Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ Հայաստանի կապիտուլյացիայի և հայկական Արցախի հանձնման, ըստ էության, եռակողմ վավերացումը․ Մերի Հարությունյան

Օգոստոս 09,2025 10:13

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Տեղի ունեցավ Հայաստանի կապիտուլյացիայի և հայկական Արցախի հանձնման, ըստ էության, եռակողմ վավերացումը:

Ճռճռան խոսքեր, փոխադարձ գովասանք, Ադրբեջանի (Թուրքիայի) և ԱՄՆ-ի համար մի քանի կետերով՝ տնտեսական, քաղաքական, ռազմական շահերի հստակ ամրագրում՝ որոշակի պայմանավորվածությունների շրջանակներում, որոնց մասին հայտարարվեց: Իսկ հայկական կողմի շահերն անտեսվեցին այնպես, ինչպես արցախցիների վերադարձի մասին լրագրողի անպատասխան թողնված հարցը:

Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքների վերադարձի մասին ոչ մի խոսք, Բաքվում հայ գերիների ու պատանդների վերադարձի մասին ոչ մի խոսք, Արցախի պատմամշակութային կոթողների ոչնչացման դեմն առնելու մասին ոչ մի խոսք և հանձնառություն, Սյունիքով խայտառակ գործարքի՝ թուրքական մեծ երազանքի իրականացման պարագայում ՀՀ ինքնիշխանության երաշխավորման, անվտանգության ապահովման, ՀՀ-ի համար տնտեսական շահավետության մասին ոչ մի խոսք…

Ի՞նչ է շահում այս ամենից Հայաստանը, ի՞նչ:

Այսպիսի խաղաղություն ստանալը ոչնչով չի տարբերվում ստրուկին չսպանելու դիմաց նրան հավերժ շահագործելու խոստումը որպես հումանիզմի բարձրագույն դրսևորում ներկայացնելուց:

Հրճվեք, հոգով ստրուկնե՛ր, ձեզ նետված ոսկորից:

Ինչպես Վազգենն էր ասում՝ դուք մեռոնին թույն կխառնեք.

«Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու ձեր գանգը: Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում…

«Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ հող չէ: Մեղրին քո տան դուռն է, հայ: Մեղրին քո հացի մայան է: Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա: Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիցդ: Քանի բանալի կար կախված 1915 թվից: Քանիսը կորավ: Քանիսը մնաց: Իսկ դռները՝ բաց… Տանը հայ չկա: Թուրք-մուրք չգիտեմ, պատերազմ-մատերազմ չգիտեմ՝ համաշխարհային-մամաշխարհային՝ արդարացում հնարեցինք, թիկունքում պահվեցինք, որ չխոստովանենք՝ 1915 թ. առաջ ու հետո ու հիմա տեր չէինք, չեղանք, տեր չենք դառնում մեր տանը: Մենք վախենում ենք մեր ուժից: Մեզ վարժեցրել են ուրիշի ուժին: Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ:
Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես:
Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու ձեր գանգը: Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում:

Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը: Ես ձեզ չեմ հասկանում: Ես ձեզնից վախենում եմ, դուք կգնաք ու ձեր զավակների վզից կկախեք Մեղրիի ձեր տան բանալիները, լաց կլինեք, կենաց կխմեք ու կսատկեք կարոտից, բայց զենք չեք վերցնի:
Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք…»։

Վազգեն Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031