Գյումրիի զբոսաշրջային ընկերություններից մեկի հիմնադիր Գոռ Թորոսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ գյումրեցիների համար հանգստի ամենապահանջված ուղղությունը Վրաստանն է, այնուհետ՝ Եգիպտոսը։ Այս տարի ավելացել է ևս մեկը՝ Կիպրոսը։
«Ինչպես անցած տարիներին, այս տարի ևս հիմնականում Վրաստան են գնում՝ ծովային հանգստի։ Սա ունի իր հստակ բացատրությունը, այն բավականին մատչելի է։ Թեև անցած տարիների հետ համեմատ՝ գնային փոփոխություն կա հենց վրացիների կողմից․ մոտ 15-20 տոկոսի չափով թանկացրել են, բայց դարձյալ մնում է մատչելի ուղղություն գյումրեցիների համար, գյումրեցիների գրպանին համապատասխան է և հասու։
Հուլիս-օգոստոս ամիսներին, որը պիկն է համարվում Վրաստանի ծովային հանգստի համար, ամենաթանկ սեզոնն է, մեկ անձի վրա հանգիստը նստում է 80-85 հազարից մինչև 100-120 հազար դրամ։ Դրա մեջ մտնում է և՛ ուղևորափոխադրումը, և՛ հյուրանոցը առաջին գիծ՝ ծովի ափին, և՛ երկուանգամյա սնունդը։
Առաջնայինը Վրաստանն է, հետո՝ Եգիպտոսը որը բավական ակտիվ է ու համեմատած այլ ուղղությունների հետ բավական մատչելի է՝ գին-որակ հարաբերակցությամբ։ Մի խավ ունենք, որ Եգիպտոսը հասու է իրենց։
Կարդացեք նաև
Այս տարի հոսք է նկատվում նաև դեպի Կիպրոս, սա գյումրեցիների համար որոշ առումով կարելի է համարել նոր ուղղություն։ Ճիշտ է՝ Կիպրոս գնացողներ միշտ եղել են, բայց այս տարի հետաքրքրությունն ավելացել է, որը կապված է հեշտությամբ վիզա տրամադրելու ու համեմատաբար ավելի մատչելի տարբերակ լինելու հետ»։
Մեր զրուցակիցը նշում է, որ 120 հազար դրամով, որը գյումրեցիները ծախսում են Վրաստան ծովային հանգստի մեկնելու համար, Հայաստանի որևէ գեղատեսիլ վայրում կհանգստանան 2-3 օր՝ սննդով, կամ գուցե առանց սննդի տարբերակով։ Իսկ եթե հանգիստ լինի սննդով, ապա հյուրանոցը կլինի ցածրակարգ։
Մեր հարցին՝ իսկ Սևանում քանի՞ օր է հնարավոր այդ գումարով հանգստանալ, Գոռ Թորոսյանը կատակում է․ «Կարող են մի օր գնալ-գալ, երկրորդ օրը նորից գնան, գան՝ առանց գիշերակացի, կամ գնան, մի օր գիշերակացով։
Սևանը բավական թանկ ուղղություն է համարվում Հայաստանի բնակչության համար»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ