«Ինչ է նշանակում՝ ո՞վ է ապահովում անվտանգությունը. Հայաստանում անվտանգություն ապահովում է ՀՀ-ն, Ադրբեջանում անվտանգություն ապահովում է Ադրբեջանը»,-հարցին՝ ինչպե՞ս է ապահովվելու Ադրբեջանի տարածքով անցնող հայերի անվտանգությունը, Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա փաստեց՝ ՀՀ ամբողջ տարածքում գործում են ՀՀ օրենքները․ սա շատ հստակ է, ինքնիշխանությունը և իրավազորությունը, տարածքային ամբողջականությունն այդ են նշանակում․ «Եվ սա շատ կարևոր արձանագրում է։ Լինելու են ներդրողներ և ներդրումային ընկերություններ, բայց դրանք կարող են ունենալ պահնորդական ծառայություններ, այնպիսիք, որ այսօր ՀՀ-ի հազարավոր ընկերություններ ունեն։ Դա որևէ կերպ չի սահմանափակում ՀՀ-ի ոստիկանության, ԱԱԾ-ի, դատաիրավական համակարգի լիազորություններն ու գործունեությունը։ Ներդրողներն ուզում են ներդրումային որոշակի երաշխիքներ։ ԱՄՆ-ի ներկայությունը և նախագահ Թրամփի անունը այդ երաշխիքներից է։ ԱՄՆ նախագահը նաև մեծ փորձառությամբ և հաջողակ գործարար է, այդ անունը, այդ բրենդը նաև ներդրումային որոշակի վստահություն է հաղորդում։ Այստեղ է, որ մեր շահագրգռվածությունն է։ Մենք ուզում ենք, որ այդ անվան ներկայությունը ՀՀ-ում ավելի մեծ վստահություն տա պոտենցիալ ներդրողներին։ Ներդրումային բոլոր վարկանիշները հենց հիմա են աճում։ Մենք հիմա այս փուլում այն, ինչ այդ հռչակագրով հրապարակել ենք, դա է, այնպես չէ, որ մենք արդեն ունենք ուրիշ պայմանավորվածություններ։ Մենք չենք հասել այդ թեմաներին, բայց անկախ նրանից, թե ինչ պայմանավորվածություն, ինչ բանաձևերի շուրջ մենք կգանք կոնսենսուսի, բոլոր բանաձևերը պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների ներքո»։
Հարցին՝ հաղորդակցությունների բացման շուրջ համաձայնության համատեքստում ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանից Նախիջևան ուղևորափոխադրումները, արդյոք անձանց տվյալները հասանելի՞ են լինելու ՀՀ պետական մարմիններին, սահմանապահներին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Իրավիճակը ճիշտ հասկանալու համար պետք է ոչ թե կռահումներ անենք, այլ հենվենք այն փաստաթղթերի վրա, որոնք ստորագրված են։ Նախագծի հետ կապված որևէ այլ փաստաթուղթ կամ պայմանավորվածություն գոյություն չունի»։
Կարդացեք նաև
Հղում կատարելով Սպիտակ տանը ստորագրված հռչակագրի 3-րդ կետին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Հետագայում ինչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում, և փոխադարձությունը պետք է աշխատի։ Մենք այս փուլում չենք մտել դետալների մեջ և ճիշտ ենք արել, որովհետև դետալները կախված են գլոբալ հարցերի նկատմամբ վերաբերմունքից։ Իսկ դրանց ոչ միայն անդրադարձել ենք, այլև համաձայնեցրել և ստորագրել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության