել է Ադրբեջանին՝ հայ ժողովրդին Ղարաբաղից «ջնջելու» համար: Նա հղում էր արել Լեռնային Ղարաբաղի շուրջ տասնամյակներ տևած հակամարտությանը: Ադրբեջանի 2023 թվականի հաղթանակից հետո աշխարհն ականատես եղավ զանգվածային արտագաղթի տեսարանների. հայ քրիստոնյաները նախընտրում էին այրել իրենց տները՝ դրանք հանձնելու փոխարեն, հին եկեղեցիները պղծվում էին, և ավելի քան 100,000 մարդ արտագաղթեց ռազմական ճնշման տակ:
Freedom House-ը սա հաստատեց որպես էթնիկ զտում, որը հնարավոր է դարձել Իսրայելի կողմից մատակարարվող անօդաչու թռչող սարքերի և հետախուզական տեխնոլոգիաների շնորհիվ։
Ահա թե որտեղ է ԱՄՆ քաղաքականությունը դառնում մեղսակից. Ամերիկան Իսրայելին տարեկան 3.8 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է ուղարկում՝ փոխըմբռնման հուշագրի համաձայն և Իսրայելին օգնության վրա 17.9 միլիարդ դոլար է ծախսել 2023 թվականի հոկտեմբերից հետո՝ մեկ տարում:
Չնայած ԱՄՆ օրենսդրությունը (մասնավորապես՝ 1992 թվականի «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժինը) սահմանափակում է Ադրբեջանին ուղղակի զենքի վաճառքը (նույնիսկ, եթե նախկին նախագահները, սկսած Ջորջ Բուշ կրտսերից՝ «ահաբեկչության դեմ պատերազմի» համատեքստում հրաժարվել են դրանից), Իսրայելը նման սահմանափակումների առջև կանգնած չէ:
Մինչ ամերիկացիները ֆինանսավորում և զինում են Իսրայելի բանակը, Իսրայելը Ադրբեջանին վաճառում է Harop մահապարտ անօդաչու թռչող սարքեր և Orbiter հետախուզական համակարգեր՝ զենքեր, որոնք օգտագործվել են հայերի դեմ: Իսրայելական Haaretz թերթը նշել է. «Իսրայելի մատնահետքերն են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների վրա»»:
Հոդվածում նշվում է. «Այս սկանդալի խորանալուն նպաստում է ամերիկյան որոշ քրիստոնյա առաջնորդների աջակցությունը: 2019 թվականին հրեա ռաբբի Մարկ Շնայերի գլխավորությամբ ավետարանչական հոգևորականների պատվիրակությունն Ադրբեջան այցելեց՝ Ալիևի հետ «միջկրոնական երկխոսություն» խթանելու համար, չնայած Բաքվի՝ տասնամյակներ շարունակվող, պետականորեն հովանավորվող հայատյաց հռետորաբանությանը: 2025 թվականին՝ էթնիկ զտումներից հետո, ԱՄՆ Քրիստոնյա առաջնորդների կոնգրեսի (ավետարանչական խումբ) նախագահը Դավոսում հանդիպեց Ալիևի հետ:
Նման այցելություններն անխուսափելիորեն հանգեցնում են Ադրբեջանի «հանդուրժողականության» մասին PR հոդվածների՝ նույնիսկ այն դեպքում, երբ նա ծաղրում էր հայերի կոտորածը՝ բացելով (այժմ փակ է) «ռազմավարի պուրակ», որը, ըստ Eurasianet-ի, «սաղավարտների սարսափելի ցուցադրություններ և հայ զինվորների ծաղրանկարային մանեկեններ» էր ներառում»։
Ըստ Մամեդովի՝ այս երեսպաշտությունը չի սահմանափակվում միայն Կովկասով. «2023 թվականին Իսրայելը հարվածեց Սուրբ Պորփյուրի եկեղեցուն, որը քրիստոնեական ամենահին եկեղեցիներից մեկն է՝ սպանելով 18 մարդու։ Անցյալ ամիս Իսրայելը հարձակում գործեց Գազայի միակ կաթոլիկ եկեղեցու վրա՝ սպանելով երեք հոգու և վիրավորելով ծխական քահանային»։
Մամեդովի խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ Ավետարանչական առաջնորդների լռությունը արտացոլում է Գազայում քրիստոնյա զոհերի կապակցությամբ նրանց լռակյացությունը՝ բացահայտելով կրոնական ազատության ընտրովի պաշտպանությունը։
«Իսկական պահպանողականությունը պահանջում է հետևողականություն։ Պահպանողականները հավատում են կրոնական ազատությանը, ֆինանսական պատասխանատվությանը և «Նախևառաջ՝ Ամերիկան» քաղաքականությանը. Իսրայել-Ադրբեջան դաշինքին աջակցելը խախտում է բոլոր երեք սկզբունքներն էլ:
Ադրբեջանին Աբրահամյան համաձայնագրերին ներգրավելը ոչինչ չի լուծի։ Ամերիկան չի կարող պաշտպանել կրոնական ազատությունը՝ անուղղակիորեն ֆինանսավորելով քրիստոնյաների տեղահանությունը։
Դա ռազմավարական առումով կարճատես որոշում է, իսկ նրանց համար, ովքեր գնահատում են բարոյական պարզությունը, նաև՝ քաղաքականապես անհիմն», – հոդվածը եզրափակում է փորձագետը: