Վաղը Վաշինգտոնում կայանալիք ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ բանակցությունների ընթացքում կողմերը խաղաղության շրջանակային փաստաթուղթ կստորագրեն, որն իր մեջ կներառի նաև Հարավային Կովկասով անցնող ռազմավարական հաղորդակցության ուղու զարգացման բացառիկ իրավունքը Միացյալ Նահանգներին հանձնելու դրույթը։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Գործակալության տեղեկություններով՝ ճանապարհը կկոչվի «Միջազգային համագործակցության և խաղաղության Թրամփի ուղի» (Trump Route for International Peace and Prosperity), կրճատ՝ TRIPP:
Պաշտոնյաները նշել են, որ երթուղին կշահագործվի Հայաստանի օրենսդրության համաձայն, և Միացյալ Նահանգները հողը ենթավարձակալության կհանձնի կոնսորցիումին՝ ենթակառուցվածքների և կառավարման համար։ «Առևտրային միջոցներով այս քայլը կբացի տարածաշրջանը և կկանխի հետագա ռազմական գործողությունները», – ասել է պաշտոնյաներից մեկը։
Պաշտոնյաները նշել են, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նաև կստորագրեն փաստաթղթեր, որոնցով կլուծարեն Մինսկի խումբը՝ 1992 թվականին հակամարտության կարգավորման համար միջնորդելու նպատակով ստեղծված կազմակերպություն, որը համանախագահում են Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները։
Կարդացեք նաև
Հայ-ադրբեջանական հարցի շուրջ առաջընթացը սկսվել է մարտ ամսին, երբ ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը այցելել է տարածաշրջան։ Նրա թիմի անդամները հետագայում մի քանի անգամ այցելել են այնտեղ՝ համաձայնագրի կնքմանը նպաստելու համար։
ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կարող է հանգեցնել բանակցությունների Ադրբեջանի՝ Աբրահամյան համաձայնագրերին միանալու վերաբերյալ: