Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմության ընթացքում ոչ մի ուժի երբևէ չի հաջողվել ագրեսորի բոլոր պահանջները բավարարելով հասնել խաղաղության. Իշխան Սաղաթելյան

Օգոստոս 07,2025 12:52

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվստահության ձևավորմամբ և մեր տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմամբ շահագրգռված որևէ երկիր պետք է ջանքերն ուղղի Բաքվում պահվող բոլոր գերիների ազատ արձակման, ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման, բռնի տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքն ապահովելու ուղղությամբ:

Հայաստանը բավական ցավոտ և «խիզախ» միակողմանի զիջումներ արդեն արել է, սակայն այդ զիջումները ոչ միայն տարածաշրջանը չեն կայունացրել, այլ էլ ավելի են գրգռել Ադրբեջանի ախորժակը՝ դուռ բացելով նոր պատերազմի համար:

Քանի չեն լուծվել անգամ հումանիտար բնույթի հարցերը, խաղաղության մասին խոսակցությունները ծաղր են հայ ժողովրդի նկատմամբ:

Իհարկե, դուք կարող եք տարբեր հուշագրեր ստորագրել խաղաղության մասին, կարող եք տասնյակ հայտարարություններ անել,  բայց դրանցից և ոչ մեկը խաղաղություն չի բերելու տարածաշրջան:

Պատմության ընթացքում ոչ մի ուժի երբևէ չի հաջողվել ագրեսորի բոլոր պահանջները բավարարելով  հասնել խաղաղության: Այդպիսի քաղաքականությունն, ի վերջո, հանգեցրել է աղետի բոլորի համար:

Մինչ այդ` հերթական անգամ նշեմ, որ այս ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղի են ունենում ժողովրդի թիկունքում և բացառապես մեկ անձի հետ:

Հայաստանում ազդեցություն ունեցող որևէ քաղաքական ուժ, լուրջ հեղինակություն ունեցող որևէ անհատ կամ կառույց չի սատարում այդ պայմանավորվածությունները և օրվա ռեժիմի որդեգրած քաղաքական ուղեգիծը:

Ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար վարչախումբը  ստիպված ամեն անգամ ընդլայնում է ռեպրեսիաների ալիքը, ավելացնում երկրում քաղբանտարկյալների թիվը:

Ուստի արտաքին այն ուժերը, որոնց հույսը Փաշինյանի անվերջ զիջելու մարտավարությունն է, պետք է լավ իմանան, որ անվերջ ռեպրեսիաների միջոցով հանրային դժգոհության ալիքը երկարաժամկետ  զսպել հնարավոր չէ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031