«Հակադեմփինգային քայլ է, քանի որ եթե հիպոթետիկ գնահատենք, որ ներմուծվողն ավելի էժան կլինի, քան արտադրվողը, պիտի հասկանանք, որ ներմուծման գինն ավելի էժան է պահվում այնքան ժամանակ, քանի դեռ դա նպաստում է տեղի արտադրության ցիկլի դադարեցմանը: Որ պահին դա դադարում է, անմիջապես այդ գինը թանկանում է եւ դառնում է շատ ավելի բարձր, քանի տեղի արտադրողն առաջարկում է շուկային»,- կառավարության նիստի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ սահմանված դրույքաչափն այդ բալանսի ապահովման քայլ է։ Ըստ Մհեր Գրիգորյանի՝ խոսակցություններն այն մասին, որ սա արհեստականորեն թանկացնում է ներմուծվող նման ապրանքի գինը, տեղին չեն։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ներկայացնում էր նախագիծ, ըստ որի ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր մեկ տոննա ներմուծվող մետաղական արտադրանքի համար վերջնական բազային տուրք է սահմանել 29 հազար դրամ, քանի որ Հայաստանում տեղի է ունեցել սեւ եւ գունավոր մետաղի ջարդոնի օգտագործման աճ, ինչին նպաստել է նաեւ ջարդոնի արտահանման արգելքը։ Այդ նախագծով վեց ամիս ժամկետով շարունակվում է տուրքի կիրառումը պատրաստի մետաղական տվյալ ապրանքների ներմուծման վրա։ Խոսքը, մասնավորաբար, մետաղական ամրանների մասին է։ Գեւորգ Պապոյանի ներկայացմամբ՝ տեղական արտադրանքը մրցունակ միջավայր է սահմանել, կառավարությունն էլ այնպիսի տուրք չի դրել, որ ներմուծողները դուրս մնան, այլ առողջ մրցակցության միջավայր են սահմանել, ու դա շինարարության վրա էական ազդեցություն չի ունենա։
«Կառավարությունը գործարան չի բացել, բայց այնպես է արել, որ Հայաստանը ալյումինի մետաղի ջարդոն արտահանող երկրից վերածվել է ալյումինե մարտկոց արտադրող եւ արտահանող երկիր»,- հայտարարեց Գեւորգ Պապոյանը՝ ըստ էության հակադարձելով «Տաշիր» ընկերության սեփականատեր, կալանքի տակ գտնվող Կարեն Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին, ով օրերս հայտարարել էր Վանաձորում արդյունաբերական գործարան կառուցելու մասին։
Մհեր Գրիգորյանն առաջարկեց՝ հաջորդ փուլի համար գնագոյացմամբ արտահանումը խթանել։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Կառավարությունը արտոնություններ սահմանեց նաեւ տեքստիլի արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար։ Ըստ Գեւորգ Պապոյանի՝ իրենց ջանքերը Հայաստանում տեքստիլի արտադրության եւ արտահանման խթանման համար լավ միջավայր են ստեղծել, եւ սա բերել է նրան, որ տեքստիլ արտադրողները հումքի մեծ կարիք ունեն։
Կառավարությունը արտոնություն տվեց Չինաստանից, Հնդկաստանից, ԻԻՀ-ից, Տաջիկստանից, Բանգլադեշից եւ որոշ այլ երկրներից հումքի ներկրման համար, այն պարագայում, եթե արտադրողներըը ՀՀ-ում գործող եւ լիցենզավորում ունեցող բանկերից վարկ վերցնեն։ Դրամային վարկերի ութ տոկոսի պարագայում, կառավարությունը կսուբսիդավորի վարկի վեց տոկոսը։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը համաձայն չէ առաջարկվող մեխանիզմի հետ, կարծում է, որ այն վերահսկելը գործողության մեջ բարդ կլինի, եթե ոչ՝ անհնար։ Կարծում է նաեւ, որ տնտեսվարողները կարող են շեղվել հռչակած նպատակից․ դեմ չէ, տնտեսության զարգացման համար են շեղվելու՝ էժան վարկավորման համատեքստն օգտագործելով, բայց հռչակված նպատակն է՝ թեթեւ արդյունաբերության զարգացումը։ Տվյալ պարագայում, նա ճիշտ չի համարում հումքի ձեռք բերումն ու արտահանումը կապելը, քանի որ Գեւորգ Պապոյանի առաջարկով, սուբսիդավորվելու է նախորդ տարվա արտահանման չափով։ Օրինակ, եթե այդ չափը կազմել է մեկ միլիարդ դրամ, վարկի հենց այդ չափն էլ կսուբսիդավորվի։
Գեւորգ Պապոյանը հստակեցրեց՝ լիզինգի սկզբունքով է մեխանիզմը գործելու, եւ իրենք ամբողջական վերահսկելու են, խնդիր չի առաջանալու, քանի որ կան արտահանման եւ ներմուծման ինվոյսները, որոնք թույլ են տալու պատշաճ վերահսկողություն իրականացնել։
Մանրամասները՝ տեսանյութում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ