«Ես ասել եմ արդեն, որ չկա այդպիսի բանակցություն, որտեղ մենք այդ թեման՝ Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների թեման չենք բարձրացնում։ Հարցի զգայունությունը հաշվի առնելով՝ այս հարցին կպատասխանեմ համառոտ․ այդ թեման քննարկվել և բարձրացվել է բարձրագույն մակարդակով»,-Aravot.am-ի հարցին՝ Սպիտակ տանը կայացած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման ժամանակ նրանց հետ խոսե՞լ եք Բաքվում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների մասին, եթե խոսել եք, ի՞նչ պայմանավորվածություն կամ ակնկալվող արդյունք կա, հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այլ մանրամասների մեջ չմտնելով և պատճառաբանելով, իր բնորոշմամբ, նաև նախորդ շրջանի իր փորձը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Այդ քննարկումների արդյունքների մասին էլ ձեռնպահ կմնամ որևէ բան ասել․ քանի դեռ արդյունք չկա, ուրեմն, ցավոք, արդյունք չկա, քանի դեռ տեղի չի ունեցել այն, ինչ մենք սպասում ենք, ուրեմն, ցավոք, արդյունք չկա։ Իսկ որ մենք բարձրագույն մակարդակում այդ հարցերը բարձրացրել ենք, բարձրացնում ենք և կբարձրացնենք, ակնհայտ է։ Մենք պետք է հասկանանք, որ այդ հարցերը՝ հումանիտար հարցերը, առանձին վերցված լուծում չունեն, քանի որ այդ առաջընթացը՝ այս պատմական առաջընթացը, որը մենք արձանագրում ենք, հենց դա է բերում խնդիրների՝ այդ թվում հումանիտար խնդիրների լուծմանը, որոնք պարզ է, ունեն բարդություններ։ Եթե բարդություններ չունենային, վաղուց լուծված կլինեին։ Ես պատասխանատու ասում եմ՝ բարձրագույն մակարդակով է այդ հարցը քննարկվել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության