Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս փաստաթղթի ստորագրումից արդյոք չի՞ բխում Սյունիքի մարզի՝ վարձով տրամադրումը»․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը հարցին

Օգոստոս 09,2025 11:24

«Ուղղակի ուզում եմ հասկանալ՝ այդ ձևակերպումները որտեղի՞ց են ծնվում։ Հարցում ասվում է՝ Սյունիքի մարզը վարձով տալ։ Ախր հասկանո՞ւմ եք՝ էդպիսի բան ո՞նց կարող է որևէ մեկի մտքով անցնել։ Վարձով տարածք տալու մասին խոսք լինել չի կարող»,- Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցված հարցին՝ այս հռչակագրի ստորագրումից արդյոք չի՞ բխում «Սյունիքի մարզի՝ վարձով տրամադրումը ԱՄՆ-ին» և մտահոգություն չունե՞ք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման դեպքում այն կվերածվի Իրանի վրա հարձակման ելակետի, այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա վստահեցրեց՝ Սյունիքի մարզը եղել ու կշարունակի մնալ ՀՀ-ի մաս․ «Ես կարծում եմ՝ նաև այդ հարցն ընդհանրապես փակվեց ստորագրված հռչակագրով։ Երկկողմ արձանագրեցինք, որ մենք միմյանցից տարածքային նկրտումներ չենք ունենալու։ Ռազմական հենակետ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ․ այս նախագիծն ուժային, ռազմական բաղադրիչ չունի և խոսք լինել պարզապես չի կարող։ Պետք չէ ստեղծել խոսույթներ, որոնք չկան։ Եթե մենք գնանք կռահումների կամ ենթադրությունների հետևից, ամեն ինչ կարելի է ասել, ամեն վարկած կարելի է առաջ քաշել, բա ի՞նչ անենք այս վիճակում․ պետք է հենվել նրա վրա, ինչ գրված է, ստորագրված է և հիմա արդեն հրապարակված է»։

Հարցին՝ եթե Ադրբեջանը ստանում է անցում ՀՀ-ի տարածքով, ի՞նչ երաշխիքներ կան, որ ՀՀ-ն կստանա նույնպիսի հնարավորություն Ադրբեջանի տարածքով անցնելու համար, կարո՞ղ եք հավաստիացնել, որ փաստաթղթում չի նշվելու Ադրբեջանի համար որևէ արտոնյալ միջանցքային ռեժիմ, Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց․ «Ուզում եմ ուշադրություն հրավիրել փոխադարձության սկզբունքի վրա։ Նույնիսկ այդ սկզբունքով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը չեն կարող խախտվել։ Ինչպե՞ս կարող էի ես ոչ միայն ստորագրել, այլև տեղի ունեցածը համարել հաջողություն, եթե տեղի ունենար այն միտքը կամ այնտեղ տեղ գտներ այն միտքը, որը հարցի ձևով փորձ է արվում մատուցել։ Դա պարզապես որևէ միտք չունի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031