Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար տարակուսելի է՝ ի՞նչ հաշվարկով է Փաշինյանը գնում Մինսկի խմբի լուծարման քայլին․ կամ կլինի խաղաղության պայմանագրի նախաստորագրում, կամ մտադրությունների հուշագիր»․ Արմեն Վարդանյանը՝ Սպիտակ տան հանդիպմանն ընդառաջ

Օգոստոս 07,2025 18:15

«Վաղվա՝ ԱՄՆ-ում հանդիպման ավարտին կարծում եմ խաղաղության պայմանագիր չի լինի․ կամ կլինի խաղաղության պայմանագրի նախաստորագրում, կամ, ամենայն հավանականությամբ, մտադրությունների հուշագիր՝ խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ»,- Aravot.am-ի փաստմանը՝ Reuters-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, նշում է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայանալիք ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ բանակցությունների ընթացքում կողմերը խաղաղության շրջանակային փաստաթուղթ կստորագրեն, որը կներառի նաև Հարավային Կովկասով անցնող ռազմավարական հաղորդակցության ուղու զարգացման բացառիկ իրավունքը Միացյալ Նահանգներին հանձնելու դրույթը, այսպես արձագանքեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Մեր դիտարկմանը՝ ինչպես գրում է «Kyiv Post»-ը , «Համաձայնագրի առանցքը «Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» կոչվող առևտրային և ենթակառուցվածքային նոր նախագիծն է, կրճատ՝ TRIPP։ Այս նորարարական նախաձեռնության նպատակն է լուծել երկու երկրների միջև ամենավիճահարույց հարցը՝ կապը, ուստի TRIPP-ը կստեղծի տարանցիկ ճանապարհ Հայաստանի հարավային տարածքով՝ ապահովելով անկաշկանդ մուտք Ադրբեջանին դեպի Նախիջևան», ավելին՝ արդեն հայտնի է, որ օրակարգային են, օրինակ՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, Մինսկի խմբից դուրս գալու մասին համատեղ նամակի ստորագրումը, և հարցին՝ այս օրակարգով հանդիպումն ավելի շատ ռիսկե՞ր է մեզ համար պարունակում, թե՝ հնարավորություններ, Արմեն Վարդանյանը պատասխանեց․ «Վտանգներ շատ չեմ տեսնում, բայց ինձ համար տարակուսելի է Մինսկի խմբի լուծարման մասին այդ համատեղ կոչը։ Չգիտեմ՝ ինչ հաշվարկով է Փաշինյանը գնում այդ քայլին, բայց դա, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ։ Նախ Մինսկի խումբը մենք չենք ստեղծել՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը, դա ստեղծվել է ղարաբաղյան հակամարտության լուծման համար, երկրորդ՝ Ադրբեջանը ՀՀ-ի սահմանադրության փոփոխությունը՝ որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է դիտարկում։ Այնպես որ, չգիտեմ՝ ինչ հաշվարկով է Փաշինյանը գնում այս քայլին»։

Տարածաշրջանային կապուղիների, ճանապարհների ապաշրջափակման մասով քաղաքագետը կարծում է՝ վտանգավոր բան չկա․ «Միջանցքն այն տեսքով, որ ուզում էին ՌԴ-ն, Թուրքիան և Ադրբեջանը, այլևս դա չի էլ քննարկվում, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետով նախատեսված տարբերակը միջանցք էր, որը խախտելու էր ՀՀ-ի ինքնիշխանությունը, որը նաև հնարավոր է՝ ՀՀ-ն կտրեր Իրանից։ Այդ տարբերակը չի քննարկվում։ Քննարկվում է ՀՀ-ի տարածքով անցնող ճանապարհի հարցը, որը լիարժեք լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո, բայց ինչ-ինչ ծառայություններ՝ անձնագրի ստուգում և այլն, կարող են արտապատվիրակվել ամերիկյան ընկերությանը, որտեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Այդ ընկերությունը ողջ տեղեկությունը փոխանցելու է հայկական կողմին»։

Մեր այն դիտարկմանը՝ բայց կա անվտանգության հարց, քանի որ Թրամփի TRIPP նախագիծը պաշտպանական, ռազմական նախագիծ չէ, որ անվտանգության երաշխիք տա, հետևաբար ի՞նչ անվտանգային երաշխիքներով է ՀՀ-ն գնում խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Արմեն Վարդանյանը պատասխանեց․ «Անվտանգության երաշխիքը ՀՀ-ի բանակն է, որը հիմա էլ կանգնած է։ Եվ տեսնում ենք, որ Ադրբեջանը չի համարձակվում հարձակվել Սյունիքի վրա՝ չնայած շատերն այդպիսի կանխատեսումներ էին անում։ Բացի այդ նաև միջազգային հանրության տված երաշխիքներն են, որ ՀՀ տարածքի վրա ագրեսիան ծանր հետևանքներ է ունենալու Ադրբեջանի համար։ Այդպիսի երաշխիք տրվել է ՀՀ-ին 2022-ին՝ Պրահայում։ Այդքան քարկոծված պրահյան հայտարարությամբ Արևմուտքն ասել է, որ ՀՀ-ի տարածքն իր համար կարմիր գիծ է, և եթե ՀՀ-ի նկատմամբ ագրեսիա լինի, և Ադրբեջանը ուժով  փորձի լուծել միջանցքի հարցը, դա Ադրբեջանի համար ծանր հետևանք է ունենալու։ Դրանից հետո տեսնում ենք, որ դա աշխատում է․ Ադրբեջանը երեք տարվա ընթացքում երբեք չի փորձել ռազմական ճանապարհով գնալ միջանցքի բացմանը։ Մեկ-երկու սահմանային միջադեպեր են տեղի ունեցել, բայց դա չի կարելի ագրեսիա համարել։ Այնպես որ, ՀՀ-ին տրվել են այդ երաշխիքները, նոր չպիտի տրվեն։ Այդ մասին ասել են և′ Ալիևին, և′ նաև ՀՀ-ին, որ ՀՀ-ի 29․800 քմ-ը արևմուտքի համար կարմիր գիծ է»։

Մեր հարցին՝ ռիսկային չէ՞ ստորագրել խաղաղության պայմանագիր՝ առանց գերիների ազատ արձակման, քանի որ Վաշինգտոնում կայանալիք հանդիպման օրակարգում այդ հարցը չկա, քաղաքագետը պատասխանեց․ «Քանի որ, ըստ ամենայնի, վերջնական խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու, կարծում եմ՝ դա հետագա բանակցությունների առարկա կլինի։ Ինչքան գիտեմ՝ գերիների հարցը հայկական կողմը Վաշինգտոնում բարձրացնելու է։ Չգիտեմ՝ արդյունքը ինչ կլինի։ Քանի դեռ գերիները չեն վերադարձվել, նաև Արցախի հայության արժանապատիվ վերադարձի հարցը չի լուծվել, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի կարող լինել, և եթե լինի էլ, մեր շահերին դեմ կլինի։ Քանի որ, կարծես թե, այս պահին այդ հարցը չի քննարկվում, կողմերը միջանկյալ տարբերակ են գտել՝ կամ կնախաստորագրվի այդ պայմանագիրը, որը իրավական առումով որևէ լուրջ հետևանք չի ունենա, կամ էլ մտադրությունների հուշագիր կստորագրվի, որ կողմերը ցանկանում են լուծել հակամարտությունը, պարտավորվում են լուծել այն և այլն։ Ես էլ եմ կարծում, որ այդ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։ Այս տարբերակը կարծես թե երեք կողմերի համար էլ ընդունելի է։ Թրամփը կարող է օգտագործել այն իր PR արշավի համար։ Ինքը հիմա խաղաղարար է ներկայանում՝ մի շարք հակամարտություններ լուծող, սա էլ կարող է օգտագործել՝ որպես հաջողության պատմություն։ Նաև բացի դրանից այս նախաստորագրումը կամ մտադրությունների հուշագրի ստորագրումը կարող է հիմք դառնալ պայմանագրի վերջնական ստորագրման համար։ ՀՀ-ին նախաստորագրումը կամ հուշագիրը ստորագրման մտադրության մասին, պետք է, որ առաջիկայում պատերազմ չլինի»։ Հարցին՝ բայց արդյոք դա երաշխի՞ք է, Արմեն Վարդանյանն այսպես արձագանքեց․ «Երաշխիք երբեք չկա։ Ադրբեջանին էլ է ձեռնտու նախաստորագրումը, քանի որ այդ քայլով կփորձի իր վրա եղած ճնշումները ժամանակավորապես գոնե մեղմել, որովհետև ամերիկյան կողմից Ադրբեջանի վրա ճնշումներ կան, որ նա գնա խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման, իսկ ինչպես արդեն մի քանի անգամ ասել եմ՝ Ալիևը չի ուզում վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրել, դրա համար էլ միջանկյալ տարբերակն իր համար էլ կլինի ձեռնտու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031