Նոր պատմություն ենք գրում ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջպետական հարաբերություններում․ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ իր համար մեծ պատիվ համարելով ԱՄՆ նախագահի կողմից այդ պատմական արարողությանը հրավիրված լինելը։
«Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ մենք սկսում ենք ռազմավարական գործընկերության ուղի։ Ռազմավարական գործընկերության մասին գլուխը կմշակվի մի քանի ամիսների ընթացքում եւ դա պատմական նվաճում է Ադրբեջանի համար, քանի որ ռազմավարական գործընկերության ձեւաչափ ունենալ աշխարհի ամենաուժեղ երկրի հետ՝ շատ լավ հնարավորություն է եւ կարեւոր պատասխանատվություն»,- ասաց Իլհամ Ալիեւը։
ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության ձեւաչափը ընդգրկում է, իր բնութագրմամբ՝ կարեւոր ոլորտներ՝ փոխադարձ ներդրումներ, առեւտուր էներգետիկա, տարանցիկ անցում, պաշտպանության ոլորտում վաճառք, ահաբեկչության դեմ պայքար, արհեստական բանականություն։
Ալիեւն իր երախտապարտությունը հայտնեց ԱՄՆ նախագահին, ով այսօր հանել է Ադրբեջանի նկատմամբ դեռ 1992 թվականին կիրառված սահմանափակումները։
Կարդացեք նաև
Ալիեւը նաեւ դրվատանքի խոսք ասաց Դոնալդ Թրամփի եւ նրա թիմի մասին, ով մի քանի ամսում նախ Ասիայում, ապա Աֆրիկայում, հիմա էլ Հարավային Կովկասում կարողացել է հակամարտություններին վերջ տալ․ «Բաներ, որոնց մենք 30 տարուց ավել չէինք կարողանում հասնել․ ստիպված էինք կյանքեր զոհաբերել, կռվել, բազմաթիվ պատերազմներ՝ շատ վատ բաներով»։
Նա հայտարարեց՝ այսօր պատմական օր է, նախագահ Թրամփը խաղաղություն է բերում Հարավային Կովկասին։ Համոզված է՝ Հայաստանն ու Ադրբեջանը քաջություն կգտնեն շրջելու հակամարտության եւ արյունահեղության էջը, ժողովուրդները կհաշտվեն՝ պայծառ ապագա բերելով երեխաներին։
«Ուժեղ է եւ խելացի»․ սա էլ Դոնալդ Թրամփի բնութագրումն է Իլհամ Ալիեւին՝ այն բանից հետո, երբ իմացավ, որ վերջինս 22 տարի է պաշտոնավորում։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ