«Եթե իսկապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվելու է տեւական խաղաղություն, այդ դեպքում ընդհանրապես կարիք չկար որեւէ ճանապարհի, միջանցքի մասին համաձայնագիր ստորագրել, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսպես թե այնպես բոլոր ճանապարհները պիտի բացվեն: Ընդ որում, անգամ քննարկելի չէ, որ դրանք պետք է լինեն յուրաքանչյուրի ինքնիշխանության շրջանակներում»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:
«Եթե, այնուամենայնիվ, հատուկ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվում ճանապարհի, դրա վերահսկողության մասին, միջանցքի մասին, դա նշանակում է, որ խաղաղություն չի հաստատվելու, դրա համար էլ ստորագրվում է այդպիսի փաստաթուղթ, որպեսզի մինչեւ խաղաղություն հաստատելը, որը հայտնի չէ, թե երբ կլինի, այդ ճանապարհները բացվեն: Ես ինքս այդ համաձայնագրերը դիտարկում եմ ոչ թե խաղաղության մասին, այլ այն մասին, որ միեւնույն է՝ խաղաղություն չի լինելու, բերեք այնպես անենք, որ ճանապարհների բացումը դրան չխանգարի»,- հավելեց քաղաքական վերլուծաբանը:
Մեր հարցին, եթե Հայաստանի Հանրապետության 43 կմ տարածքի նկատմամբ Ամերիկային տալիս է բացառիկ իրավունքներ, ու Ալիեւը մեզ հետ ստորագրում է այդ մասին փաստաթուղթը, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ալիեւը այդտեղ փայատեր է, Արմեն Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Չեմ կարծում, թե փայատեր է, բայց շահառու է… Իսկ ինչու է Ադրբեջանը նույնպես մասնակցել ստորագրմանը, որովհետեւ այնտեղ հատուկ շեշտվում է, որ խոսքը ներքին փոխադրումների մասին է, այդ թվում նաեւ Ադրբեջանից Ադրբեջան, այսինքն՝ Նախիջեւանից Ադրբեջան եւ Հայաստանից Հայաստան, այսինքն՝ Երասխից՝ Մեղրի: Քանի որ տրամաբանությունը դա պետք է լիներ, եւ Նիկոլ Փաշինյանն անընդհատ շեշտում է փոխադարձության սկզբունքը, չնայած փաստաթղթերում ես այդպիսի սկզբունք չտեսա, դրա համար էլ Ադրբեջանը նույնպես մասնակցում է, առավել եւս, որ դա ներկայացնում է որպես խաղաղության հաստատման մի կարեւոր բաղադրիչ, այդ ուղղությամբ կատարվելիք մի կարեւոր քայլ»:
Հարցրինք նաեւ՝ իսկ ճանապարհի կառավարումը 99 տարով ԱՄՆ-ին հանձնելը չի՞ նշանակում գաղութացում, հատկապես, որ նման բազմաթիվ օրինակներ կան, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. « Իհարկե… Տեսեք ԱՄՆ քաղաքականությունն ինչպիսին է. որտեղ ինչ-որ արժեքավոր բան է տեսնում, ուզում է անպայման վերցնել, օրինակ փորձում է Պանամայի ջրանցքը վերցնել, Գազայի հատվածում ինչ-որ բան կառուցել, իսկ մեր տարածաշրջանում ամենաարժեքավոր պատառը ԱՄՆ-ը համարում է Հայաստանի տարանցիկ հնարավորությունները եւ փորձում է ճանկել այդ յուղոտ պատառը, խոսքը կլինի 99 տարով վարձակալության մասին, թե այլ ժամանակով:
Կարդացեք նաև
Պետք է հասկանալ մի բան՝ նրանք մտադիր չեն վերադարձնել դա, ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը մտադիր չէ այդպես հեշտությամբ հանձնվել: Ես կարծում եմ, որ այս հարցի վերաբերյալ աղմուկը դեռ պիտի լսվի, որովհետեւ պետք չէ մտածել, որ Ռուսաստանը հեշտությամբ վայր դրեց իր զենքերը: Իմ կարծիքով, Ռուսաստանը բացահայտ կամ ծածուկ մեթոդներով փորձելու է դիմակայել այդ ամենին…նույնն էլ Իրանը:
Վերջին 200 տարում Հարավային Կովկասը եղել Ռուսաստանի ազդեցության գոտի, իսկ Ռուսաստանը դա հենց այնպես չի նվաճել, ձեռք է բերել մի քանի արյունալի պատերազմների միջոցով, ուստի չեմ կարծում, թե Ռուսաստանն առանց արյուն թափելու՝ հեշտությամբ համակերպվելու է դրա հետ»:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ լավ, ի վերջո ինչ է շահում Հայաստանը՝ վաշինգտոնյան ստորագրման արդյունքում, ինչը տարփողում են ՔՊ-ականներն ու նրանց քարոզչական թեզերը տարածողները: «Հայաստանը որեւէ առարկայական բան, բնականաբար, չշահեց: Միակ բանը, որ կարելի է ենթադրել, այն է, որ միջանցքի՝ ռազմական ճանապարհով բացվելու սպառնալիքը ժամանակավորապես նվազեց, որովհետեւ խաղաղության համաձայնագիրը ստորագրված չէ, Ադրբեջանը իր որեւէ պահանջից, հավակնությունից չի հրաժարվել, օրինակ, փախստականների վերադարձից, հսկայական փոխհատուցում պահանջելուց:
Ու քանի դեռ ստորագրված չէ Խաղաղության համաձայնագիրը, հայտնի էլ չէ՝ կստորագրվի, թե ոչ, բոլորը հիմիկվանից փորձում են իրենց ստանալիքը ստանալ: Ադրբեջանը ստացավ անխոչընդոտ ուղի, Մինսկի խմբի լուծարում, այսինքն Ղարաբաղյան խնդրի վերջնական փակում, ԱՄՆ-ը ստացավ ճանապարհ Ռուսաստանի վերահսկողությունից դուրս՝ համենայն դեպս փաստաթղթի վրա, Հայաստանը ստացավ ռազմական ագրեսիայի հնարավորության նվազում՝ կարճ ժամանակով, եւ ոչ մի նյութական: Եթե հաշվի առնենք, որ խոսքը Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մասին է, որտեղ տեղակայված են ռուսական զորքեր, եւ զորքերի դուրսբերման մասին առայժմ որեւէ խոսք չկա, ես չեմ պատկերացնում թե գետնի վրա ինչպես է լինելու ամերիկյան միջանցք՝ ռուսական զորքերի ներկայությամբ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ