Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր տեսակն իրավունք չունենք կորցնելու. Մայիս Մխիթարյան

Օգոստոս 07,2025 21:05

Aravot.am-ը նոր շարք է սկսում. հանրության շրջանում հարգանք վայելող եւ տարբեր ոլորտների հայտնի գործիչների հետ հարցազրույցներում անդրադառնալու ենք ինքնությանն ու ազգային ուղեցույցներին, կրթությանն ու եկեղեցուն, ինչպես նաւ հանրային համերաշխությանը:

Շարքի առաջին հյուրը ճանաչված գեղանկարիչ Մայիս Մխիթարյանն է:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել տիրոջը, որ մենք այդպիսի զավակներ ունենք՝ ինչպես Նարեկացին, Կոմիտասը, Փարաջանովը, Վիկտոր Համբարձումյանը…մյուսները…Իրենք կարող էին ծնվել որպես այլ ազգի զավակներ, բայց սա պարգեւ է մեր ազգին, որ նման հայ զավակներ ունենք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է ճանաչված գեղանկարիչ Մայիս Մխիթարյանը՝ խոսելով հայի ինքնության, ընդհանրապես ինքնության առանցքների, ինքնության կառուցման մեջ Հայ Առաքելական եկեղեցու դերակատարության ու գեղեցիկի մասին:

«Եթե մենք Նարեկացի ենք կրում մեր մեջ, կարողանում ենք նստել մոլբերտի առաջ կամ ջութակ նվագել ու միեւնույն ժամանակ գրկել տիեզերքը, այդ դեպքում տեսնում ենք, որ ոչ թե հատուկ ենք նկարում, որ հայ լինելը շեշտվի, այլ անկախ մեզանից ինքնագիտակցաբար եւ ոչ ինքնագիտակցաբար փոխանցում ենք այն էներգիան, որը մեզ է փոխանցվել դարերով, քանի որ մենք միայն այս օրով հայ չենք»,-ասում է վարպետը:

Գեղանկարիչի ձեւակերպմամբ, հայի ինքնությունը լեզվի, հավատի ու մշակույթի մեջ է, ինչն ինքնին գեղեցիկ է: «Մենք այբուբեն ունենք, գիր ու գրականություն ունենք, ո՞ւմ շնորհիվ է…հոգեւոր հայրերի… Մենք պետք է տեր կանգնենք այն ամենին, ինչն ի վերուստ է մեզ տրվել, չէ որ դրանով ենք մենք առաջնորդվում ու կրում մեր մեջ լույսը»,-ասում է Մայիս Մխիթարյանը:

«Մենք մեր տեսակն իրավունք չունենք կորցնելու, բոլոր ազգերն էլ ընտրված են, բայց մեր ազգը առաքելություն ունի, քանի որ Արարատ լեռը, որ կնոջ կուրծք է հիշեցնում, սնում է տիեզերքը, հայությանն ու մարդկությանը, իմիջիայլոց չի այստեղ, Նոյն իմիջիայլոց չի իջել այստեղ, իմիջիայլոց չի, որ տեր ասաց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այստեղ պետք է լինի…Այս ամենով ենք մենք տարբերվում»,-ընդգծում է արվեստագետը:

Վարպետի արվեստանոցը նրա գունեղ արքայությունն է, ստեղծագործությունները՝ նրա բացառիկության վավերագրերը, որոնք որքան երկրային են, նույնքան էլ հոգեւոր ու տիեզերական:

 Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031