Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանի կալանավորումը քննարկվել է Թրամփի վարչակազմում․ ամերիկյան պարբերական

Օգոստոս 07,2025 13:34

Աշխարհում մտահոգիչ միտում է նկատվում. կառավարությունները քրեական հետապնդման են ենթարկում իրենց քաղաքական ընդդիմախոսներին։

Սակայն ավելի վտանգավոր է, երբ իշխանությունները փորձում են լռեցնել կրոնական կամ քաղաքական տեսակետ ունեցող ընդդիմախոսներին։ Վերջին տարիներին նման նախադեպ եղավ ԱՄՆ-ում, երբ նախագահ Թրամփի դեմ հարուցվեցին չորս քրեական գործեր՝ արդարադատության նախարարության և ընդդիմադիր կուսակցության վերահսկողության տակ գտնվող նահանգային դատախազների կողմից։

Բրազիլիայում նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի դեմ նույնպես քրեական գործեր են հարուցվել։ Ռումինիայում իշխանությունները չեղարկել են ընտրությունները, քանի որ պոպուլիստ թեկնածուն, ըստ անցկացված հարցումների, առաջատար էր։

Այս պահին պակաս հայտնի, բայց ոչ պակաս վտանգավոր օրինակ է տեղի ունենում Հայաստանում։

Հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը ձերբակալվել է, բանտարկվել և մերժվել է նրան գրավով ազատ արձակելու պահանջը։ Ի՞նչ է նրան մեղսագրվում։ Վարչապետի խոսքով՝ նա իշխանափոխության կոչ է արել։ Սակայն իրավիճակի ավելի խորը վերլուծությունը խոսում է այն մասին, որ սա քաղաքական հետապնդում է վարչապետի կողմից։

Ձերբակալությունից առաջ Կարապետյանն ասել էր. «Հայոց հազարամյա պատմությունն ու եկեղեցին մոռացած փոքրիկ խմբակը հարձակվել է եկեղեցու վրա։ Ես միշտ կանգնել եմ Հայ առաքելական եկեղեցու և հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մենք մեր ձևով կմասնակցենք եկեղեցու դեմ տարվող արշավին»։

Վարչապետը հայտարարել է նաև, որ պետք է պետականացնել Կարապետյանի հաջողակ էներգետիկ ընկերությունը՝ «Տաշիր» ընկերությունների խմբի մաս կազմող «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ), չնայած նրան, որ Կարապետյանը որևէ դատական գործընթաց դեռ չի անցել։

ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրը BizPac-ին ասել է. «Թրամփի վարչակազմում արդեն գիտակցում են, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է միայն նրա համար, որ Կարապետյանը ազատ խոսքի միջոցով քննադատել է իշխանությանը և պաշտպանել իր կրոնական համոզմունքները։ Սա նույն տրամաբանության մեջ է, ինչ տեղի ունեցավ ԱՄՆ-ում, երբ Բայդենը քրեական հետապնդում սկսեց Թրամփի դեմ՝ ներկայացնելով դա որպես խռովություն»։

Հայաստանի մի դատավոր վերջերս որոշում է կայացրել, որ Կարապետյանի նկատմամբ իրականացված խուզարկությունը եղել է անօրինական։ Վերլուծաբաններն ասում են, որ սա ևս մեկ ապացույց է, որ Փաշինյանը չարաշահում է իր պաշտոնը՝ լռեցնելու համար իր քննադատներին։

Քաղաքական ռազմավարության մի փորձագետ, ով ցանկացավ անանուն մնալ, BizPac-ին ասել է. «Երբ դատավորն անօրինական է համարում քո խուզարկության հրահանգը, և դու խախտում ես քո իսկ տված խոստումները, արդեն պարզ է դառնում, որ Փաշինյանը չարաշահում է իր լիազորությունները՝ լռեցնելու այնպիսի մարդկանց, ինչպիսին Կարապետյանն է»։

Ըստ հայկական աղբյուրի՝ Փաշինյանի իշխանության կողմից Կարապետյանի նկատմամբ իշխանության չարաշահման դեպքերը հետևյալն են՝
Փաշինյանի հրահանգով ոստիկանները ներխուժել են Կարապետյանի երևանյան բնակարան՝ առգրավելով անորոշ առարկաներ։ Դատավորը հետագայում այդ խուզարկությունը ճանաչել է անօրինական։

Նա կեղծ մեղադրանքներով ուղղորդել է ՀԷՑ-ի մի շարք ղեկավարների ձերբակալությունը, ինչպես նաև Կարապետյանների ընտանիքի անդամներից մեկի կալանավորումը։

Հուլիսի 18-ին Փաշինյանը ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ է նշանակել մի անփորձ անձի, ինչը կարող է հանգեցնել լուրջ ֆինանսական կորուստների, էլեկտրամատակարարման խափանումների և սակագնի բարձրացման։

Կարապետյանները (Սամվել, Էթերի, Սարգիս և Կարեն) և նրանց կիպրոսյան գործընկերը՝ Liormand Holdings Limited, իրենց վեճը փոխանցել են Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտ։ Սակայն այժմ Փաշինյանը հրաժարվում է ընդունել արբիտրաժի որոշումը։

Ուրբաթ օրը սպասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Թրամփի հետ՝ քննարկելու տարածաշրջանում խաղաղության հարցերը։

Ռենե Հեյս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031