Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ն իրականում ի՞նչ դեր է խաղալու այս գործընթացում»․ Վիգեն Հակոբյան

Օգոստոս 08,2025 15:33

Ներկայիս միջազգային իրավունքի եւ միջազգային հարաբերությունների պարագայում, ինչ-որ փաստաթուղթ ստորագրելը, դեռեւս չի նշանակում, որ դրանում համաձայնեցված կետերը անպայման կյանքի կկոչվեն․ այս կարծիքին է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Ամեն դեպքում, «Հայելի» մամուլի ակումբում նա անդրադարձավ այսօր կայանալիք Փաշինյան-Թրամփ-Ալիեւ հանդիպմանը  եւ դրա հնարավոր հետեւանքներին` մամուլում առկա արտահոսքերի համատեքստում, ասելով, որ բացի առկա բոլոր վտանգներից, ինչի մասին խոսվում է արդեն երկու օր, Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի ստորագրումը, այն պահից, երբ կսկսվի փաստաթղթի կիրառությունն ապահովել, Հայաստանը դարձնելու է միջազգային խաղացողների, հակամարտող ուժային կենտրոնների թատերաբեմ։

«Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներն ուղղակիորեն ասում են, որ ցանկացած միջոցով կփորձեն իրավիճակն իրենց համար կրիտիկականի չհասցնել։ Ես, օրինակ համարում եմ, որ եթե այդ փաստաթուղթը ստորագրվի եւ կիրարկման փուլ մտնի, ապա Հայաստանը արժանանալու է Սիրիայի ճակատագրին։ Ավելին, որպես այս ամենի հետեւանք, Հայաստանին սպառնում է նաեւ կիպրոսացման վտանգը․ ինչպես Կիպրոսում կա հունական եւ թուրքական մասեր, այդպես էլ Հայաստանը՝ շատ կարճ ժամանակում կտրոհվի։ Ֆորմալ առումով, քարտեզի վրա կլինի Հայաստան, փաստացի, Հայաստանի մի մասը կլինի թուրքական կամ ադրբեջանական Հայաստան»,- ասաց Վիգեն Հակոբյանը՝ վերջնական վերլուծությունների համար հորդորելով, ամեն դեպքում, սպասել ՀՀ իշխանության կողմից հրապարակվելիք պաշտոնական հայտարարություններին։

Քաղտեխնոլոգը տարակուսած է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից, որ Հայաստանը եւ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր են ստորագրելու, քանի որ մամուլում հայտնված արտահոսքերում այդ մասին խոսք չկա։

Ինչ վերաբերվում է հնարավոր համաձայնություններին՝ դատելով առկա արտահոսքերից, բանախոսը եզրակացնում է՝ խոսք է գնում Հայաստանի ինքնիշխան տարածքից ռազմավարական նշանակության մի հատվածի մասին, որը ինչպես էլ կոչվի՝ «Զանգեզուրի միջանցք»՝ ինչպես թուրք-ադրբեջանական կողմն է ցանկանում, կամ «Թրամփի խաղաղության ուղի»՝ ինչպես ամերիկացիներն են անվանում, բովանդակային առումով նույնն է․ «Ասում են՝ «անխոչընդոտ ճանապարհ է լինելու»․ եթե դա քաղաքական լեզվից թարգմանենք մարդկային լեզվի՝ դա նշանակում է այն, ինչը որ ասում էր Ալիեւը՝ «մենք չենք ուզում, որ հայ սահմանապահի կամ հայ մաքսավորի երես տեսնի Ադրբեջանի քաղաքացին»։

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ, եթե հայ սահմանապահները, մաքսավորները որեւէ հատվածում չեն վերահսկելու, դա արդեն դառնում է միջանցք․ «Էքստերիտորյալ տարածք, որը չի վերահսկվում տվյալ պետության՝ ՀՀ-ի կողմից»։ Ամեն դեպքում՝ «արտահոսքերի դոզաների կամաց-կամաց ավելացումից», բանախոսը ենթադրում է, որ հենց միջազնցքի մասին է խոսքը։

Իր դիտարկմամբ, «ականջ շոյող է» ԱՄՆ-ի ներկայությունը, որ նաեւ երաշխավորի դեր կարող է ստանձնել, բայց հարցն այն է, թե գործընթացի «քավոր» եւ գործընթացից իր օգուտը քամող ԱՄՆ նախագահն արդյո՞ք թե՛ խաղաղության պայմանագիր-համաձայնագրի, թե՛ ճանապարհների ապաշարջափակման հարցով երաշխավոր է հանդես գալիս, քանի որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի ուժային բալանսը 44-օրյա պատերազմում Հայաստանի խայտառակ պարտությունից հետո, խախտվել է։

Վիգեն Հակոբյանն, օրինակ, այս օրերին չի հանդիպել ԱՄՆ որեւէ պաշտոնյայի ուղիղ խոսքի, որ ԱՄՆ-ը երաշխավորություն է ստանձնում․ «Հարց է առաջանում՝ ԱՄՆ-ն իրականում ի՞նչ դեր է խաղալու այս գործընթացում։ Սա Թրամփի P՞R-ն է, իբրեւ համաշխարհային խաղաղասեր, թե՞ լրացուցիչ լծակ է Թրամփի համար՝ ուկրաինական սցենարում  Պուտինի վրա ազդելու, մանավանդ, որ հայ-ադրբեջանական թեման հայտնվեց ԱՄՆ նախագահի օրակարգում, երբ նա հայտարարեց, որ հիասթափված է Պուտինից՝ մեկ օրում ուկրաինական պատերազմը չավարտելու համար»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031